կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-01 17:07
Մշակույթ

Կտեսնեք մարդկանց, որոնց երազել եք տեսնել. 15-րդ «Ոսկե ծիրանը»՝ հուլիսի 8-15-ը

Կտեսնեք մարդկանց, որոնց երազել եք տեսնել. 15-րդ «Ոսկե ծիրանը»՝ հուլիսի 8-15-ը

Բեկի Պրոբսթ, Բորիս Խլեբնիկով, Վալերի Մասադյան և Լերի Սմիթ. այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմն է:" Այս անվանակարգում ժյուրին կնախագահի կրկնակի օսկարակիր Ասղար Ֆարհադին: Հոբելյանական՝ 15-րդ «Ոսկե ծիրանն» այս տարի կանցկացվի հուլիսի 8-15-ը: Փառատոնը կունենա 15 տարբեր խորագրերով ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը կտեղեկացնի փառատոնի պատմության, անցած ուղու և ձեռքբերումների մասին:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի խոսքով՝ հոբելյանին համահունչ է լինելու փառատոնի հյուրերի ներկայացվածությունը՝ կինոյի ոլորտի լավագույններն են ներկա լինելու: « «Ոսկե ծիրան»-ին կմասնակցեն Կաննի, Բեռլինի փառատոների դափնեկիրները, մարդիկ, ովքեր այսօրվա կինոյի լավագույններն են: Դուք կտեսնեք մարդկանց, որոնց երազել եք տեսնել: Շատերը մի քանի անգամ եղել են Հայաստանում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում, շատերն էլ առաջին անգամ կայցելեն»,- ասաց նա:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանն էլ նշեց, որ փառատոնի մակարդակը երկու հանգամանք է ապահովում՝ ծրագրերի մակարդակը և հրավիրված ժյուրին: Նրա խոսքով՝ այս տարի կարող ենք հպարտանալ, որ շատ լավ ժյուրի է հավաքվել: «Վավերագրական ֆիլմերի ժյուրին կնախագահի վավերագրական կինոյի անվանի կինոռեժիսոր Ճաո Լյանը: Ժյուրիի կազմում են՝ Ալեքսեյ Վախրուշևը, Աուդրյուս Սթոնիսը, Բեն վան Լիսհաութը, Թամարա Ստեփանյանը»,- ասաց Ստամբոլցյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ 15 ազդագրերը, որոնք պատրաստել են երկու երիտասարդ դիզայներներ Սիլվին և Դիանան, կպարունակեն 15 ուղերձ և դրանք կտեղադրվեն Երևանով մեկ: Բացի այդ՝ այս տարի կինոփառատոնն ունի նոր արտադրական հարթակ՝ GAIFF Pro կինոյի զարգացման հարթակը: «Հարթակն այժմ ընդունում է նախագծեր, և միջազգային փորձագետների կողմից լավագույնը համարվող նախագծերը կստանան գումարային մրցանակներ: Սա այս տարվա փառատոնի նորությունն է»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի խոսքով՝ ամռանը մայրաքաղաքը լինելու է ակտիվ և մշակութային կյանքով լի: «Փառատոնը շատ կարևոր մշակույթ է ներմուծում՝ կինոյի նկատմամբ հետաքրքրություն, սեր, իսկ ոլորտի ներկայացուցիչներին մղում է ավելի կատարելագործել իրենց աշխատանքն ու որակի վրա աշխատել: Տրամադրությունը, մթնոլորտը, որ կա կինոյի շուրջ, արդեն իսկ մեծ ձեռքբերում է»,- ասաց նախարարը: