կարևոր
4594 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-04 19:28
Քաղաքական

Սա ոչ այլ ինչ է, քան պետական տեռոր. Գառնիկ Դանիելյանը՝ Արշակ Սրբազանի կալանավորման մասին

Սա ոչ այլ ինչ է, քան պետական տեռոր. Գառնիկ Դանիելյանը՝ Արշակ Սրբազանի կալանավորման մասին

Ինչպես հայտնի է, Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրում: Այս մասին գրել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:                

«Այս իրադարձությունից առաջ իշխանությունն անցել է ճնշումների: Քիչ առաջ Քննչական կոմիտեում ԱԱԾ կողմից Արշակ Սրբազանի կալանավորումը դրա վառ դրսևորումն է:

Սա հստակ քաղաքական հրահանգ է: Սրբազանը շինծու տեսանյութերի հրապարակումից հետո հայտնել էր, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվում:

Վարչակարգի պարագլխի հետ մի խումբ ուխտադրուժների հանդիպմանը հաջորդեց հայտարարություն, որտեղ Հայ եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հավատարմություն հայտնեցին Վեհափառին:

Սա ևս հիստերիայի առիթ հանդիսացավ վարչակարգի պարագլխի համար:

Սրանք անգամ չեն զլանում ուժայիններին՝ ծառայեցնելով սեփական նենգ նպատակներին, ապօրինի հրահանգներին:

Փաշինյանն այսօր խոստովանեց, որ Պատարագների ժամանակ կաթողիկոսի անունը չհնչեցնելու պահանջը փոխանցվում է ԱԱԾ աշխատակիցների միջոցով:

Սա ոչ այլ ինչ է, քան պետական տեռոր: Օրվա բռնապետական ռեժիմը գործադրում է ահաբեկելու բոլոր միջոցները պետականաքանդ և եկեղեցահալած քաղաքականությանն ընդդիմացողների նկատմամբ:

Աջակցությունս եմ հայտնում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին:

Վստահ եմ, որ Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ մեր եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը ևս»,- գրել է պատգամավորը: