կարևոր
3019 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-11 14:31
Քաղաքական

Թյուրքական պետությունների ղեկավարներին Ալիևը հրավիրել է Արցախի օկուպացված տարածքներ

Թյուրքական պետությունների ղեկավարներին Ալիևը հրավիրել է Արցախի օկուպացված տարածքներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մուսուլմանական երկրներին տրամադրում է Հայաստանի դեմ։ Այսօր թյուրքական պետությունների կազմակերպությունների գագաթաժողովում ելույթ ունենալով նա հիշել է Ակնայի վիճակը։

«Աղդամը միջազգային փորձագետները համարում են Կովկասի Հիրոսիմա։ Այնտեղ 67 մզկիթներից 65-ն ավերված են, իսկ մնացած երկու մզկիթներին հասցվել է մեծ վնաս, նրանք օգտագործվել են խոզեր ու կովեր պահելու համար։ Դա վիրավորական է ողջ մուսուլմանական աշխարհի համար»,-ասել է Ալիևը։

Նա դժգոհել է, որ Հայաստանն ականապատել է  տարածքները, որոնք հիմա օկուպացված են Ադրբեջանի կողմից։

Նրա խոսքով, այդտեղ 1 մլն ական է տեղադրվել, իսկ 2020թ. պատերազմի ավարտից մինչ օրս ականների պայթյունի հետևանքով մահացել կամ ծանր վիրավորվել են Ադրբեջանի 270 քաղաքացիներ։

Ալիևն ուրախություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահը երեք անգամ եղել է Ղարաբաղում։ Նա ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ է հրավիրել թյուրքական պետությունների ղեկավարներին, ապա շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի ու Ղազախստանի նախագահներին, որոնց ցուցաբերած աջակցությամբ Վարանդայում կառուցվելու է դպրոց ու ստեղծագործական կենտրոն։