կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-11 20:34
Քաղաքական

Կիսելյովը բացահայտ շանտաժ է անում հայերին

Կիսելյովը բացահայտ շանտաժ է անում հայերին

Այսօր Ազգային ժողովի հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբում էր հյուրընկալվել Ռուսաստանի «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը: Ներկա էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Կարինե Աճեմյանը, Տաճատ Վարդապետյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ներկա էր նաև ՀՀ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

 

Քննարկման թեման էր ոչ առևտրային կազմակերպությունների դերը պետական քաղաքականության ձևավորման գործում: Հայկ Բաբուխանյանն էլ խոսք ուներ ասելու: Նա գովեց հայ-ռուսական բարեկամությունը, ակնարկեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների, ԼՂ խնդրի մասին` ասելով. «Երբ Ռուսաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը…»:

 

Դմիտրի Կիսելյովը ընդհատեց Հայկ Բաբուխանյանին` ասելով. «Ռուսաստանը կճանաչի այն բանից հետո, երբ Հայաստանն ինքը ճանաչի ԼՂ անկախությունը»:

 

Լրագրողներից մեկն էլ նկատեց. «Եթե միայն մեկը մեր ականջին ասեր, որ Հայաստանի ճանաչելուց հետո Ռուսաստանը հաստատ կճանաչեր…»:

 

Այստեղ Կիսելյովը նշեց, որ ամեն պետություն ինքնուրույն պետք է կայացնի իր որոշումները, իսկ Ռուսաստանի խառնվելը ԼՂ հարցին ավտոմատ պատերազմի կհանգեցնի: «Պետք չէ այսօրվա թեման նեղացնել այնքան, մինչև հասնի ԼՂ խնդրին: ՀԱՊԿ-ն է կարգավորում այդ խնդիրները: Բայց այս ընթացքում այնքան բան կարող է տեղի ունենալ, որ ԼՂ հարցին ոչ ոք ուշադրություն չի դարձնի, որովհետև կան ավելի մեծ վտանգներ, օրինակ` Ռոսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, բայց ռուսաց լեզուն տարածված չէ Հայաստանում, ռուսերենը հեռացրել եք Հայաստանից, նշանակում է` Ռուսաստանին եք հեռացրել Հայաստանից»,- անսպասելի հայտարարեց Կիսելյովը:

 

Նա հավելեց. «Ազնիվ պետք է խոսենք, չէ՞: Հայաստանի հետաքրքրությունների շրջանակում է, որ վերադարձնի ռուսերենը: Պետք է Հայաստանն աշխատի այդ ուղղությամբ, դա իրական ու մեծ խնդիր է: Ես այսօր տաքսի նստեցի, իսկ տաքսու վարորդը ռուսերեն չգիտեր: Ինչո՞ւ Հայաստանում չկան ռուսական դպրոցներ»:

 

Այստեղ Հայկ Բաբուխանյանը շտապեց հանգստացնել Կիսելյովին` ասելով, որ այդպես չէ, որ Հայաստանում կան ռուսալեզու կրթական հիմնարկներ, սակայն Կիսելյովը նկատի ուներ ոչ թե Բաբուխանյանի մատնանշած մասնավոր կրթական հիմնարկները, այլ պետական մոտեցումը ռուսաց լեզվին և կոնկրետ ռուսալեզու դպրոցների զանգվածային բացումը: «Չեք ուզում` ձեր գործն է, բայց եթե ռուսերենը նվազի, ապա Հայաստանի անվտանգությունն էլ կնվազի: Հիմա աշխարհում պայքար է գնում Ռուսաստանի համար, այնպես որ Հայաստանն աշխատելու, մտածելու տեղ ունի»,- ասաց Կիսելյովը:

 

Ռուսաստանում հայտնի մեկնաբանի ասածը դուր չեկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ով նշեց. «Ես ուղիղ կապ չեմ տեսնում հայ-ռուսական հարաբերության և որևէ տաքսիստի ռուսերեն չիմանալու միջև: Դա բացարձակ չի կարող ցուցանիշ լինել: Մեր կրթօջախներում ռուսերեն են սովորեցնում վաղ տարիքից, ռուսերենը շատ սիրված է ու պահանջված Հայաստանում: Հակառակ դեպքում, եթե փորձենք կապել Ռուսաստանի հանդեպ Հայաստանի վերաբերմունքը նման բաների հետ, ապա մենք կհանգենք կամ կոշտ ձևակերպումների, կամ էլ մեր երկու հասարակությունների կողմից չհասկացվածության»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

 

Միջամտեց ՀՀ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն` ասելով, որ Հայաստանը պետք է քաղաքական ընտրություն կատարի, թե ում հետ է ցանկանում լինել: Եվ եթե պետք է ինտեգրվի Ռուսաստանին, ապա քաղաքակրթության հիմքը ռուսաց լեզուն է, ուստի պետք է տարածել ռուսերենը, ինչը, սակայն, հայ հասարակության շրջանում դժգոհության ալիք է բարձրացնում: Նախկին դեսպանը ներկա ՀՀ քաղաքացիներին սկսեց հարցեր ուղղել, որ եթե ռուսերենը նորմալ մակարդակի վրա է Հայաստանում, ապա թող ասեն, թե որ՞ դասարաններում են դասավանդում ռուսաց լեզուն և ընդհանուր առմամբ քանի՞ դասաժամ է ստացվում:

 

Բանավեճի պահին Կիսելյովը հայտարարեց, որ այդքան ժամանակ չունի մնալու և պետք է լքի քննարկումների սենյակը: «Երբ Ձեր նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց օրերս, որ ցանկանում է Հայաստանն ինտեգրել Եվրասիական միությանը, նշեց, որ դա պետք է արվի և քաղաքակրթական, և անվտանգության առումով, այլ կերպ ասած` հնարավոր չէ մշակութային առումով ինտեգրվել մի կողմի, իսկ անվտանգության առումով` մյուս կողմին, դրանք իրար հետ կապված են»,- ասաց Կիսելյովը:

 

Ի դեպ, Կիսելյովի հեռանալուց հետո Հերմինե Նաղդալյանը վիրավորված տոնով էր զրուցում նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ` դժգոհելով, որ որոշ ռուս պաշտոնյաներ իրենց անզգույշ հայտարարություններով վնասում են հայ-ռուսական բարեկամությանը:

 

«Չեմ հասկանում` այստեղ ինչ կապ ունեն ռուս պաշտոնյաները»,- հակադարձեց Կովալենկոն, հետո համաձայնելով Հերմինե Նաղդալյանի հետ, ասաց. «Դե, ուռոդներ ամեն տեղ էլ կարող են լինել»: