Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական կինոյի տարածումն ու հանրահռչակումը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ելակետային առաքելություններից է: 14 տարվա ընթացում «Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ հայկական ժամանակակից կինոյի ներկայացուցչական ծրագրեր, հայ կինոյի պատմությանը նվիրված գիտաժողովներ են կազմակերպվել և իրականացվել 20-ից ավելի երկրներում:
Ապրիլը խորհրդանշական ամիս է. 2015-ին, «Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ և Մեծ Եղեռնը ներկայացնող դասախոսություններ ներկայացվեցին 14 երկրի 17 քաղաքում, այդ թվում՝ Ստամբուլում:
2017 -ի ապրիլին «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն արդեն Անկարայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ներկայացնելու է հայկական կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերի ընդգրկուն ծրագիր: Անկարայի միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա ապրիլի 21-ից 30-ը: Ծրագիրը կազմված է 11 ֆիլմից և ընդգրկում է Նաիրա Մուրադյանի «Մարկ և Մարկոս», Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճանապարհը», Դիանա Կարդումյանի «Դիալոգներ», Գագիկ Մադոյանի «Ճանապարհ», Լևոն Մինասյանի «Դաշնամուրը», Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ», Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս», Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր», Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը», Ալեն Մանուկյանի «Հարություն» և Համլետ Վարդանյանի «Մնաս բարով, Վոլգա» ֆիլմերը: Հայկական կինոծրագրերը Անկարայում կներկայացվեն ապրիլի 28-ին և 29-ին:
Կինոծրագիրը ներկայացնող պատվիրակության մեջ ընդգրկված են ռեժիսորներ Նաիրա Մուրադյանը, Դիանա Կարդումյանը և կինոքննադատ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի համադրող Րաֆֆի Մովսիսյանը, ով նաև Անկարայի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիի անդամ է:
Ծրագրում ընդգրկված ֆիլմերը ժամանակակից հայկական կինոյի լավագույն նմուշներից են և մարդասիրության, հանդուրժողականության և ազատության թեմատիկ ընդհանրություններ ունեն: