կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-10 22:06
Առանց Կատեգորիա

Ղարաբաղյան շանտաժ

Ղարաբաղյան շանտաժ

Անցած երկու տարիներին «արմատական» ընդդիմությունը որոշակի պարբերականությամբ հայտարարում էր, թե իշխանափոխության հարցում վճռական գործողությունների չի գնում, որովհետև չի ուզում ղարաբաղյան բանակցություններում թուլացնել իշխանության դիրքերը: Ավելին` ընդդիմության առաջնորդը հայտարարում էր, թե իրենք երբեք շահարկման առարկա չեն դարձնի Ղարաբաղի հարցը:

Խիստ «պետականամետ» այս կեցվածքն իր ողջ «պերճանքով» դրսևորվում է զավեշտի վերածված ներկայիս «երկխոսության» համատեքստում: Հիմա էլ այդ նույն ընդդիմությունը սկսել է պնդել, թե իշխանությունները ստիպված են ընդունել արտահերթ ընտրություններ անցկացնելու իրենց պահանջը, եթե ուզում են, ներքաղաքական լարվածության հեռանկարը հաշվի առնելով, խուսափել Ղարաբաղյան հարցում պարտադրվող անցանկալի զարգացումներից:

Սա Ղարաբաղի խնդրի սոսկ պարզունակ շահարկում չէ, այլ ուղղակի շանտաժ, որի իմաստը շատ հստակ է` տվեք իշխանությունը, եթե չեք ուզում ԼՂ հարցում այս հանգրվանային պահին ձեզ համար ներքին խնդիրներ ստեղծենք:

Որքան անբարոյական է նման կեցվածքը, նույնքան էլ խղճուկ, որովհետև պարզորոշ ցույց է տալիս, որ իշխանափոխության պլանները մշակելիս իրականում ոչ թե սեփական ռեսուրսների վրա են հույս դրել, այլ ԼՂ հարցում դրսից պարտադրվելիք լուծումների: