Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ 2017թ. դեկտեմբերին լույս է տեսել Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանի հեղինակած «Հայտնագործիր Հայաստանը 25 պատմվածքով» ճապոներեն լեզվով գիրքը, որը 25 պատմվածքներով ճապոնացի ընթերցողին է ներկայացնում Հայաստանը, երկրի պատմության, մշակույթի և կենցաղի առանձնահատկությունները:
Հիմնաբառերով վերնագրված 25 պատմվածքներին («Ծիրան», «Դուդուկ», «Ցեղասպանություն», «Քրիստոնեություն», «Կրթություն», «ՏՏ-ի երկիր» և այլն) զուգահեռ՝ տրվում են թեմային վերաբերող փաստեր, և առանձին ներկայացվում է ճապոնական համապատասխան մշակութային արժեքի կամ պատմական իրադարձության հետ կապը:
128 էջանոց գրքում հակիրճ և միևնույն ժամանակ բովանդակալից անդրադարձ է կատարվում հայ ժողովրդի պատմության այնպիսի կարևոր իրադարձություններին, ինչպիսիք են` Հայոց գրերի գյուտը և քրիստոնեության ընդունումը՝ ներկայացնելով նաև հայոց պատմության ողբերգական էջերը, մասնավորապես` Հայոց ցեղասպանությունը և 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժը:
Պատմվածքներ կան նաև Հայաստանի կրթական ավանդույթների և զարգացում ապրող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ: Ներկայացված են ՏՏ ոլորտում հայ մասնագետների վերջին ձեռքբերումները և այդ հարցում կրթական կենտրոնների կարևոր դերը:
Գիրքը պատմում է հայկական անտիկ և միջնադարյան ճարտարապետության կոթողների մասին, տեղեկություններ է հաղորդում հայկական խոհանոցի և առանձին ուտեստների (այդ թվում՝ տոլմայի բաղադրատոմսը), յուրօրինակ համ ունեցող մրգերի և հայկական կոնյակի ու գինու մասին՝ ներկայացնելով նաև հայկական հյուրընկալության պատմական ավանդույթները:
Ճապոներենով լույս տեսած նախադեպը չունեցող Հայաստանի մասին այս գիրքը կարող է ուղեցույց հանդիսանալ ճապոնացի զբոսաշրջիկի համար։