ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած` «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ անելու հարցը:
Հիմնական զեկուցող` էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ լրացումները սահմանում են ոսկու շուկայում վաճառողների հարկման մեխանիզմները, որոնք անջատվելու են շրջանառության հարկից: Ոսկու շուկան ազատված է ԱԱՀ-ից, սակայն ոլորտը խնդրահարույց է, և առաջարկվում է ոչ ստանդարտ լուծում:
Կառավարության ներկայացուցիչները եղել են ոսկու բոլոր շուկաներում և եկել են այն համոզման, որ օրենքի լրացումները ընդունելի կլինեն, մասնավորապես` ոսկու մեկ վաճառատեղիի համար 0,7 գծամետր, 0,5 քառակուսի մետր, 35 հազար դրամ ամսական վճարով: «Բոլոր վաճառողներն առաջարկում էին, որ փաստաթղթավորումը բավական խնդրահարույց է, և որ իրենք ազատվեն վարչարարական գործոններից: Բացի այդ` մարզկենտրոններում սահմանվում են ավելի ցածր դրույքաչափեր, Երևանի ներսում էլ կլինի գոտիավորում»,- ասաց նախարարը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց նրան, որը վերաբերում էր հանրային քննարկումներին: Պատգամավորը կարևորեց հանրային քննարկումները և այն, որ դա ներկայացված լինի ամփոփաթերթում: Պատգամավորը հարցրեց` արդյո՞ք դա նոր հարկատեսակ չէ այդ գործունեության համար, կարո՞ղ են այդ գործունեությունն իրականացնող սուբյեկտները ոչ թե արտոնագրային վճարով առաջնորդվել, այլ ստանդարտ հարկային դաշտով, շահութահարկի համակարգով: Նաև` 35 հազար դրամ վճար կարո՞ղ է սուբյեկտի գործունեության դադարեցման պատճառ դառնալ:
Նախարարը նշեց, որ կառավարությունը չի անում որևէ քայլ, որը կնպաստի տնտեսվարողի գործունեության դադարեցմանը, և որ հաշվարկը կատարված է ամսական մինիմալ եկամուտների պարագայում, հակառակ դեպքում` բիզնեսը դառնում է ոչ ողջամիտ: Ըստ նրա` ոչ միայն ՀԿ-ների, այլ նաև առանձին աշխատողների հետ է անցկացվել քննարկում: Կարեն Ճշմարիտյանը ընդգծեց, որ այն նոր հարկատեսակ չի դառնա:
Արծվիկ Մինասյանն իր ելույթում ասաց, որ քննարկվող օրինագիծը կարևոր է այնքանով, որ տվյալ ոլորտում աշխատող մարդիկ սպասելիքներ ունեն: Նա կարևորեց կամավորության սկզբունքը նախագծում, որովհետև քաղաքացին է ընտրում հարկային դաշտը կամ իրեն ձեռնտու հարկային մեխանիզմը: