Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես գիտեք` Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 31-ի երեկոյան, Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղում տեղակայված զորամասում տեղի է ունեցել միջադեպ. զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը ծեծել է իրենց ընկերոջը տեսության եկած երիտասարդների: Առանց ներկայացնելու պատահածի մանրամասները` միայն հիշեցնենք, որ 20-ամյա Տարոն Ենգիբարյանը գանգուղեղի վնասվածքի հետեւանքով մահացել էր, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը` ստացել ձախ ոտքի կոտրվածք: Պաշտպանության նախարարի հրամանով Սերգեյ Կարապետյանն ազատվել է աշխատանքից: Նա ձերբակալված է: Աշխատանքից ազատվել են նաեւ երկու սպաներ: Հարուցվել է քրեական գործ` ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասով` խուլիգանություն:
Հարկավ, պաշպանական գերատեսչության արձագանքը համարծեք է: Բայց մի՞թե այն ուշացած չէ: Ինչպես պարզվում է` տեղի ունեցած միջադեպից եւ երիտասարդի մահից հնարավոր էր խուսափել, եթե Սերգեյ Կարապետյանը պատժվեր մի քանի ամիս առաջ կատարած մեկ այլ խուլիգանության` մարդ ծեծելու համար:
Ինչպես պատմում են գյուղացիները` ամիսներ առաջ Գնդապետ Կարապետյանն ու իր վարորդը ծառայողական մեքենայով անցնելիս են եղել Գետահովիտ գյուղով: Արդեն երեկո էր, ու նախիրը տուն դառնալիս է եղել: Քանի որ մեքենան չի կարողացել նախրի միջով արագ անցնել, գնդապետն իր զայրույթը թափել է նախրապանի վրա` սկսել է նրան հայհոյել: Վերջինս խոսքի տակ չի մնացել ու պատասխանել է Կարապետյանին: Նման «լկտի» վերաբերմունքի զորամասի հրամանատարը չի դիմացել, ու վարորդի հետ նախրապանին մի լավ դաս է տվել. ինչպես հարկն է` ծեծել են: Այս դեպքից հետո գետահվտցիները փակել են զորամասից գյուղ տանող ճանապարհը` ի հատուցումն իրենց գյուղացու դեմ կատարվածի: Զորամասի հրամանատարի ու գետահովտցիների միջեւ իսկական ատելություն ու կռիվ է սկսվել: Բանը հասել է այնտեղ, որ Կարապետյանին ու գյուղացիներին հաշտեցնելու համար բանակցությունների է եկել կորպուսի հրամանատարը:
Ահա այսպիսի բաներ: Իսկ հիմա թույլ տվեք հարցնել` եթե գնդապետ Կարապետյանը, ով ասում են` մինչ Հայաստան գալը ռուսաստաններում կիսագողականի համարում է ունեցել, նախրապանին ծեծելու համար պատժվեր, մի՞թե կհանդգներ ձեռք բարձրացնել երիտասարդ տղաների վրա: Ինչու ամիսներ առաջ տեղի ունեցած միջադեպին քաջածանոթ բարձրաստիճան ղեկավարները Կարապետյանին կարգի չեն հրավիրել ու այն ժամանակ չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Ամեն ինչ սկսվում է անպատժելիությունից: Հետո դեմն առնել ուշ է լինում...