Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարոտ Սասունյան / Տիգրանակերտ (Դիարբեքիր)
Ինչպես հայտնի է, մենք՝ հայերս, ի տարբերություն մյուս երկրների, Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշում ենք հունվարի 6-ին։ Տեղյակ եմ, որ դա կրոնական և օրացուցային տարբերությամբ է պայմանավորված։ Մեր ապրած հայկական տարածքներում ո՛չ հիմա, ո՛չ էլ 2000 տարի առաջ եղջերուների կողմից քաշվող սահնակ չի եղել, իսկ սահնակով իջնող Ձմեռ պապ ընդհանրապես չի հանդիպել։ Ակնհայտ է, որ այդ մշակույթը պատկանում է սկանդինավյան երկրներին կամ հյուսիսային ժողովուրդներին, որոնք բեռ փոխադրելու համար օգտագործում էին եղջերուներին։
Մեր բնակավայրերում գրեթե չեն հանդիպում նաև եղևնիներ։ Մենք (նկատի ունի Սասունի և Դիարբեքիրի հայությանը-Ակունքի խմբ․) չունենք տոնածառ զարդարելու սովորույթ։ Այո՛, մենք՝ հայերս, նշում ենք Ամանորը։ Մենք Ձմեռ պապի փոխարեն ունեինք Կաղանդ պապ։ Այդ առանձնահատուկ օրը յուրահատուկ միջոցառումներ էին տեղի ունենում։ Եւ պետք է տեղի ունենան։ Մենք պետք է այդ հատուկ օրը մեր սեփական սովորույթներով և ավանդույթներով տոնենք՝ հակառակ մյուս երկրների։ Կարծում եմ, որ մեր մշակույթը չկորցնելու համար ամենաճիշտը կլինի այս տոնը մեր իմացած ձևով նշել։
Այսօր դարձյալ այդ հատուկ և գեղեցիկ օրերից մեկն է, այսինքն՝ տոն է։ Եւ մենք՝ Դիարբեքիրում ապրող հայերս, երկար տարիներ անց ապրում ենք այս տոնը մեր եկեղեցում և քահանաների աղոթքների հնչյունների ուղեկցությամբ նշելու ուրախությունը։
Քանի որ մեր եկեղեցին մինչ այդ վնասված էր, ստիպված էինք լինում տոնակատարությունները սրճարանի կամ ռեստորանի նման վայրերում անել։ 2012 թ․ վերականգնված ու վերաբացված Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին թուրքական պետական զինված ուժերի և քուրդ գրոհայինների ընդհարումներից հետո վերստին ավիրվել էր և նորից վերանորոգվել ու վերաբացվել 2022 թ․ մայիսին։ Սակայն թուրքական պետությունը, ոչ պաշտոնական պատճառներից ելնելով, այս եկեղեցում ոչ մի հոգևորական չի նշանակել։ Կամ էլ ոչ ոք չի ցանկանում այստեղ գալ։
Այս տարվա հունվարի 6-ին անմիջապես հաջորդած առաջին կիրակի օրը Կ․Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից ուղարկված հոգևոր հայրերի կողմից պատարագի արարողություն կատարվեց։ Պատարագին մասնակցեցին Դիարբեքիրում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներ և իսլամացված հայեր, ինչպես նաև՝ քրդեր։ Բացի այդ, արարողությանը ներկա գտնվեցին նաև որոշ պետական այրեր և կուսակցությունների ներկայացուցիչներ։
Մենք՝ այստեղ ապրող հայերս, ուրախացանք, որ հնարավորություն ունեցանք այս տոնը մեր եկեղեցում և մեր տերհայրերի օրհնությամբ նշել։ Սակայն հարկ է հավելել՝ շատ տխուր ենք, որ Արցախում արդեն 30 օր է, ինչ շրջափակման մեջ գտնվող 120 հազար մեր ազգակիցները դատապարտված են ցրտահարության և սովի։ Այս տոնը նվիրելով Արցախի բնակչության ազատությանը՝ շնորհավորում ենք նաև այնտեղի հայության տոնը։
Հղում եմ հարգանքներիս հավաստիքը։
Թուրքերենից թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net