կարևոր
1522 դիտում, 1 օր առաջ - 2025-02-14 13:02
Հասարակություն

Թուրքիայում համշենահայերի խաղիկների գիրք է լույս տեսել

Թուրքիայում համշենահայերի խաղիկների գիրք է լույս տեսել

Անկարայում գործող «Իզան» հրատարակչությունը տպագրել է համշենահայ մտավորական Հուրիյե Շահինի կազմած նոր գիրքը համշենահայերի խաղիկների մասին։ «Համշեցնակ անանուն խաղիե» («Համշեներեն անանուն խաղիկներ») վերնագրով գրքում տեղ են գտել 46 հոգու մտապահած խաղիկները, որոնք մինչ այդ հրատարակվել են նաև «Համշեցու գոր» ամսագրի էջերում։

Այդ մասին www.akunq.net կայքէջը տեղեկանում է գրքի կազմող Հուրիյե Շահինի ֆեյսբուքյան էջից։

Հեղինակը հայտնում է, որ խաղիկներն իրեն փոխանցած այդ 46 հոգու անունները ներկայացված են գրքի վերջին էջում։ Հուրիյե Շահինն իր երախտագիտությունն արտահայտելով գրքի կազմման աշխատանքներում ընդգրկված անձանց՝ հատուկ շնորհակալություն է հայտնում Յուսուֆ Վայիչին և Մելիյե Բալջիին։

Գրքի կազմի վրա նշված է․ «Մեր տարածաշրջանի գրեթե յուրաքանչյուր անկյունում մշակութային արժեքները վերանում են՝ ասիմիլացիոն քաղաքականության հետևանքով։ Այդ վայրերից մեկն էլ Սևծովյան շրջանն է։ Ահա թե ինչու ժողովեցինք  դարեր շարունակ բանավոր կերպով մեզ հասած համշեներեն անոնիմ խաղիկները՝ դրանք ամբողջովին անհետանալու վտանգից փրկելու համար»։

Հիշեցնենք, որ Հուրիյե Շահինը բազմաթիվ այլ գրքերի հեղինակ է։

Մելինե Անումյան

www.akunq.net