կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-07 15:33
Հասարակություն

Էրդողանը թյուրքական պետությունների ղեկավարների հետ քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը

Էրդողանը թյուրքական պետությունների ղեկավարների հետ քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների հետ, քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գրասենյակի հաղորդագրության մեջ։

Թուրքիայի ղեկավարը զրուցել է Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևի հետ։

Էրդողանը Տոկաևի հետ զրույցում նշել է, որ Անկարան ուշադիր հետևում է Ղազախստանի իրադարձություններին և համերաշխ է նրա հետ։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ թուրքական պետությունների կազմակերպությունը հայտարարության մեջ նույնպես համերաշխություն է հայտնել Ղազախստանին։ Թուրքական պետության ղեկավարը Ղազախստանում նոր կառավարության շուտափույթ ձևավորման, երկրում իրավիճակի դեէսկալացիայի հույս է հայտնել, նաև՝ որ Ղազախստանի ժողովուրդը երկխոսության և փոխադարձ վստահության հիման վրա կհաղթահարի առկա խնդիրները։

Էրդողանը վստահեցրել է, որ Անկարան պատրաստ է անհրաժեշտության դեպքում տեխնիկական տեղեկատվությունն ու փորձը փոխանցել Ղազախստանին։

Ադրբեջանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի գործընկերների հետ հեռախոսազրույցում Էրդողանն ընդգծել է, որ Ղազախստանի անվտանգությունն ու կայունությունը կարևոր է ամբողջ տարածաշրջանի, առաջին հերթին՝ հարևան երկրների համար։ Նա վստահություն է հայտնել, որ եղբայրական Ղազախստանի խնդիրները կլուծվեն երկխոսության միջոցով։