կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-19 21:22
Տնտեսական

Հնդկացորենի մշակությունն առավել եկամտաբեր է

Հնդկացորենի մշակությունն առավել եկամտաբեր է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն  այսօր  հրավիրել էր խորհրդակցություն` Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի պատասխանատուների և շահառուների մասնակցությամբ հնդկացորենի արտադրության փորձնական ծրագրին առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Աշոտ Հարությունյանը և Արմեն Հարությունյանը:

 «Մեր այսօրվա հանդիպման հիմնական նպատակն  է քննարկել փորձնական ծրագրի արդյունքները, հստակեցնել հանրապետությունում հնդկացորենի և հնդկաձավարի արտադրության  հարցերը, մասնավորապես իրացման փուլում առաջացող, որպեսզի նախարարությունը փորձի հնարավորինս աջակցել  դրանց լուծմանը»,-իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 Նախարարը կարևորել է հնդկացորենի արտադրության ընդլայնումը նաև ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից:

  Շահառուները նշել են, որ ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել նոր, ոչ ավանդական մշակաբույսի արտադրությամբ զբաղվել, հնդկացորենի մշակությունն առավել եկամտաբեր է, հնարավորություն է տալիս ցանքաշրջանառություն ապահովել, անվճար տրամադրվել  Է սերմացու, պարարտանյութ, կազմակերպվել են դասընթացներ:

 Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Բավրայում և Ծովագյուղում ստեղծված հնդկաձավարի արտադրությամբ զբաղվող գործարանների  գործունեությանն առնչվող հարցեր:  Հանդիպման մասնակիցները առաջարկել են քննարկել գործարանների գազաֆիկացման հարցը`  առավել բարձրորակ արտադրանք ստանալու նպատակով:  Բարձրացվել են նաև ներմուծվող հնդկացորենի գնի, մասնագետների համալրման և սարքավորումների տրամադրման հարցեր: Հանդիպման մասնակիցները մասնավորապես տեղեկացրել են, որ վերջին շրջանում զգալիորեն իջել է ներմուծվող հնդկացորենի գինը, մինչդեռ իրենց տվյալներով միջազգային շուկայում գնանկում չի նկատվում, ինչը խնդիր է առաջացնում տեղական արտադրողների համար իրացման հարցում:  

 Ընդգծելով տեղական արտադրությանը խթանելու կարևորությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, նշել է, որ նախարարությունը կքննարկի զտիչ սարքավորման, ջեռուցման, փաթեթավորման և շուկայահանման հարցերում աջակցություն ցուցաբերելու հարցը միջազգային կառույցների հետ, ինչպես նաև կդիմի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական  հանձնաժողով` ուսումնասիրելու  շուկայում ներմուծողների կողմից հնարավոր չարաշահումների առկայությունը, որպեսզի տեղական արտադրողները գնային առումով մրցունակ լինեն և կարողանան շարունակել իրենց հետագա գործունեությունը: