Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի ծրագիրն ավանդաբար կպահպանի չորս մրցույթները: Մրցույթում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն, համապատասխանաբար, «Խաղարկային», «Վավերագրական», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:
«Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ խաղարկային ֆիլմերի ծրագիրը, ինչպես նախորդ տարիներին, 12 ֆիլմ է ներառում:
«Տարեցտարի աճում են փառատոնի հանդեպ հետաքրքրությունը եւ, բնականաբար, ներկայացված հայտերի թիվը. այս տարի ստացել ենք ավելի քան 1200 հայտ` շուրջ 96 երկրից: Մրցութային ծրագրում ընդգրկվել է միայն մոտ 90 ֆիլմ: Ֆիլմերից մեկի ռեժիսորն ազգությամբ թուրք է, սակայն վերջին օրերին Թուրքիայի ներքաղաքական իրադրության պատճառով չենք կարողանում նրան գտնել, եւ միգուցե ծրագրում ուրիշ ֆիլմ ներառվի, եթե այդպես էլ չհաջողվի կապ հաստատել»,- ասաց Ստամբոլցյանը:
Կինոռեժիսոր, «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ղեկավար Արամ Շահբազյանն էլ նշեց, որ «Կորիզը» ներառում է հիմնականում երիտասարդ ռեժիսորների ֆիլմեր եւ հրաշալի հնարավորություն է հայ երիտասարդների համար` ծանոթանալու աշխարհում իրենց հասակակիցների գործերին. «Խորհուրդ եմ տալիս երիտասարդներին անպայման դիտել այս ֆիլմերը` ձեր հասակակիցների աշխատանքներին ծանոթանալու համար»:
Փառատոնի «Խաղարկային ծրագրի» ժյուրի կազմում են Իշտվան Սաբոն, Անդրեյ Պլախովը, Ջեյ Վայսբերգը, Թինա Լոքը, Սերժ Ավեդիքյանը: «Վավերագրական» մրցույթում որպես ժյուրի հանդես կգան Սերգեյ Լոզնիցան, Ռադա Սեսիչը, Գեորդ Էդուարդ Ռեսթլը, Օսման Կավալան, Պիետրա Մարչելլոն: «Հայկական համայնապատկեր» մրցույթում ներկայացված ֆիլմերի մասին իրենց կարծիքը կհայտնեն Դեյվիդ դ’Արսին, Ժան Ռադվանին, Նիք Ջեյմսը, Մարինա Ալեսը, Միքայել Պողոսյանը: «Կորիզ» ծրագրի մրցանակակիրներին էլ կորոշեն Էդիտա Յանչակ-Հիրիարտը, Պավել Ֆիննը, Ստեպան Հունդիչը: