Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի օրից կմեկնարկի «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը: Հեռուստատեսությունները լայնորեն կլուսաբանեն փառատոնի օրագիրը, կներկայացնեն հյուրերին, առանձնակի վերաբերմունքով կնշեն փառատոնի հովանավորների անունները: Մշակույթի նախարարն էլ բաց չի թողնի ևս մի քանի անգամ հեռուստաէկրանին երևալու հնարավորությունը և կպարծենա իր ոլորտում տիրող առաջընթացից:
Ճիշտն ասած` պարծենալու տեղ ունի: Էլ ո՞ր երկրում է հնարավոր մեկ կինոթատրոնի առկայությամբ միջազգային կինոփառատոն անցկացնել: Նախորդ` յոթ կինոփառատոներն անցկացվեցին երկու` «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում:
Հիշում եմ` անցած տարի ֆրանսիացի կինոգործիչներից մեկի հետ զրույցի ժամանակ զրուցակիցս անկեղծ զարմացած էր, որ մեզ մոտ գործում է ընդամենը երկու կինոթատրոն : Այժմ մեկն է մնացել: Ճիշտ է` խոստացել են, որ փառատոնի օրերին «Նաիրի» կինոթատրոնը կգործի, բայց արդեն փաստ է, որ այն հետագայում այլևս չի ծառայելու բուն նպատակին: Վերջերս Կինոկենտրոնի ղեկավար Գեւորգ Գեւորգյանը հայտարարեց, որ բանակցություններ են գնում շենքի սեփականատիրոջ հետ, որպեսզի «Նաիրի» կինոթատրոնի դահլիճում ցուցադրվեն հայրենական արտադրության ֆիլմեր:
Այդ հայտարարությունն ամենաշատը ոգևորել էր «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանին, ով անկեղծորեն խոստովանեց, որ վերջապես կազատվի տեղական հիմար արտադրանքի պարտադրված ցուցադրումից: Մարդը իր կյանքը նվիրել է կինոյին, ներդրումներ է անում կինոինդուստրիայում, աչքի լույսի պես պահում, պահպանում է կինոթատրոնի շենքը, այն չի դարձնում տոնավաճառ կամ հերթական բանկի մասնաճյուղ, բայց արի ու տես, որ խորը հիասթափության մեջ է հայկական կինոշուկայից:
Ինչո՞ւ այսպես ստացվեց: Ինչո՞ւ է Մալյանի, Բեկնազարյանի, Փարաջանովի, Փելեշյանի երկրում կինոն հոգեվարքի մեջ: Ո՞վ է մեղավոր: Սա գլոխկոտրուկ չէ, որ մտածենք ու շատ դեպքերում չկարողանանք գտնել հարցի պատասխանը: Սա ընդամենը ոլորտն ապաշնորհ կառավարելու արդյունք է:
Վստահ եմ` եթե «Ոսկե ծիրան» կինոփառատոնն էլ գործեր պետական ենթակայության տակ և լիներ մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ներից մեկը, այն ևս կարժանանար նույն ճակատագրին, որին արժանացավ հայկինոն: Թե ու՞մ է պետք «Ոսկե ծիրանը», եթե արդեն ութերորդ անգամ է կայանում, և ութ տարի շարունակ համաշխարհային մակարդակի դեմքեր դասախոսում են, իրենց փորձն են փոխանցում երիտասարդներին, իսկ դաշտում ոչինչ չի փոխվում, դեռ ավելին` վատանում է, մեկ այլ առիթով կանդրադառնանք:
Իսկ մինչ այդ «Ոսկե ծիրանի» գրասենյակում աժիոտաժ է: Այն կարծես մեղվափեթակ լինի: Մարդիկ մտնում, դուրս են գալիս, կազմակերպական գործերով են զբաղված: Լավ է, որ գոնե կա այս փառատոնը, բայց վատ է, որ փառատոնի դափնիներից հերթական անգամ օգտվելու են անարժանները, ովքեր հայկինոն հասցրին այս վիճակին:
Խորհրդային տարիներին նման աժիոտաժ գյուղերում էլ էր լինում, երբ գյուղի կլուբ` քաղաքից կինո էին բերում: Կինոն բերում էր ակումբի կինոմեխանիկը, իսկ կոլխոզի նախագահն ընտանյոք նստում էր առաջին շարքում և կինոդիտման ընթացքում մտածում, թե ոնց անի, որ շրջկոմում ըստ արժանվույն գնահատեն իր կուլտուր-լուսավորչական գործունեությունը:
Հարություն Հարությունյան