Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկոյան շատ ուշ հասնում ենք Կարս: Հյուրանոցի առջեւ, որտեղ կանգ ենք առնում, Հեյդար Ալիեւի կիսանդրին է դրած. էքսկուրսավար Ֆերզանն ասում է, թե այստեղ ադրբեջանցիները շատ են. երեւի ի պատիվ նրանց է Ալիեւի կիսանդրին տեղադրվել:
Հաջորդ օրն Անի ենք գնում, վերադառնալուց հետո զբոսնում Կարսի փողոցներով. ճիշտ են ասում, որ Կարսը գրեթե նույնն Գյումրին է. միայն թե մի քիչ ավելի ծերացած ու այլափոխված: Այստեղ հայկական շենքերն ու տները անմիջապես առանձնանում են. մեզ համար դրանք այնքան ծանոթ ու հարազատ են:
Առաջին հերթին այցելում ենք աղմուկ հանած Մարդկության հուշարձանը, որը Էրդողանը անճոռնի ու հրեշավոր էր անվանել. հին հայկական թաղմասին մոտ կառուցված հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներն ընթացքի մեջ են. բանվորներ ու հսկայական տեխնիկա է աշխատում բետոնե կտորները կտրելու եւ իջեցնելու համար:
Մեր խմբից թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը պատմում է, թե հուշարձանը քանդելու մի պատրվակն էլ այն է, թե հուշարձանը, որի կառուցման վրա միլիոններ է ծախսվել, բոլորովին համահունչ չէ ներքեւում գտնվող աղքատ, կիսախարխուլ տներին: Բայց հաշվի չեն առնում, որ նույն այդ խարխլված տները անտեսելովՙ մոտ 200 հազար դոլար են հատկացրել հուշարձանը քանդելու համար:
Բարձունքից, որտեղ հուշարձանն է, երեւում է նաեւ Կարսի հանրահայտ բերդը, որի շուրջ էլ պատմության ընթացքում կառուցվել է քաղաքը: Բերդը կառուցվել է հայերի կողմից 1578 թվականին, հետագայում, թուրք-պարսակական տիրապետության շրջանում, բերդը խարխլվել է, սակայն, հասկանալով դրա ռազմավարական նշանակությունը, այն պարբերաբար վերանորոգել են, պաշտպանական նոր կառույցներ են ավելացրել: Բերդի պարիսպները անմշակ քարերով են շարվել, բայց գեղեցիկ են։ Բերդն ունեցել է 26 աշտարակներով կրկնակի պարիսպներ, որոնց բարձրությունը 10-12 մետր էր, լայնությունըՙ 1,5 մետր, երկարությունը` 1000 մետր: 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ավերվել են բերդաքաղաքի պարիսպները, սակայն ավերակները մինչ օրս կանգուն են:
Կարսի մյուս արժեքավոր հուշարձանները հին կամուրջներն են` կառուցված Կարս գետի վրա: Քարակերտ կամուրջներից մեկը §Վարդանի կամուրջ¦ է կոչվում: Անդրանիկը պատմում է, թե Վարդանը հոգեկան հիվանդ մարդ է եղել, կամրջով շուտ-շուտ է գնալ-գալիս եղել ու մի օր էլ իրեն կամրջից գետն է գցել:
Կամրջի քարե տաք բազրիքներին հենված նայում ենք Սուրբ Առաքելոց եկեղեցու շենքին. այն կառուցվել է Աբաս Բագրատունու օրոք` 940- ականներին: 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածել են մզկիթի, իսկ հետագայում, երբ ռուսները վերցրել են Կարսը, եկեղեցին էլ ուղղափառ են դարձրել: 1918 թվականին Կարսը անցել է թուրքերի տիրապետության տակ, եւ Սուրբ Առաքելոցը նորից մզկիթի է վերածվել: Միայն Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում այն նորից գործել է որպես Հայ առաքելական եկեղեցի: 1920 թվականից հետո այն ցանկացել են քանդել, բայց քաղաքապետը որոշել է եկեղեցին մզկիթ դարձնել, միայն թե այդ մի կոթողն էլ չկործանվի:
Հետաքրքիրն այն է, որ Սուրբ Առաքելոցի չորս կողմում մզկիթներ են, դրանց մինարեթներն էլ մի քանի անգամ բարձր են նրա գմբեթից, բայց մարդիկ առաջինը հենց մզկիթ դարձված եկեղեցին են նկատում: Մեզ հետ զբոսնող թուրք լրագրող Բուրչուն էլ հենց տեսնում է Սբ. Առաքելոցը, մատով ցույց է տալիս, թե տեսեք` եկեղեցի է:
Իմիջիայլոց, մեր բռնազավթած հողերում կարծես սովորական երեւույթ է, ամեն հայկական քարի չորս բոլորը մզկիթներ են կառուցված:
Շրջում ենք հայկական հին փողոցներից մեկով, որը կոչվում է Հին էրզրումի պողոտա: Այստեղ է գտնվում նաեւ Չարենցի ենթադրյալ տունը. ասում ենք ենթադրյալ, որովհետեւ ստույգ տեղեկություններ չկան, հատկապես որ տեղաբնակ քրդերը տարբեր մարդկանց տարբեր տներ են ցույց տալիս` որպես Չարենցի տուն, միայն թե մի քիչ փող աշխատեն:
Ինչեւիցե, այդ տունը լիովին փլված է, կանգուն մնացած պատերի ներսում էլ աղբանոց է: Ներս եմ մտնում, շրջում ներսում. Բուրչուն նկարում է ինձ, սրտովս չէ, բայց միայն ժպտում եմ, ի՞նչ բացատրեմ, որ ավերակների մոտ արված նկարներն ինչի՞ս են պետք ու որ մխիթարություն է` գուցե այս աղբանոցը Չարենցի հետ ոչ մի կապ էլ չունի:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարս