Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց զոհված հայորդիների ծնողներին ու հարազատներին միավորող «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու մաղթանքները բերեց հայորդիներին Սուրբ Էջմիածին այցի առիթով։ Հայոց Հովվապետը կարևորեց կազմակերպության կողմից ներդրվող ջանքերը՝ հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայած հայորդիների ընտանիքների համախմբման և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Հայոց Հայրապետը հաստատեց, որ զոհված սիրելիների ծանր կորստի ցավը կարելի է սփոփել կարեկից և օգնական լինելով միմյանց, նաև կյանքի կոչելով նրանց նվիրական երազները։ Նորին Սրբությունը հավաստեց, որ Հայոց Եկեղեցու հոգևոր սպասավորները պիտի շարունակեն առանձնակի հովվական խնամք և ուշադրություն ցուցաբերել նման ընտանիքներին՝ զորացնելու նրանց սրտերում հավատն ու լավատեսությունը ապագայի նկատմամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր իր գնահատանքը հայտնեց կազմակերպության անդամներին ազգային արժեքների ամրապնդման, հայրենասիրական ոգով սերունդների դաստիարակության հարցերում դրսևորած նախանձախնդրության համար։
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը նշեց, որ այս օրերին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը աղոթքով հիշում է 1988թ․ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերին՝ տեղեկացնելով, այս առավոտ Մայր Աթոռում, մասնակցությամբ ողջ միաբանության, կատարվել է հոգեհանգստյան կարգ։
Դատապարտությամբ անդրադառնալով Սումգայիթի հայ ազգաբնակչության զանգվածային ջարդերին և տասնյակ հազարավոր հայորդիների բռնի տեղահանությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ անպատժելի մնացած և համընդհանուր դատապարտման չարժանացած այս ողբերգությունը հետագայում տեղիք տվեց ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության նոր ոճիրների՝ ռազմական ճանապարհով Արցախի զավթման, արցախահայության բռնի տեղահանման և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման։
Առկա անվտանգային մարտահրավերների պայմաններում Վեհափառ Հայրապետը հրամայական նկատեց համազգային միաբանությունը, որով հնարավոր է կասեցնել նոր արհավիրքները, ապահովել խաղաղությունը հայրենի սահմաններում և հետամուտ լինել հայրենի հողի վրա Արցախի ժողովրդի անկախ ու անվտանգ կյանքի իրավունքի պաշտպանությանը։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին հայրենիքի առջև ծառացած խնդիրներին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը, ինչպես նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններին։