կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-26 00:21
Աշխարհ

Որդեկորույս ծնողները արդարություն են պահանջում /Տեսանյութ/

Որդեկորույս ծնողները արդարություն են պահանջում /Տեսանյութ/

«Ես տղա եմ մեծացրել, 19 տարեկան դարձրել, որ էս բանակի բորենիները հոշոտե՞ն: Նայեք, թե ինչպես են տանջամահ արել (ցույց է տալիս լուսանկարները)»,- ասաց 2007-ի օգոստոսին Վարդենիսի զորամասերից մեկում զոհված ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջայանի մայրը` Գոհար Սարգսյանը:

 

Մի խումբ որդեկորույս ծնողներ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ և պահանջում են, որ արդար կերպով քննվի իրենց որդիների մահվան գործը:

 

Տիգրան Օհանջանյանի հայրը` Սուրեն Օհանջանյանն, ասաց, որ արդեն երեք տարի է փողոցից մասնակցում են կառավարության նիստերին, բայց ոչ մի աջակցություն, միջնորդություն չեն ստացել կառավարության որևէ անդամից: Միայն մեկ-երկու անգամ պաշտպանության նախարարն է մոտեցել, հարցեր տվել:

 

«Պահանջում ենք, որ հանրապետության դատախազը մեզ ընդունի և պատասխան տա, թե ինչո՞ւ էր զինդատախազ Արմեն Խաչատուրյանը իրեն խաբում, թե երեխան էլեկտրահարվել է: Բայց նա մեզ չի էլ ուզում լսել: Նա թաքցնում է իմ երեխայի սպանությունը»,- ասաց Սուրեն Օհանջանյանը:

 

Անահիտ Մկրտչյանի որդին` ժամկետային զինծառայող Արայիկ Ավետիսյանը զոհվել է 2001-ի հոկտեմբերին: Պաշտոնական վարկածով նա մահացել է ատրճանակի անզգուշ դիմահար կրակոցից: Սակայն մայրն ասում է, որ հենց հարուցված քրեական գործում էլ կան ապացույցներ, ըստ որոնց` իր տղային սպանել է գումարտակի հրամանատարը: Սակայն 2009-ի փետրվարի 10-ի որոշումով, քրեական գործը կարճվել է` սպանություն կատարող անձի անհայտ լինելու պատճառով:

 

«Ասում են, որ բավարար չեն այդ ապացույցները` դիտավորյալ սպանություն կատարելու հոդվածով մեղադրանք ներկայացնելու համար: Երբ մասնագետներին ոչ պատոնապես ցույց ենք տալիս այդ ապացույցները, ասում են բավարար են, ի պաշտոնե դիմում ես` ասում են` բավարար չեն»,- ասաց Անահիտ Մկրտչյանը:

 

Այս տարվա հուլիսին զոհված սպա Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, վստահ է, որ իր որդու մահվան պաշտոնական վարկածը, թե նա ինքնասպան է եղել, իրականությանը չի համապատասխանում: Հավաստացնում է, որ իր որդին աստվածապաշտ տղա էր և նույնիսկ ամենավատ դեպքում էլ ինքսապնություն չէր գործի: Պահանջում է, որ արդար քննությունն իրականացվի և պատժվեն սպանություն մեղավորները (Տեսանյութ):