կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 16:47
Առանց Կատեգորիա

Սկանդալային բիզնես լեդին արդարություն է պահանջում

Սկանդալային բիզնես լեդին արդարություն է պահանջում

Սիլվա Համբարձումյանը արդարություն է պահանջում: Չէ, ոչ թե, որ իրեն Սյունիքի մարզպետը ժամանակ առաջ ապտակել է, ոչ թե, որ իր բիզնեսները ճնշում են, ոչ թե, որ ինքն իրեն անհանգստացնող հարցով դիմել է դատարան, իսկ այն չի բավարարել իր հայցը, այլ, որովհետեւ ինքը տասը միլիոն, ուշադրություն` տասը միլիոն դոլար կաշառք է տվել մեկին, բայց` ապարդյուն:

Թե ո՞ւմ է կոնկրետ տվել այդ գումարը տիկին Համբարձումյանը, կասի այս չորեքշաբթի օրը, երբ ասուլիս կտա, բայց կաշառակերի ով լինելը հարցի երկրորդ մասն է, եթե ոչ` երկրորդական: Փաստն այն է, որ տիկինը հայտարարում է հանցագործության մասին, ինչպիսին հանդիսանում է կաշառքը, եւ հատկապես, որ այն խոշոր չափերի է հասնում, ուրեմն խոսքը գնում է խոշոր հանցագործության մասին, որի մասնակիցներից մեկը, փաստորեն, Սիլվա Համբարձումյանն է, քանի որ հենց նա է, իր իսկ խոսքերով, կաշառք տվել:

Եթե տիկինը չգիտի, ասենք, որ կաշառատվությունը կաշառակերությունից պակաս հանցագործություն չէ, քանի որ եթե երկրորդն այն է, երբ անօրինական միջոցներով բավարարում ես ինչ-որ մեկի ցանկությունները, ապա առաջինն այն է, երբ սեփական ցանկությունների բավարարման համար դիմում ես անօրինական միջոցների: Հետեւաբար` առնվազն հարցաքննել տիկին Համբարձումյանին մեր իրավապահ մարմինները պարտավոր են:

Այս համատեքստում կարելի է խնդրել տիկին Համբարձումյանին նոր պատմություն չսարքել, եթե այս չորեքշաբթի օրը նրա հայտարարած ասուլիսին ներկայանան ոստիկաններ` լրագրողների փոխարեն, որպեսզի հարցաքննեն տիկնոջը: Դա պետք չէ համարել, ճնշում, բռնություն, քանի որ տիկինը հայտարարել է հանցագործության մասին, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են ընթացք տալ ցանկացած նման հայտարարության, եթե, իհարկե, այդ հայտարարությունները ճիշտ են, ինչը կոնկրետ պարագայում, մեղմ ասած, անհավատալի է:

Բանն այն է, որ տիկին Համբարձումյանը նաեւ հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն իրեն մեծ գումար է պարտք՝ 70 հազար դոլար: Չէ, սա տեսականորեն հնարավոր է, հիմա մարդ ես, կարող է Վարդան Այվազյանի տեղն այնքան նեղն է եղել, որ իր կուսակից Սուրիկ Խաչատրյանից խնդրել է տիկին Համբարձումյանի բջջայինի համարը, զանգել նրան եւ մի քանի տասնյակ հազար դոլար խնդրել, տիկինն էլ սիրահոժար տվել է:

Սիլվա Համբարձումյանը նաեւ հայտարարում է, որ Սուրիկ Խաչատրյանն էլ է իրեն պարտք, ուշադրություն` 102 մլն դրամ, բայցեւ ասում է, որ իր կյանքում երբեք չի հանդիպել Սուրիկ Խաչատրյանի հետ, երբեւէ չի շփվել, հանդիպել է հայտնի ապտակի օրը միայն: Փաստորեն, տիկին Սիլվան մի քանի միլիոն պարտք է տվել նրան, ում կյանքում երբեք չի՞ հանդիպել: Հավատո՞ւմ եք: Ինչ խոսք, դժվար է հավատալ: Մի բան հստակ է՝ երբ այս կամ այն հեղինակազրկված օլիգարխի կամ պաշտոնյայի մասին պատմություններ են պատմում, փաստ չէ, որ ճիշտ են խոսում, այլ հարց է, որ մենք այնքան զզված ենք նրանցից, որ, կամա, թե ակամա, հավատում ենք այդ ամենին, բայց առավել կարեւոր է պարզել, թե ո՞վ է խոսում: Այս պարագայում խոսում է մի գործարար կին, ով, իր իսկ խոսքով, 10 մլն դոլար կաշառք է տվել մեկին:

Անհայտ միլիոնների տիրուհուն մի խորհուրդ միայն կարելի է տալ՝ դատի տվեք բոլոր նրանց, ովքեր Ձեզ իբր նեղացրել կամ նեղացնում են, հակառակ պարագայում` ստացվում է, որ Դուք եք շատերին նեղացրել եւ նեղացնում:

Հովիկ Աֆյան