Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 9-ին Իսպանիայի խորհրդարանը մերժել էր ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խնդրագիրը, որը ներկայացրել էին Կատալոնիայի անկախական եւ Բասկերի ազգայնական կուսակցությունները:
Իսպանիայի Հայ Դատի հանձնախումբն այդ կապակցությամբ ներկայացնում է հետեւյալ նկատառումները:
Երկրի նախագահ Ռոդրիգես Զապատերոն 2004 թ.-ին ՄԱԿ-ին ներկայացրեց Քաղաքակրթությունների դաշինքը: Թուրքիան, որը միացել է այդ դաշինքին, ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը, իր գործողություններով հակասում է դաշինքի ոգուն, նույնը` Իսպանիայի խորհրդարանը, մերժելով ընդունել վերոհիշյալ խնդրագիրը, փաստորեն, անվավեր է ճանաչում Քաղաքակրթությունների դաշինքը:
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ կան այլ առաջնահերթություններ Հայաստանի հետ քաղաքական օրակարգում, Հայ Դատի հանձնախումբը մատնանշում է, որ խնդիրների մեծ մասը, որոնց բախվում է Հայաստանը, ուղղակիորեն կապված են Թուրքիայի՝ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրի պատասխանատվությունից հրաժարվելու հետ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը նույնպես կապված է այս հարցի հետ: Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են իրենց հակահայ քաղաքականությունը: Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, ինչը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, չի համաձայնում վավերացնել 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Ադրբեջանը, բացի այն, որ չի շտապում կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը, շարունակ ոչնչացնում է Նախիջեւանի հայկական պատմամշակութային հուշարձանները:
Չճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Իսպանիան, այդպիսով, չի ընդունում Եվրախորհրդարանի դիրքորոշումը, որը 1987թ.-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւ էր ընդունել: Դատապարտելով մարդկության դեմ հանցագործությունները, ռասիզմի եւ այլատյացության ցանկացած դրսեւորում` Եվրամիությունը հայտարարում է, որ դա ցանկացած երկրի ու կազմակերպության գերակայությունը պետք է լինի` անկախ գաղափարական եւ քաղաքական հայացքներից:
«Ժամանակը չի մեղմում հանցագործությունների լրջությունը, եւ յուրաքանչյուրի պարտականությունն է կանխել այն հայտարարությունները, որոնք արդարացնում են անպատժելիությունը: Մենք պատասխան չենք ուզում: Մենք պահանջում ենք պատմական արդարություն»,- ասվում է Իսպանիայի Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ: