կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-15 13:01
Հասարակություն

Փորձագիտական բացասական եզրակացություն ստացած վերելակները շարունակում են շահագործվել. ՏԿԱԻՆ փորձագետ

Փորձագիտական բացասական եզրակացություն ստացած վերելակները շարունակում են շահագործվել. ՏԿԱԻՆ փորձագետ

ՀՀ ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ներկայացրեց 2015 թվականին վերելակների, ճոպանուղիների և ատրակցիոնների պատահարների վիճակագրությունը: Հովհաննիսյանի խոսքով`2015 թվականին վերելակների շահագործման ժամանակ տեղի է ունեցել մեկ արտադրական դժբախտ դեպք, որը մահվան է հանգեցրել:

«Խոսքը Բաշինջաղյան փողոցում մարտի 21-ին տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին է, որն ուղեկցվեց մահվան ելքով: Ուրիշ արտադրական դեպքեր` մահվան ելքով, տեղի չեն ունեցել»,- ասաց նա` հավելելով, որ Երևան քաղաքում 5469 վերելակ է հաշվառված, որոնցից 4453-ը բնակելի շենքերում, դրանցից 2015 թվականին փորձաքննության է ենթարկվել 3864-ը, այսինքն` ընդհանուր վերելակների թվի 73 տոկոսը:

Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ են ոչ բոլոր վերելակները ենթարկվել փորձաքննության, մասնագետը պատասխանեց, որ ոչ բոլորն են դիմել: Ի դեպ, նա տեղեկացրեց նաև, որ բնակելի շենքերի մեկ վերելակի փորձաքննության արժեքը 2930 դրամ է:

Հովհաննիսյանը նշեց նաև, որ Երևան քաղաքում կան վերելակներ, որոնք փորձաքննության ընթացքում ստացել են բացասական եզրակացություն, բայց շարունակում են աշխատել: Նա այդ ամենը բացատրեց նրանով, որ բարձրահարկ շենքերի բնակիչներն իրենք են դեմ, որ վերելակը դուրս գա շահագործումից, քանի որ բարձր հարկերում ապրող բնակիչները չեն կարողանում տանից դուրս գալ` առանց վերելակի:

Հովհաննիսյանի խոսքով`Աջափնյակ վարչական շրջանում գրանցված 312 վերելակից փորձաքննության ենթարկվել է 158-ը, որոնցից 7-ը ստացել են բացասական եզրակացություն: Արաբկիր վարչական շրջանում գրանցված 465 վերելակներից փորձաքննության ենթարկվել է 361-ը, դրանցից 4-ը ստացել են բացասական եզրակացություն: Ավան վարչական շրջանում գրանցված 314 վերելակից փորձաքննության է ենթարկվել 261-ը, որոնցից 38-ը ստացել են բացասական եզրակացություն: Դավթաշեն վարչական շրջանում 381 վերելակից փորձաքննության է ենթարկվել 302-ը: Այդ վերելակներից 81-ը ստացել են փորձաքննության բացասական եզրակացություն: Էրեբունի վարչական շրջանում փորձաքննության է ենթարկվել գրանցված 207 վերելակից 186-ը: Բացասական եզրակացություն է տրվել դրանցից 5-ին: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 224 վերելակից 181-ը փորձաքննության է ենթարկվել, և բացասական եզրակացություն որևէ մեկի վերաբերյալ չի ստացվել: Կենտրոն վարչական շրջանում գրանցված 779 վերելակից փորձաքննության ենթարկվել է 629-ը, որոնցից 16-ը ստացել է փորձաքննության բացասական եզրակացություն: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում փորձաքննության է ենթարկվել գրանցված 938 վերելակից 520-ը: Ստուգվածներից 6-ը ստացել է բացասական եզրակացություն: Նոր Նորք վարչական շրջանում փորձաքննության է ենթարկվել գրանցված 565 վերելակներից 481-ը: Բացասական եզրակացություն այս վարչական շրջանում ստացել է 63 վերելակ: Նուբարաշեն վարչական շրջանում բնակելի շենքերում տեղադրված և գրանցված 6 վերելակներն էլ ենթարկվել են տեխնիկական անվտանգության և փորձաքննության բացասական եզրակացություն դրանցից ոչ մեկին չի տրվել: Շենգավիթ վարչական շրջանում տեղադրված 262 վերելակներից 149-ը փորձաքննության է ենթարկվել, որոնցից 7-ին տրվել է բացասական եզրակացություն:

Անդրադառնալով սեփական տներում տեղադրված վերելակներին` Հովհաննիսյանը նշեց, որ այդ տարածքների վերելակները չեն համարվում արտադրական վտանգավոր օբյեկտներ:

Խոսելով ատրակցիոնների մասին` նա հայտնեց, որ Երևան քաղաքում տեղադրված 83 ատրակցիոններից երկուսը ստացել են փորձագիտական բացասական եզրակացություն, դրանք «Անառիկ Բերդաձոր» կազմակերպության կողմից շահագործվող «Զանգակ» և «Բատուտ» ատրակցիոններն են: Շիրակի մարզում տեղադրված ատրիակցիոններից մեկը ևս ստացել է փորձագիտական բացասական եզրակացություն:

Ճոպանուղիների և շարժասանդուղքների փարձագիտական քննության ժամանակ բացասական եզրակացություններ չեն եղել: