Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Արագածոտնի մարզի Արագած` նախկին Ղազնաֆար գյուղը Երեւանից 45-50 կիլոմետր է հեռու ընդամենը: Սակայն Արագածի փեշին ծվարած այս գյուղում առհասարակ մոռանում ես քաղաքի գոյության մասին. այստեղ չափազանց լուռ է ու խաղաղ: Այդ խաղաղությունը, սակայն, խիստ հարաբերական է դառնում ընտրությունների շրջանում: Այստեղ ցանկացած ընտրական գործընթաց` լինի գյուղապետի ընտրություն, թե խորհրդարանական ու նախագահական, բուռն է անցնում:
Նախագահական ընտրություններից հետո` 2008-ին, մի օր դարձյալ այս գյուղում էի: Այդ ընթացքում Արագածն այնքան էր քաղաքականացվել, որ անգամ նոր ծնված կենդանիներին այստեղ քաղաքական ուժերի անուններով էին անվանակոչել: Այս այցելությանս ընթացքում որոշեցի այցելել «Հանրապետական» անունով հորթուկին, որն իմ կարծիքով՝ արդեն հասուն կով դարձած պիտի լիներ: Բայց, ցավոք, պարզեցի` Հանրապետականը սատկել էր: Ակամա հիշեցի նրա տիրոջ խոսքերը, ով նորածին հորթին հենց այս կուսակցության անունն էր տվել, որ նրա նման «պարարտ լինի ու կաթնատու»... չեղավ:
Վերջերս այս գյուղում գյուղապետի ընտրություն էր տեղի ունեցել՝ դարձյալ բուռն: Արդեն 13 տարվա գյուղապետ Գագիկ Պողոսյանը վերընտրվել էր չնչին առավելությամբ: Պարտված թեկնածուն` 28-ամյա Գագիկը Մելքոնյանն էլ դիմել է դատարան` ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Նա պնդում էր, թե Գագիկ Պողոսյանը ահաբեկումներով ու կեղծիքներով է ընտրվել:
«Ինձ համար էլ անսպասելի էր, որ այդքան ձայներ հավաքեց, եւ, բնականաբար, քիչ տարբերությամբ պարտվողը մի քիչ դժվարությամբ է համակերպվում, բայց նրանք սպասվածից էլ վատ արձագանքեցին»,- պատմում է Գագիկ Պողոսյանը` իր հերթին մեղադրելով հակառակ կողմին` «մարդկային նորմերից դուրս քայլերով» ինչ-որ բանի հասնելու փորձերի համար:
Ցանկանում եմ զբոսնել գյուղում, հասկանալ, թե ինչո՞վ է ապրում գյուղացին, ի՞նչ հոգսեր ունի: Այստեղ, պարզվում է, նույնիսկ հոգսերին են հումորով վերաբերվում եւ սիրում են հենց իրենց` ապարանցիների մասին անեկդոտներ պատմել: Ցանկացած տուն, որ մտնում եմ, անպայման փորձում են հյուրասիրել, հարցուփորձ անել: Այստեղ սիրում են գյուղը, հողը, իրենց բնությունը, այստեղ ապրող մարդկանց, որոնք ապագայի հանդեպ մեծ հավատ ունեն, ինչը ժողովրդի տեսակով են պայմանավորում:
«Իսկ խնդիրներ չունե՞ք»,- զարմանում եմ: «Շա~տ»՝ լինում է պատասխանը, ինչին հաջորդում է խնդիրների մի ամբողջ շարանի թվարկում: «Գյուղում գազ կա, բայց տների մեծ մասը գազիֆիկացված չի, ջրերի ներքին ցանցի վիճակը վատ ա, դպրոցի շենքային վիճակն անմխիթար ա, ջեռուցում չկա, սալյարկի փեչերով են ջեռուցում, էս ո՞ր դարն ա»,- ասում է գյուղացի Սարիբեկ Մկրտչյանը, բայց զարմանում է, երբ հարցնում եմ, թե արտագաղթելու մասին չի՞ մտածում, պատասխանում է կտրուկ ու չոր` «չեմ գնացել, գնալու միտք էլ չունեմ»:
Այնուհանդերձ, գյուղից արտագնա աշխատանքի մեկնողները քիչ չեն: Գյուղապետի խոսքերով` վերջին տասնամյակի ընթացքում 600 հոգի են մեկնել գյուղից, եւ նրանց մեծ մասը չի վերադարձել: Վերադարձել է, բայց նորից գնալու ցանկություն ունի գյուղի բնակիչ Վաչիկը: «Քաղաքում երկու ուսանող պահելը հեշտ չի, իսկ գյուղում աշխատատեղ չկա»,- պատճառաբանում է նա:
Գյուղում նախկինում գործում էր «Արագած» գործարանը, որն աշխատանքով էր ապահովում ինչպես այս գյուղի, այնպես էլ շրջակա գյուղերի բազմաթիվ բնակիչների: Հետագայում այս հսկայական գործարանում քարի մշակման արտադրամաս սկսեց գործել, իսկ այժմ դա էլ չկա: Գյուղացու հիմնական ապրուստի միջոցը «Ապարանի սրսուռ կարտոլի» ու կաղամբի մարգերն են, իսկ հույսը` Աստված, որ կարկուտ ու ցրտահարություն չլինի:
Գյուղը շրջիկ շուկա էլ ունի: Դրանով Սլավիկն է զբաղվում, ով Արարատյան դաշտից Արագած միրգ ու բանջարեղեն է հասցնում` «քաղաքից ավելի էժան գներով» ու «նիսիայով» վաճառում: «Ցուցակս ցույց տա՞մ: Ամեն գալուց մոտ 80 հազարի ապրանք եմ նիսիայով տալիս: Կարտոշկի, մալինայի սեզոնին կտան էլի, փող էլ չունենան՝ պանիր կտան, ուրիշ բան կփոխանակեն»,- ասում է Սլավիկն ու կշռում «նիսիայով» լոլիկի հերթական չափաբաժինը:
Արդեն 40 օր է՝ հեղեղն ավերել է դեպի Արագածի 400 հա խոտհարքը տանող չորս կամուրջները: Գյուղացիները չեն կարողանում խոտը հնձել, իսկ անցնող յուրաքանչյուր օրը «խոտի որակն ավելի է գցում»: «Ասում են՝ բարձր լեռնային գյուղերին ուշադրություն են դարձնում, ո՞ւր ա»,- ասում է գյուղացին:
Ինչեւէ, գյուղում դրական տեղաշարժ էլ կա: Արդեն ինտերնետ ունեն, գործում է գյուղի կայքէջը, որում գյուղի անցուդարձի մասին է` վաճառվող հողամասից մինչեւ գրական-գեղարվեստական միջոցառումներ, որոնք այնքան էլ քիչ չեն: Իսկ գյուղապետը հպարտանում է` գյուղում իր ղեկավարման տարիներին արվեստի դպրոց է կառուցվել:
Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ