Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի մարտի 25-ի տեղեկագրում նշել է, որ Ադրբեջանը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
«Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, խախտելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում, զբաղեցրել է 2054,0 նիշով բարձրություն (Սարիբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արեւելք) եւ անցել անցակետի ինժեներական սարքավորումներին։ Ադրբեջանական կողմին տեղեկցվել է պետությունների ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու եւ ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում գրաված դիրքեր դուրս բերելու միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պահանջի մասին»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
ԱՄՆ-ում հրատարակվող The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը նշել է, որ Ռուսաստանը նախկինում մի քանի անգամ հասցեական հայտարարություններ է արել եւ դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան, սակայն նման հայտարարություններ հաճախ չեն հրապարակվում։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սասունյանը մարտի 25-ի հայտարարությունը բացատրեց Մոսկվայի չեզոք դիրքորոշման հետ կապված հայ հասարակության հսկայական ճնշմամբ։
«Ռուսաստանում, ըստ ամենայնի, այս ուղղությամբ որոշակի ակտիվություն ցուցաբերելու անհրաժեշտություն են տեսել, այլապես Հայաստանի հետ դաշինքը կորցնելու վտանգ կա։ Ըստ երեւույթին, հաշվի առնելով դա՝ որոշել են ավելի լուրջ վերաբերվել այդ խախտումներին, մանավանդ, որ Լաչինի միջանցքն արդեն ավելի քան 100 օր արգելափակված է, ու առայժմ այդ հարցը լուծում չի ստացել»,- նշել է նա։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հայտարարությունը յուրօրինակ ժեստ է դարձել՝ Հայաստանը լիովին չկորցնելու համար։
«Հազիվ թե դա նշանակում է Մոսկվայի քաղաքականության փոփոխություն։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարցում Ռուսաստանի շահերը ուկրաինական հակամարտության համատեքստում մնում են նույնը։ Մոսկվան փորձում է հավասարակշռություն պահպանել»,- ընդգծեց Հարութ Սասունյանը։
Սա, նրա գնահատմամբ, դժգոհություն է առաջացնում հայ ժողովրդի մոտ, այդ թվում՝ Սփյուռքում։
Նա բացառեց Ռուսաստանի ուժային գործողությունները Արցախում, քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունները՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարեւոր հաղթաթուղթ են Մոսկվայի ձեռքում։
«Վերջին բանը, որ կցանկանար Ռուսաստանը, Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ սկսելն է։ Սա շատ ծանր քայլ է եւ հակասում է Մոսկվայի շահերին»,- եզրափակեց Սասունյանը։