Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական տարածքում ներկա է գտնվել «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում կառուցված շենքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:
Հանրապետության ղեկավարը շրջել է բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Ծրագրի շրջանակում կառուցված ժամանակակից ճարտարապետական լուծումներով շենքն ունի 315 բնակարան:
Նախագահի հանձնարարությամբ` «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կազմակերպության միջոցների հաշվին բնակարան է նվիրաբերվել համալսարանական զոհված ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի ընտանիքին: Միջոցառման ընթացքում զոհված ազատամարտիկի ընտանիքին հանձնվել են բնակարանի բանալիներն ու սեփականության վկայականը:
Հանրապետության ղեկավարին ներկայացվել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի 2-րդ փուլի աշխատանքների ընթացքը ևս: Մասնավորապես` նշվել է, որ այսօր շահագործման հանձնված շենքային համալիրի հարևանությամբ կառուցվում է նոր բազմաբնակարան շենք, որը հնարավորություն կընձեռի Հայաստանի մեկ տասնյակ պետական բուհերի երիտասարդ մասնագետներին մատչելի պայմաններով բնակարաններ ձեռք բերել:
Համաբուհական ծրագրի շրջանակում շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2010թ. մայիսին: Այն շահագործման կհանձնվի 2012թ. նոյեմբերին: Երկրորդ փուլի աշխատանքներն իրականացվում են` հաշվի առնելով երիտասարդ մասնագետների կողմից ծրագրի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը, մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու նրանց ցանկությունը, նպատակ ունենալով նպաստել երիտասարդ գիտնականների սոցիալական և բնակարանային խնդիրների լուծմանը:
Նախատեսվում է բազմաբնակարան շենքեր կառուցել նաև Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքների երիտասարդ ընտանիքների համար: Առաջիկայում նախատեսվում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր իրականացնել երիտասարդ բժիշկների, լրագրողների և միջազգային մրցաշարերում հաղթանակած ու Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած երիտասարդ մարզիկների համար: