Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանում վերելակների 1/3-ը, ըստ էության, պիտանի չէ շահագործման, բայց դրանք չեն փոխարինվում՝ գումարների բացակայության պատրվակով։ Իրականում վերելակները եկամուտներ են ապահովում, որոնք հայտնվում են գովազդային գործակալությունների և համատիրության չինովնիկների գրպաններում։
Երևանում գործող շուրջ 5 հազ. վերելակների 30%-ի աշխատանքը պետք է դադարեցվի: Թեև արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանն օրերս հրավիրած ասուլիսին ասել էր, որ գործող վերելակների շուրջ 30%-ը վտանգավոր է, բայց դրանց աշխատանքը չի դադարեցվում, քանի որ նրա խոսքով՝ «մտածում են քաղաքացիների, տատիկների մասին»։
Իրականում Ա.Պետրոսյանը նաև մտածում է իր ծառայության եկամուտների մասին, քանի որ 1 վերելակի փորձաքննության համար ստանում է Դ2,5 հազ., իսկ խնդիրների բացահայտման դեպքում տրվում է դրանց վերացման ժամանակ, և նորից նշանակվում է վճարովի փորձաքննություն։
Թեև Ժամկետանց վերելակները վտանգավոր են, դրանց շահագործումը տնտեսապես ձեռնտու է նաև համատիրություններին և համայնքապետարաններին։ 320-400 կգ տարողունակությամբ վերելակների շուկայական գինը կազմում է $36 հազ., ստացվում է, որ միայն 370 վերելակների փոխարինման համար կպահանջվի ավելի քան $13 մլն։ Հասկանալի է, որ ոþչ համատիրությունները, ոþչ էլ քաղաքային իշխանություններն այդպիսի գումարներ չունեն, և վերելակային պարկի թարմացման հիմնական խնդիր նշվում է գումարների բացակայությունը։
Փողեր կան
Իրականում վերելակների փոխարինման համար առկա են միջոցներ, պարզապես դրանք օգտագործվում են այլ նպատակներով։ Մոտավոր հաշվարկներով՝ 1 վերելակի սպասարկման նպատակով համատիրություններն ամսական գանձում են մոտ Դ10 հազ. կամ տարվա կտրվածքով՝ Դ120 հազ., իսկ թե որքան գումար է ուղղվում բուն նպատակին, հայտնի չէ:
Միայն տարվա կտրվածքով Երևանում առկա վերելակների «սպասարկման» նպատակով համատիրությունները բնակչությունից հավաքագրում են $1.6 մլն: Այդ գումարով հնարավոր է գնել 50 վերելակ, բայց ոչ միայն վերելակներ չեն գնվում, այլև քաղաքային բյուջե միջոցներ են ուղղվում՝ հների նորոգման համար։
Բացի այդ՝ վերջերս մեծ տարածում է գտել վերելակներում գովազդային վահանակների տեղադրումը: Այս սեգմենտում դիրքավորվել են ընդամենը մի քանի ընկերություններ, որոնք «չխոսկան» են։
«Կապիտալին» այդ գործակալություններից այդպես էլ չհաջողվեց պարզել, թե վերելակների տարածքն օգտագործելու համար որքան գումար են վճարում։ Նրանք միայն ասացին, որ գովազդային վահանակների տեղադրման համար իրենք համապատասխան թույլտվություն են ստանում համայնքապետարաններից և որոշակի վճարումներ են կատարում, իսկ թե որքան է կազմում թույլատրության վճարը, գործակալությունները չեն նշում՝ ասելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է։
Վերելակներում գովազդային 1 տարածքի արժեքը, որն ընդգրկում է մոտ 150 վերելակ, ամսվա կտրվածքով տատանվում է Դ60-70 հազ.-ի շրջանակում։ Եթե հաշվի առնենք, որ 1 վերելակում հնարավոր է տեղադրել 3 վահանակ, ապա վերելակը գործակալություններին ամսական ապահովում է մոտ Դ1.5 հազ.:
Ստացվում է, որ թեև վերելակները պատկանում են համատիրություններին, դրանց տարածքի օգտագործումից ստացվող եկամուտները հայտնվում են գործակալություններում և համայնքապետարաններում։ Գործակալությունների գաղտնապահությունից կարելի է ենթադրել, որ վերելակների հաշվին ձևավորվող եկամուտների մի զգալի մասն իրականում ուղղվում է ոչ թե համայնքային բյուջեներ, այլ առանձին չինովնիկների գրպաններ։
Ի վերջո, եթե հաշվի անենք միայն այս երկու աղբյուրները՝ «սպասարկման» և «գովազդային» գումարները, ապա իրականում առկա են բավարար միջոցներ, որոնք կարելի է ուղղել վերելակների պարկի արդիականացմանը։ Հասկանալի է, որ այս գումարները բավական չեն նոր վերելակներ գնելու համար, բայց ունենալով ֆինանսական կայուն հոսքեր՝ հնարավոր է օգտվել ֆինանսական պրոդուկտներից՝ վարկերից կամ լիզինգից։ «Սպասարկման» և գովազդային գումարները հնարավոր է ուղղել ներգրավված միջոցների մարմանը, բայց այդ դեպքում էապես կկրճատվի համատիրությունների և համայնքապետարանների չինովնիկների «լևի» գումարները։