Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի Իզմիր քաղաքից Երևան ժամանած` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջեմ Թերզին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ նշեց, որ նախաձեռնել ու ստեղծել է «Ժողովուրդների կամրջում» միությունը, որը պայքարում է ժողովուրդների դեմ ատելության սերմանման քաղաքականության դեմ:
Նա շեշտեց, որ Հայաստան է եկել հայերից ներողություն խնդրելու համար, եւ նշեց, որ իրենց միության անդամները գլուխ են խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ ու ներողություն են խնդրում հայերից:
Թերզիի խոսքով` ցեղասպանությունը նախապես պլանավորված գործողություն է, որի նպատակն է ոչնչացնել տվյալ ազգին և նրան պատկանող բոլոր արժեքները: Թուրք պրոֆեսորը նշեց, որ 1915թ. իրականացված գործողությունները նպատակ ունեին ոչնչացնել հայերին, ոչնչացվեցին հայերի հասարակական-քաղաքական կառույցները, մշակույթը:
«100 տարի առաջ իրականացված ցեղասպանությունը ժխտելը նշանակում է նույն գործողությունները շարունակել այսօր: Ցեղասպանություն իրականացրած հանցագործների անուններով այսօր Թուրքիայում փողոցներ ու հրապարակներ են կոչվում, ես դա անընդունելի եմ համարում: Թուրք ժողովրդի 100-ամյա լռությունն անընդունելի է, դա ցեղասպանության տրամաբանության շարունակություն է նշանակում»,- ասաց Ջեմ Թերզին` հավելելով, որ իրենց ստեղծած միությունը ընդունում է քաղաքական պատասխանատվությունը 1915թ. դեպքերի համար, և իրենք փոփոխություն են ուզում:
«Մենք պահանջում ենք, որ այդ հանցագործների անունները հանվեն թուրքական փողոցների վրայից: Իրականությունը պետք է ընդունել: Պահանջում ենք նաև մեր իրավունքը` սուգ պահելու և 1915թ. հիշատակի միջոցառումներ կազմակերպելու համար: Որպես մի պետության ժառանգորդ, որն իրականացրել է այդ ցեղասպանությունը, անհրաժեշտ եմ համարում անընդհատ բարձրաձայնել, կրել դրա պատասխանատվությունը, այլ ոչ թե հերքելը»,- ասաց թուրք պրոֆեսորը` հավելելով, որ Թուրքիան ժողովրդավարացման համար պարտավոր է ընդունել ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առերեսվել իրականությանը` հանուն եղբայրության:
Ջեմ Թերզիի խոսքով` չպետք է երես տան այն ղեկավարներին, որոնք տանում են ժխտողականության քաղաքականություն, քանի որ ժխտելը մտքի ազատություն չէ: Նա նշեց, որ պայքարելու է այդ ժխտման դեմ, պահանջելու է որ Թուրքիան ընդունի ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Պահանջում ենք, որ այդ պատասխանատվությունը լինի իրավական ու քաղաքական տեսանկյունից, որովհետև արդարություն ենք պարտք մնացել»,- ասաց թուրք պրոֆեսորը: