կարևոր
5809 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-26 12:37
Քաղաքական

Պարսից ծոցի հայ համայնքները և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները (հայացք Երևանից)

Պարսից ծոցի հայ համայնքները և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները (հայացք Երևանից)

Պարսից ծոցի արաբական միապետությունների և տեղի քրիստոնյա, այդ թվում՝ հայ համայնքների ուսումնասիրությունը քաղաքական և գիտական առումներով շատ կարևոր է ոչ միայն մերձավորարևելյան ուսումնասիրությունների, այլև Հայաստանի ազգային անվտանգության շահերի տեսանկյունից։ Նախ՝ այն պատճառով, որ տարածաշրջանի պետությունների հետ Հայաստանն ունի սերտացող հարաբերություններ, իսկ վերջիններս միջազգային բարձր վարկանիշ ունեն։ Հայաստանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Քուվեյթի և Կատարի հետ կնքել է բազմակողմ համագործակցության մի շարք պայմանագրեր, որոնք, սակայն, դեռ լիարժեքորեն գործնական դաշտ չեն տեղափոխվել ներքին ու արտաքին առանձին գործոնների ու խոչընդոտների պատճառով։ Դրանք կապ ունեն տրանսպորտային ուղիների ոլորտում առկա դժվարությունների, Հայաստանում գերատեսչությունների՝ շատ դեպքերում ոչ ճկուն ու դանդաղկոտ գործունեության, Հայաստանում մի շարք կարևոր խնդիրների վերաբերյալ ռազմավարական ծրագրերի բացակայության, որոշ դեպքերում ոչ պրոֆեսիոնալ կադրերի ներգրավման, զբոսաշրջության ոլորտում առկա համակարգային խնդիրների, Մերձավոր Արևելքի շատ երկրների՝ Հայաստան մուտքի արտոնագիր ստանալու դժվարությունների, տարածաշրջանում Հայաստանի արտաքին PR-ի՝ ինչ-որ իմաստով ձախողման և այլևայլ հարցերի հետ։ Հայ համայնքներին տեղերում շատ լավ են ճանաչում, իսկ ահա Հայաստանը ճանաչելիության խնդիր ունի։ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր ժամանակներում այցելել են Պարսից ծոցի տարածաշրջան (ՀՀ նախագահների այցը Արաբական Միացյալ Էմիրություններ 2007 թ․ և 2016 թ․, ՀՀ վարչապետի այցը Կատար 2022 թ․ և այլն), սակայն մինչ օրս այդ երկրամասից նման մակարդակի բարձրաստիճան պաշտոնյաների այց Հայաստան չի եղել։ Փոխարենը եղել են առանձին պաշտոնատար անձանց այցեր, ինչպես, օրինակ, ԱՄԷ-ի Բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի էմիր Սուլթան բին Մուհամմադ ալ-Կասեմիի այցը Երևան 2005 թ․։ Իսկ ահա 2013 թ․ վերջինիս բարերարությամբ հիմնանորոգվեց և հանդիսավորությամբ բացվեց Հաղարծինի վանական համալիրը։

Փաստ է, որ Հայաստանն իրեն պետք է ավելի ինքնավստահ զգա այս տարածաշրջանում, քանի որ Մերձավոր Արևելքի անվտանգային, աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և պատմաաշխարհագրական համակարգի մի մասն է, և, բացի այդ, Պարսից ծոցի առանձին երկրներում, հատկապես Արաբական Միացյալ Էմիրություններում և Քուվեյթում, կան հայ համայնքներ, իսկ մնացած պետություններում (Բահրեյն, Կատար, Սաուդյան Արաբիա և Օման) կա հայկական ներկայություն, ինչը կարող է կամրջի դեր կատարել հայ-արաբական հարաբերություններում։ Հոդվածում փորձել ենք քննարկման առարկա դարձնել մի կողմից՝ Պարսից ծոցի տարածաշրջանին վերաբերող աշխարհաքաղաքական առանձին իրողություններ, մյուս կողմից՝ Սաուդյան Արաբիայի և Հայաստանի հարաբերություններն ու Պարսից ծոցի հայ համայնքները՝ հասկանալու տարածաշրջանի կարևորությունը Հայաստանի համար։

Պարսից ծոցի տարածաշրջանը միջազգային գործընթացների դիտանկյունից Արաբական գարնան համատեքստում

Վերջին տասնամյակների ընթացքում, հատկապես Սառը պատերազմի ավարտից հետո, իսկ ավելի ստույգ՝ Արաբական գարնան դեպքերից ի վեր, Պարսից ծոցի արաբական միապետություններն աստիճանաբար վերածվեցին աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առումներով միջազգային հանգուցային դերակատարների։ Հատկանշական է, որ 2011 թ․ Արաբական գարնան դեպքերի շրջանում, երբ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ազգային անվտանգության համակարգը փլուզվում էր, արաբ երկարամյա շատ ու շատ առաջնորդներ հրաժարական էին տալիս կամ հեռացվում իշխանությունից, Պարսից ծոցի արաբական միապետությունները, չնայած ավտորիտար և պահպանողական քաղաքական համակարգի առկայությանը, կարողացան հաջողությամբ դիմագրավել ազգային անվտանգության դեմ ուղղված մարտահրավերներին և հաղթահարել ճգնաժամը թե՛ սեփական երկրներում, թե՛ իրենց երկրամասում։ Արաբական առանձին պետություններ, որոնք նախկինում կարևոր դերակատարություն ունեին տարածաշրջանային գործընթացներում, ինչպես, օրինակ, Եգիպտոսը, սկսեցին կենտրոնանալ ներքաղաքական և համակարգային խնդիրների հաղթահարման վրա՝ ճանապարհ հարթելով այլ, առաջին հերթին՝ Պարսից ծոցի պետությունների ակտիվացման համար։ Արաբական գարնան դեպքերի շրջանում աշխարհաքաղաքական նոր դերակատարություն ստանձնեց Թուրքիան, որը Կատարի հետ միասին վերջին շրջանում լայնորեն աջակցում էր «Մուսուլման եղբայրներ» շարժմանը Եգիպտոսում, Սիրիայում, Լիբիայում և այլ շրջաններում՝ նրանց տեղերում պատեհ պահի իշխանության բերելու նպատակով։ Թուրքիան այդպիսով ոչ միայն ուղիղ կերպով սկսեց միջամտել հարևան երկրների ներքին գործերին, այլև խթանում էր հակակառավարական ռազմական և քաղաքական ընդդիմադիր շարժումները՝ առաջ բերելով արաբական մի շարք պետությունների և հասարակությունների փլուզումը։ Սիրիայում Թուրքիան լուրջ ջանքեր ներդրեց Սիրիայի քրդերի՝ անկախությանը միտված քայլերը ջլատելու համար և, օգտվելով առիթից, վերջին տարիների ընթացքում օկուպացրեց Սիրիայի հյուսիսային շրջանները՝ ստեղծելով բուֆերային գոտիներ՝ համարելով, որ դա բխում է Թուրքիայի ազգային շահերից և խորքային պետության սկզբունքային գաղափարներից։ Արաբական գարնան մեկնարկից հետո աշխարհաքաղաքական ակտիվություն ցուցաբերեց նաև Իրանը, որը 1979 թ․ իսլամական հեղափոխությունից հետո լարված հարաբերություններ ուներ Պարսից ծոցի միապետությունների հետ։ Վերջիններս համարում էին, որ Իրանը շարունակաբար շահարկում է շիայական գործոնը, միջամտում հարևան պետությունների ներքին գործերին, թշնամական քայլեր անում՝ Պարսից ծոցի արաբական միապետություններում ապրող շիայական համայնքները դարձնելով «հինգերորդ շարասյուն»։ 2003 թ․ ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժումից և Իրաքում Սադդամ Հուսեյնի կամ սուննի իշխանության տապալումից հետո Իրաքում իշխանության եկան շիաները, որոնք սկսեցին նոր որակի հարաբերություններ կառուցել Իրանի հետ։ Արաբական գարնան գործընթացներին ընդառաջ Իրանն ակտիվացրեց իր վերահսկողության տակ գտնվող պրոքսիների ռազմաքաղաքական գործունեությունը։ Իրանը մեծապես շահագրգռված էր Թեհրան-Բաղդադ-Դամասկոս-«Հեզբոլլահ» կապի անխափանությամբ։

Սաուդյան Արաբիան՝ տարածաշրջանային խաղացող

Վերը նշված գործընթացները, հատկապես շիայական գործոնի և «Մուսուլման եղբայրների» ակտիվացումը, մեծ տագնապ առաջ բերեցին Սաուդյան Արաբիայում և դաշնակից պետություններում։ Ծոցի արաբական միապետություններն այս շրջափուլում աշխարհաքաղաքական բացառիկ ակտիվություն հանդես բերեցին՝ ոչ միայն կանխելու ազգային անվտանգության դեմ ուղղված մարտահրավերները, այլև վերարժևորելու իրենց դերը։ Գործընթացների առանցքում իսլամի հայրենիքը համարվող Սաուդյան Արաբիան էր, որը տասնամյակներ ի վեր սուննի իսլամի ամենապահպանողական ուղղություններից մեկի՝ վահաբականության արտահանողն էր աշխարհի տարբեր անկյուններ։ Թագավորությունը աշխարհի ամենահարուստ երկրներից է՝ ածխաջրածնային ռեսուրսների և մասնավորապես նավթի պաշարներով, որոնց վաճառքից գոյացած հսկայական կապիտալի շնորհիվ սաուդյան միապետությունը բավական ազդեցիկ դիրքեր ունի նաև միջազգային հարաբերությունների համակարգում: Սաուդյան Արաբիայի տարածքում է գտնվում ամբողջ աշխարհի նավթի պաշարների մոտ 16-17 տոկոսը: Միապետությունը աշխարհի խոշորագույն երկրներից է՝ նավթի պաշարներով․ երկրորդն է Վենեսուելայից հետո: Ըստ ՕՊԵԿ-ի 2019 թ. տվյալների՝ Սաուդյան Արաբիայի տարածքում ավելի քան 258 մլրդ բարել նավթ կա:

Արաբական գարնան սկզբում Սաուդյան Արաբիայում ձևավորվեցին անհնազանդության և բարեփոխումների պահանջով հանդես եկող կրոնաքաղաքական և քաղաքացիական առանձին շրջանակներ։ Զուգահեռաբար երկրի արևելյան՝ շիայական շրջաններում թափ առան անհնազանդության ակցիաները՝ շիաների իրավունքները հարգելու կոչերով։ Թվում էր, թե շատ շուտով սաուդական թագավորական ընտանիքը կկործանվի, սակայն նրան հաջողվեց հաղթահարել ճգնաժամը ոչ այնքան քաղաքական բարեփոխումների, որքան սոցիալական ծրագրերի և անվտանգային կոշտ միջոցառումների շնորհիվ, ինչի ապացույցը շիա խարիզմատիկ գործիչ Նիմր ալ-Նիմրի մահապատիժն էր 2015 թ․ հունվարի 2-ին։ Հընթացս՝ 2011 թ․ մարտին, Սաուդյան Արաբիան ռազմական աջակցություն ցույց տվեց Բահրեյնի իշխող ընտանիքին՝ պահպանելու իշխանությունը և ճնշելու շիաների քաղաքացիական հուզումները։ Փաստացիորեն Սաուդյան Արաբիան դարձավ Պարսից ծոցի ազգային անվտանգության երաշխավորը։ Հատկանշական է, որ տարածաշրջանային հանգուցային կազմակերպությունները՝ Արաբական պետությունների լիգան, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը, որտեղ Սաուդյան Արաբիան ազդեցիկ լծակներ ունի թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական և թե՛ վարչական առումներով, դարձան Ռիադի և դաշնակիցների ազգային հետաքրքրությունները պաշտպանելու գործիքակազմը։ Նշված կազմակերպություններն ի զորու չեղան ինքնուրույն և անկախ կեցվածք ընդունելու Արաբական գարնան շրջանում։ Ասվածի ապացույցն է այն փաստը, որ, օրինակ, Սիրիան, լինելով արաբական ընտանիքի անքակտելի անդամը, 2011 թ․ նոյեմբերին վտարվեց Արաբական պետությունների լիգայից, իսկ 2012 թ․ օգոստոսին՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունից։

Նշենք, որ Սիրիայի նկատմամբ նման մոտեցումն աննախադեպ չէր. 1979 թ․ Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար «արաբական ընտանիքից» վտարվեց Եգիպտոսը, որը վերականգնվեց միայն 1989 թ․։ Իսկ ահա ներկայումս Իսրայելի հետ ամենասերտ համագործակցությունն արաբական աշխարհում ունեն հենց Պարսից ծոցի միապետությունները, որոնք Իսրայելի հետ համագործակցում են ամենատարբեր, բայց նաև անվտանգային ոլորտում՝ համարելով դա Պարսից ծոցի ամենակարևոր խնդիրը։

Սեփական երկրում և հարևանության շրջանում ներքաղաքական լարվածությունը հաղթահարելուց հետո Սաուդյան Արաբիան Արաբական գարնան գործընթացների ծիրում արաբական մի շարք երկրներում մի կողմից հակազդեցություն ցույց տվեց «Մուսուլման եղբայրներ» շարժմանը, մյուս կողմից աջակցություն ցուցաբերեց սալաֆիական ուղղվածությամբ ռազմաքաղաքական խմբերի, իսկ որոշ դեպքերում՝ անդրկրոնական ընդդիմադիր շրջանակների՝ պայքարելու արաբական առանձին վարչակարգերի դեմ, այդ թվում՝ Սիրիայում։ 2015 թ․ Սաուդյան Արաբիան դաշնակիցների հետ ներգրավվեց Եմենում Իրանի կողմից հովանավորվող շիա հուսիներին ճնշելու ռազմական գործողություններում, հակամարտություն, որը մինչ օրս չի հանգուցալուծվել։

Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականությանը հակոտնյա հավակնություններ ուներ գաճաճ պետություն համարվող Կատարը, որը գազի պաշարներով աշխարհում երրորդն է. տիրապետում է համաշխարհային գազային պաշարների 14 տոկոսին։ Բազմաթիվ վերլուծություններ և փաստական նյութեր ապացուցում են, որ կատարական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունն իր ֆաբրիկացված կամ փաստացի հաղորդումներով ծառայել է ոգեշնչելու «արաբական փողոցին», լուսաբանել է հեղափոխություններն ու հակակառավարական գործընթացները որպես համակիր՝ դառնալով Արաբական գարնան տեղեկատվական հարթակը։ Մյուս կողմից՝ կատարական վերլուծական կենտրոնները, ըստ առանձին տեղեկությունների, ընդգրկված են եղել հեղափոխությունների մշակման և նախապատրաստման ծրագրերում՝ ամերիկյան համագործակցությամբ։ Կատարը, որը, ի դեպ, նույնպես վահաբական կողմնորոշում ունեցող պետություն է, հետևողականորեն աջակցել է «Մուսուլման եղբայրներ» կրոնաքաղաքական շարժմանը՝ առճակատման մեջ մտնելով Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Եգիպտոսի հետ։ Երկու երկրների միջև աճող հակասությունների պայմաններում հետագայում՝ 2017 թ․ հունիսին, Պարսից ծոցի միապետությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ։ Դոհային ներկայացվեց 13-կետանոց վերջնագիր, որը վերաբերում էր պետության արտաքին քաղաքական ուղենիշներին, «Մուսուլման եղբայրներ» շարժմանն աջակցելուն, Թուրքիայի և Իրանի հետ համագործակցությանը, «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը և առնչակից այլ հարցերի։ Մինչ օրս Դոհայի և կողմերի միջև խնդիրը նույնպես հաղթահարված չէ։

Այսպիսով, եթե Սառը պատերազմի շրջանում տարածաշրջանի հարցերը մեծ մասամբ կարգավորվում էին գերտերությունների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կողմից, ապա դրա ավարտից հետո տարածաշրջանի երկրները հայտ ներկայացրին ինքնուրույն կարգավորելու եղած խնդիրներն ու հակասությունները։ Որպես արդյունք՝ ազդեցության համար սուր մրցակցություն սկսվեց։ Հատկանշական է, որ Պարսից ծոցի առաջնորդներն իրավամբ բնութագրվեցին որպես «ուժեղների իշխանություն» («strongman»), որոնք տիրապետում են «փափուկ» և «կոշտ» ուժերի գործիքակազմին։ Մշակված ռազմավարության և անհրաժեշտ գործիքակազմերի օգնությամբ Պարսից ծոցի միապետությունները, առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիան, իրենց վճռական ազդեցությունն ունեցան միջազգային և տարածաշրջանային վերաձևումների հարցում։

Չնայած ԱՄՆ-ն Սառը պատերազմի ավարտից հետո տարիներ շարունակ իմիտացիոն կերպով խոսում էր Մերձավոր Արևելքի ժողովրդավարացման հեռանկարից, Պարսից ծոցի երկրները, որ աչքի են ընկնում միապետական քաղաքական համակարգով և ռազմավարական սերտ համագործակցության մեջ են նույն ԱՄՆ-ի հետ, նաև Վաշինգտոնի աջակցությամբ կարողացան հաղթահարել մարտահրավերները։ Պարսից ծոցի արաբական միապետություններն աչքի են ընկնում քաղաքակրթական, քաղաքական-պետական և հասարակական յուրահատուկ կառուցվածքով, որտեղ միահյուսված են մի կողմից՝ արդիականությունը, մյուս կողմից՝ պահպանողականությունն ու կրոնական ընկալումները, որոնք բացառիկ կարևոր նշանակություն ունեն։ Թագավորական ընտանիքների կործանումն իսկապես կարող էր մեծ վակուում առաջացնել տարածաշրջանում՝ հանգեցնելով աղետի։

Սաուդյան Արաբիա-Հայաստան հարաբերությունների
առեղծվածը

Հայաստանը շուրջ երեք տասնամյակ է, ինչ դիվանագիտական հարաբերություններ չունի Սաուդյան Արաբիայի հետ։ Այս խնդիրը,՝ որպես առաջնահերթություն, ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում է։ Կասկածից վեր է, որ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ոչ միայն կարևոր է Հայաստանի համար, այլև անհրաժեշտ է երկրի արտաքին անվտանգության և ազգային շահերի տեսանկյունից: Չնայած նրան, որ Հայաստանի անկախացումից հետո Սաուդյան Արաբիան հայտարարում էր, որ Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի պատերազմով և Ադրբեջանի՝ որպես մուսուլմանական պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրամայականով (մասնավորապես, 2009 թ. ապրիլին նման հայտարարություն է արել Ադրբեջանում Սաուդյան Արաբիայի դեսպան Ֆահդ բին Ալի ալ-Դուսերին), երկկողմ հարաբերություններում որոշակի ձնհալ սկսվեց մի քանի տարի առաջ, երբ կողմերը սկսեցին շնորհավորել միմյանց պետական տոների առթիվ։ Բացի այդ՝ տեղի ունեցավ մի հետաքրքիր դեպք. 2019 թ․ ապրիլի 9-ին Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպան Ուալիդ Բուխարին այցելեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարան և հանդիպում ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Սաուդյան Արաբիայի դեսպանը հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Սաուդյան Արաբիայի ու Հայաստանի հարաբերությունների հնարավոր ջերմացումն ու միջպետական կապերի սերտացումը կարող են միանգամայն շահեկան լինել Հայաստանի համար, ինչի շնորհիվ պաշտոնական Երևանը կընդլայնի իր աշխարհաքաղաքականությունը Մերձավոր Արևելքում` հնարավորություն ունենալով հակազդելու Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերին, որոնք ուղղված են Հայաստանի մեկուսացմանն իսլամական աշխարհում, ինչպես նաև Հայաստանի վարկանիշի անկմանը։ Հայտնի է, որ շուրջ երեք տասնամյակ է, ինչ Իսլամական համագործակցության կազմակերպությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանին սատարող և Հայաստանին ամենակոշտ հռետորաբանությամբ քննադատող դիրքորոշում է որդեգրել՝ հիմնվելով իսլամական համերաշխության գաղափարի վրա։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1994 թ․ կազմակերպությանը մեղադրել է միակողմանի և ոչ անաչառ կողմնորոշում որդեգրելու մեջ։ Հետխորհրդային անկախության շրջանում Բաքուն Թուրքիայի աջակցության շնորհիվ դարձավ կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկը։ Չնայած աշխարհիկ բնույթին՝ միջազգային իսլամական միջավայրում Ադրբեջանը ներկայանում է որպես ումմայի անքակտելի անդամ։ Ի դեպ, միջազգային ընտանիքի տարբեր հատվածների համար Ադրբեջանն ունի իր օրակարգը։ Արտաքին իսլամական ուղղությունն Ալիևները լավագույնս օգտագործեցին պետության ազգային շահերն առաջ տանելու համար՝ արտահանելով ղարաբաղյան հարցը իսլամական աշխարհ։ Ադրբեջանը շահարկում է ամենազգայուն հարցերից մեկը՝ մզկիթների խնդիրը՝ իսլամական աշխարհում Հայաստանի դեմ օրակարգ ձևավորելու համար։ Բաքուն իր տարածքում ֆալսիֆիկացնում է հայկական մշակութային արժեքները՝ դրանք ներկայացնելով իբրև աղվանական, իսկ պարսկականը՝ իբրև ադրբեջանական։ Հընթացս Իսլամական համագործակցության կազմակերպությունը շարունակում է հետևողականորեն Հայաստանին մեղադրել մզկիթները քանդելու մեջ՝ անտեսելով Հայաստանի հավաստիացումները, Արցախում մզկիթների վերանորոգմանն ուղղված ջանքերը, ինչի ապացույցը Շուշիի Գոհար տիկնոջ վերին մզկիթն է, որի վերանորոգման աշխատանքներն ավարտվեցին 2019 թ․ հոկտեմբերին։ Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում Ադրբեջանին սատարել է, ինչպես նշեցինք, նաև Սաուդյան Արաբիան, որի հարաբերությունները Թուրքիայի հետ մասնավորապես Արաբական գարնան դեպքերից հետո ոչ միանշանակ են ոչ միայն «Մուսուլման եղբայրների» և Ջամալ Խաշոկջիի գործի, այլև Թուրքիա-Կատար հարաբերությունների և այլևայլ հարցերի պատճառով։ Սաուդյան Արաբիայում 2020-2021 թթ․ տարածում ստացավ թուրքական ապրանքների ոչ պաշտոնական բոյկոտը։ Սակայն թե որքան կշարունակվի լարվածությունը թուրք-սաուդական հարաբերություններում, դժվար է ասել՝ հաշվի առնելով Թուրքիայի ճկուն արտաքին քաղաքականությունը։ Ամեն դեպքում Հայաստանը չի կարող թուրքական գործոնով պայմանավորել արաբական երկրների հետ հարաբերությունները կերպափոխվող տարածաշրջանում։
Սաուդյան Արաբիա-Հայաստան անգործության պայմաններում 2021 թ․ հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Ա․ Սարգսյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում ունեցավ թագաժառանգ՝ փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմադ իբն Սալման ալ-Սաուդի հետ, որը համարվում է երկրի ամենաազդեցիկ դեմքը։ Սա հայ բարձրաստիճան պաշտոնյայի առաջին պետական այցն էր Սաուդյան Արաբիա, որտեղ քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությանն առնչվող հարցեր։ Հատկանշական է, որ ղարաբաղյան վերջին պատերազմի օրերին արաբական մի շարք երկրներ հանդես եկան հայտարարություններով։ Սաուդյան Արաբիայի տարածած հայտարարությունը, ի դեպ, բավական հավասարակշռված էր․ կոչ էր արվում կողմերին նստելու բանակցությունների սեղանի շուրջ։ Նշենք, որ սաուդական լրատվամիջոցները, այդ թվում՝ «Ալ-Արաբիան», արցախյան 44-օրյա պատերազմի օրերին մեծ տեղ հատկացրին հայկական կարծիքների լուսաբանմանը։ 2022 թ․ փետրվարին Մյունխենում ԱԳ նախարար Ա․ Միրզոյանը հանդիպեց սաուդցի իր գործընկերոջ՝ Ֆեյսալ բին Ֆարհան ալ-Սաուդի հետ։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների և համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնելու երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման գործում։ Վերը նշված փաստերն ու հիմնավորումները գալիս են ապացուցելու Սաուդյան Արաբիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու հրամայականը։ Որքան էլ զարմանալի կարող է հնչել, Սաուդյան Արաբիան կարող է լինել Հայաստանի բնական դաշնակիցը։

Պարսից ծոցի արաբական երկրների հայ համայնքները․ արդի իրողություններ ու մարտահրավերներ

Պարսից ծոցի արաբական երկրների հայ համայնքների ձևավորման գործընթացը սկիզբ է առել 1950-ականներից, սկզբում՝ Քուվեյթում, իսկ ավելի ուշ՝ այլ երկրներում։ Այն ուղիղ կապ ուներ տարածաշրջանում նավթարդյունաբերության զարգացման և աշխատանքի նոր շուկաների ձևավորման հետ։ Համայնքների կորիզն արաբական տարբեր երկրներից՝ Սիրիա, Լիբանան, Իրաք և այլն, նաև Իրանից ներգաղթածներն ու նրանց սերունդներն էին։ Ժամանակի ընթացքում այստեղ են հաստատվել հայեր ԱՄՆ-ից, Կանադայից, Հայաստանից, իսկ Արաբական գարնան դեպքերից հետո վերստին աճեց ներգաղթը արաբական երկրներից, առաջին հերթին՝ Սիրիայից։ Քուվեյթում և Պարսից ծոցի այլ երկրներում 20-րդ դարի կեսերից ձևավորված հայ համայնքները, ի տարբերություն Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Իրաքի և մի շարք այլ երկրների հայ համայնքների, սփյուռքահայության վերարտադրության և ներքին գաղթի արդյունք են։ Տարածաշրջանը հրապուրիչ էր աշխատանքային ներգաղթյալների համար․ այստեղ բիզնեսի, բարձր վարձատրվող աշխատանքի ու որակյալ կրթության հնարավորություն կար։ Արաբահայերին ժամանակի ընթացքում հաջողվեց հարմարվել տարածաշրջանի յուրահատկություններին, և, չնայած ոչ տեղաբնիկների համար Պարսից ծոցի միապետությունների տեղական օրենքներում ամրագրված սահմանափակումներին, այդ թվում՝ քաղաքացիություն ձեռք բերելու արգելքին, հայերը, այնուամենայնիվ, աստիճանաբար ստեղծեցին համայնքային կառույցներ։ Մասնավորապես, Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում հայերին հնարավորություն տրվեց կազմակերպելու իրենց ազգային կյանքը, ինչն իրականություն դարձավ հայկական կրոնական և աշխարհիկ կազմակերպությունների ու ազգային միությունների գործունեության շնորհիվ։ Էլ-Քուվեյթը, Շարժան, Դուբայը և Աբու Դաբին դարձան այն հիմնական շրջանները, որտեղ հաստատվեցին հայերը՝ արձանագրելով հայկական ակտիվություն։ Ի տարբերություն Քուվեյթի, որտեղ ազգային կառույցների ձևավորումը սկսվել էր դեռևս 1960-ականներից, ԱՄԷ-ի հայ համայնքը սկսեց ակտիվորեն կազմակերպվել 1980-ականներից։ 1992 թ․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հիմնեց Քուվեյթի և Պարսից ծոցի արաբական երկրների թեմը (առաջնորդանիստը՝ Էլ-Քուվեյթի Սուրբ Վարդանանց եկեղեցի)։ Այդ կառույցի հենքի վրա հետագայում ձևավորվեցին երկու թեմեր՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և շրջակա երկրների, ինչպես նաև Քուվեյթի և շրջակա երկրների։ Ազգային գործընթացի հաջողությունը փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի նկատմամբ տեղի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի ապացույցն է։ Հայերը դիտարկվում են որպես կրոնադավանական փոքրամասնություն՝ որոշակի իրավունքներով։ Ծագումով հայ շատ ու շատ գործիչներ տարածաշրջանում որոշակի ճանաչում ունեն։ Կան թագավորական ընտանիքների հետ սերտ կապեր ունեցող և հասարակական առանձին շրջանակների հետ համագործակցող հայեր ևս։

Իր անկախացումից հետո Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, ավելի ուշ Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դրական դերակատարում ունեցավ տեղի հայ համայնքների և ՀՀ-ի միջև կապերի ամրապնդման հարցում։ Ծոցի հայ համայնքների նարատիվը շատ հետաքրքիր է․ այստեղ սփյուռքացումն ընթանում է յուրահատուկ կերպով։ Փաստորեն, հայերը հաստատվել և ազգային կառույցներ են հիմնել այնպիսի երկրներում, որտեղ քաղաքացիություն ստանալու իրավունք չունեն և մոտ ու հեռու ապագայում հազիվ թե ունենան։ Բնականաբար, նրանք ընտրելու և ընտրվելու հնարավորություն նույնպես չունեն։ Քրիստոնեական, այդ թվում՝ հայկական եկեղեցիների վրա խաչ դնելու իրավունք չկա։ Որոշակի սահմանափակումներ կան բիզնես գործունեության մեջ․ պարտադիր է տեղացի գործընկեր ունենալը և այլն։ Ինչո՞ւ օտարներին Պարսից ծոցի երկրներում չի տրվում քաղաքացիություն։ Խնդիրն այն է, որ օտարներն այստեղ ավելի մեծ թիվ են կազմում, քան տեղացիները։ Քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում նրանք կարող են ավելիին հասնել, քան տեղացիները, և փոխել պատկերը։ Սակայն հայերը հակված են շարունակելու իրենց և իրենց զավակների կյանքն ու գործունեությունը՝ համարելով, որ Պարսից ծոցի պետություններն աչքի են ընկնում բարձր կենսամակարդակով, ամենատարբեր ոլորտներում զարգացման բարձր ցուցանիշներով, ինչից կարելի է օգտվել։ Չնայած ժամանակավոր բնակության փաստին՝ հայերը չեն զլացել ինստիտուցիոնալացնելու ազգային կյանքը։ Պարսից ծոցի արաբական երկրների հայ համայնքների շրջանում բազմաթիվ խնդիրների թվում հայապահպանությունն օրակարգային է։ Այստեղ հայերն աչքի են ընկնում ընդգծված հայկական ինքնությամբ, իսկ ավելի լայն իմաստով՝ բազմակի ինքնությամբ (multiple identity): Օրինակ՝ Սիրիայի հայկական Քեսապ գյուղաքաղաքից Արաբական Միացյալ Էմիրություններ տեղափոխված հայերն իրենց համարում են նախ քեսապցի, ապա՝ սիրիահայ, միևնույն ժամանակ՝ նաև տեղաբնակ։ Շատերն ունեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հետևաբար նաև հայաստանյան ինքնություն։ Ի դեպ, մասնավորապես սիրիահայերն Արաբական գարնան դեպքերից հետո սիրիական անձնագրերով ճամփորդելու խնդիր ունեին, հետևաբար Հայաստանի Հանրապետության անձնագրերը նրանց ոչ միայն փրկեցին պատերազմի արհավիրքից, այլև օգնեցին տեղաշարժվելու և հաստատվելու այլ երկրներում, այդ թվում՝ Պարսից ծոցի։

Հայերն ընդհանուր առմամբ այս կամ այն կերպ կապ ունեն հայկական ազգային կառույցների հետ, թեև շատ դեպքերում հայկական համայնքների մեջ ներքին տարանջատումներ կան՝ հայաստանցիներ, հալեպցիներ, բեյրութցիներ և այլն։ Միևնույն ժամանակ կան շատերը, որոնք տարբեր պատճառներով խզել են կապը ազգային կառույցների հետ, սակայն սերտ կապեր ունեն Հայաստանի կամ տարբեր հայկական շրջանակների հետ։ Շատերը պարզապես դժգոհ են կամ հիասթափված հայկական ազգային կառույցների՝ ազգապահպանությանն ուղղված քայլերից և օգտագործվող գործիքակազմից՝ համարելով այն ոչ արդի կամ ոչ արդյունավետ։ Ազգային կյանքից հեռանալու պատճառ են նաև գլոբալիզացիայի հարաճուն տեմպերը, խառը ամուսնությունները, տեղերում հայկական տարրական և միջնակարգ դպրոցների բացակայությունը, օտար կրթությունը, հայերենի օգտագործման ծավալների անկումը, ծնողների՝ ընտանիքներում հայկական դաստիարակության նկատմամբ ոչ պահանջկոտ կամ ոչ հետևողական կեցվածքը, ազգային կառույցների կամ եկեղեցիների՝ բնակության հիմնական վայրերից հեռու գտնվելը, հայության կամ Հայաստանի գաղափարի ոչ այնքան գրավիչ լինելը և այլն։ Ամեն դեպքում ազգային կառույցները կամ համայնքների ղեկավար անձինք, այդ թվում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն համայնքներում հայապահպանությանն ուղղված աշխատանքները նոր հունով առաջնորդելու կամ արդիականացնելու համար, չնայած Սփյուռքի շուրջ տարաբնույթ քննարկումներ միշտ էլ ծավալվում են։

Գաղտնիք չէ, որ Հայաստանից դուրս հայ մնալու ջանքերը երկարաժամկետ կտրվածքով աստիճանաբար թուլանալու են կամ դատապարտվելու են ձախողման։ Հետևաբար Պարսից ծոցի երկրներում ևս հայերը երկարատև հեռանկար չունեն։ Սակայն ներկայումս Պարսից ծոցի բոլոր երկրներում կան համեմատաբար երիտասարդ հայկական կյանք և հայկական միջավայր՝ իր բնորոշ ատրիբուտներով։ Այլ կերպ ասած՝ կա հայկական ինքնությունը պահպանելու անդրդվելի ձգտում։ Քուվեյթում կա հայկական դպրոց, Արաբական Միացյալ Էմիրություններում՝ հայկական կիրակնօրյա դպրոցներ։ Երկուսում էլ կան հայկական եկեղեցիներ։ Հայ մնալու ցանկությունը և այդ ճանապարհին դժվարությունների հաղթահարման պատրաստակամությունը պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ հայերն այստեղ են եկել Սփյուռքի ավանդական համայնքներից՝ իրենց հետ բերելով հայության հավաքական կյանքի կազմակերպման փորձառությունն ու մեխանիզմները։ Մյուս կողմից՝ հայապահպանությունն ուղիղ կապ ունի Հայաստանի, նրա ապագայի և, ինչպես նշեցինք, հայ լինելու գրավչության հետ։

Հակված ենք ենթադրելու, որ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի Հանրապետությունը պետք է սերտ և բարեկամական հարաբերություններ ձևավորի և զարգացնի Պարսից ծոցի տարածաշրջանի հետ ամենատարբեր ոլորտներում։ Ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունը պետք է դառնա պրոակտիվ։ Համագործակցության մյուս թիրախը պետք է լինեն տեղի համայնքները․ նրանց ներուժը կարող է ծառայել թե՛ որպես հայ-արաբական հարաբերությունների կամուրջ, թե՛ որպես կարևոր ռեսուրս Հայաստանում։ Հայերից շատերն անշարժ գույք են գնել Հայաստանում և հայրենիքում հաստատվելու ցանկություն ունեն։


Արաքս Փաշայան
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ

«Դրօշակ» թիվ 9, 2022թ