կարևոր
454 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-04 15:21
Աշխարհ

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել մինչև տարեվերջ երկրորդ հանդիպումն անցկացնել

Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել մինչև տարեվերջ երկրորդ հանդիպումն անցկացնել

Իսրայելի և Լիբանանի պատվիրակություններն ԱՄՆ հովանու ներքո առաջին ուղիղ բանակցությունների ժամանակ համաձայնել են նոր հանդիպում անցկացնել մինչև 2025 թվականի վերջը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios-ը։

Առաջիկա բանակցությունների նպատակն է քննարկել սահմանամերձ տարածքներում տնտեսական համագործակցության հեռանկարները և հնարավոր համատեղ նախագծերը, որոնք կարող են նպաստել փոխադարձ վստահության հիմքի ստեղծմանը։ 

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրել երկու կողմերի վրա՝ ԱՄՆ մասնակցությամբ ուղիղ բանակցություններ վարելու նպատակով։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով, ում անունը չի նշվում, ԱՄՆ-ի երկարաժամկետ տեսլականը սահմանի երկայնքով «Թրամփի տնտեսական գոտի» ստեղծելն է, որը զերծ կլինի «Հեզբոլլահ»-ից և ծանր զինամթերքից։

Լիբանանի և Իսրայելի միջև սահմանին գտնվող Նակուրա քաղաքում դեկտեմբերի 3-ին կայացած հանդիպումն Իսրայելի և Լիբանանի միջև առաջին ուղիղ հանդիպումն էր 1993 թվականից ի վեր, որի արդյունքները կողմերը դրական են գնահատել։

Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելն ակտիվացրել է Լիբանանում իր հարվածները՝ պայքարելով «Հեզբոլլահ»-ի կողմից ռազմական կարողությունները վերականգնելու ջանքերի դեմ։

Իսրայելը զգուշացրել է Սպիտակ տանը, որ եթե «Հեզբոլլահը» շարունակի վերազինվել ներկայիս տեմպերով, ստիպված կլինի վերսկսել պատերազմը՝ կրկին թուլացնելու զինյալ խմբավորումը։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝  մինչ օրս Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը կազմել է 5163։ Հարձակումների հետևանքով զոհվել է 309 և վիրվավորվել ևս Լիբանանի 598 քաղաքացի։ 

Հակառակ հրադադարի համաձայնագրի՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։