կարևոր
991 դիտում, 59 րոպե առաջ - 2025-12-04 19:56
Աշխարհ

Հայաստանն անձամբ է ընդհատել ԼՂ բանակցությունները և բաց թողել կարգավորման հնարավորությունները․ Զախարովա

Հայաստանն անձամբ է ընդհատել ԼՂ բանակցությունները և բաց թողել կարգավորման հնարավորությունները․ Զախարովա

Հայաստանը ժամանակին ընդհատել է առարկայական բանակցությունները, որտեղ կար նաև հակամարտությունը կարգավորելու հնարավորւթյուն՝ հաշվի առնելով բնակչության շահերը. թող պատասխանեն, թե ում մեղքով ամեն ինչ այսպես ստացվեց։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարության կողմից ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումը։

Զախարովան նշել է, որ Մոսկվան երբեք բանակցություններ չի վարել այնպես, ինչպես Երևանում են արտահայտվել, Արցախի անկախության կամ Հայաստանին նրա միացման շուրջ։ «Ինչ վերաբերում է 2021 թվականին ԶԼՄ-ների հարցին Իգոր Վալենտինովիչ Պոպովի պատասխանին, ապա ես կցանկանայի հիշեցնել. Մինսկի խմբի այն ժամանակվա ռուսաստանցի համանախագահը փաստերով հերքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածում արված այն պնդումը, թե կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները հանգում էին Ադրբեջանին յոթ շրջանները «հենց այնպես» վերադարձնելուն՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու։ Իրականում ամեն ինչ մի փոքր այլ է եղել, եթե ոչ լիովին հակառակը։ Դրանում համոզվելը հեշտ է. պետք է ուշադիր կարդալ Հայաստանի կառավարության կայքում հրապարակված Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին հռչակագրի նախագիծը, ինչպես նաև նշված հռչակագրին աջակցելու մասին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտարարության նախագիծը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի նախագիծը», — նշել է նա։