կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-09 11:56
Տարածաշրջան

Հարյուրամյա անեծք. Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին նոր գիրք է լույս տեսել

Հարյուրամյա անեծք. Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին նոր գիրք է լույս տեսել

Ադնան Չելիքն ու Նամըք Քեմալ Դինչը Տիգրանակերտում (Դիրաբեքիր) Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունների հիման վրա «Հարյուրամյա անեծք. հասարակության հիշողության հետքերով` 1915 Տիգրանակերտ» վերնագրով գիրք են հրատարակել:

 

«Տիգրանակերտը 1915 թվականը խորհրդանշող  քաղաքներից է թե’ իր հայ բնակչության, թե’ հյուսիսում ապրող հայերի` դեպի հարավ տեղահանության ժամանակ անցած ճանապարհը լինելու պատճառով»,- գրում է թուրքական Radikal-ը:

 

Ըստ կայքի` նոր գրքի շապիկը ևս պատահական չի ընտրվել: Այն հայահոծ Չունգյուշին կից Ենիքյոյի (Նոր Գյուղ-խմբ.) մոտակայքում գտնվող Դյուդեյի լուսանկարն է, որը, ինչպես ներկայացվել է գրքում,  կոտորածների վայրերից մեկն է:

 

Radikal-ի հետ զրույցում Չելիքն ու Դինչը  ներկայացրել են գիրքը:

 

«Մինչև չանցնի 100 տարի, հայերի անեծքը չի վերանա այս հողերից». մեջբերելով իր հոր այս խոսքերը`  Չելիքն ասել է, որ գրքում 1915 թվականի մասին տիգրանակերտցիների վկայությունները տարբեր են:

«Այս ժամանակահատվածում խոսվում է նաեւ քրդերի մասին: Սակայն ճիշտ չի լինի, եթե օգտագործվի «քրդերը Ցեղասպանություն իրագործեցին» արտահայտությունը, քանի որ գրքում կան վկայություններ, որ քրդերը նաև օգնել են»,- ասել է Չելիքը:

 

Ըստ գրքի համահեղինակ Դինչի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ շատ հայերի չէին կոտորում՝  նրանց`  «արհեստավոր ինքնության» պատճառով:

 

«Զրուցեցինք Լիջեյում Ցեղասպանությունից փրկվածներից մեկի որդու հետ: Նրա ընտանիքում 30-ից ավել մարդ է սպանվում, սակայն Լիջեյի բեյերից (պարոններից- խմբ.) մեկը «փրկում» է նրա 14-ամյա հորը: Ասում է՝ «սրան էլ սպանենք, բա ո՞վ մեզ համար կոշիկ կարի»,- պատմում է Դինչը:

Չելիքը ներկայացրել է նաև, թե ինչու է վկայություններում հայերի համար օգտագործվել «ֆիլեհ» բառը:

 

«Ֆելիհ» քուրմանջը (հյուսիսքրդական լեզու -խմբ.) լեզվում նշանակում է գյուղացի, այն ունի արաբական ծագում և չի օգտագործվել բացասական իմաստով: Սակայն կան դեպքեր, երբ նվաստացուցիչ իմաստ է պարունակում: Օրինակ՝ «ես քո հոր հա՞յն եմ»,- ասել է Չելիքը:

 

Ըստ նրա՝ որքան էլ հայերը «երկրորդ կարգի» մարդ համարվեին, նրանք մեծ ազդեցություն ունեին քրդերի մշակույթի վրա: Օրինակ, ինչպես ներկայացվում է գրքում, քուրդ երեխաները խաչ էին պատրաստում:

 

«Ես շատ լավ եմ հիշում այդ սովորույթը: Մեծ մայրս հաց թխելիս մրով միշտ խաչ էր անում մեր ճակատներին: Կային հայկական անուններով երեխաներ: Պատճառն այդ ընտանիքի մահացած երեխաներն էին, որոնց անունները տալիս էին նորածիններին»,- ասել է Չելիքը:


Դինչի կարծիքով՝ որքան էլ հայերի հիշողություններում քրդերը դրական չհիշվեն, քրդերի մոտ հակառակն է:

 

«Հայերին շատ լավ են հիշում: Նրանց մասին ասում են՝ «շատ կարող էին, իրենց գործը լավ գիտեին»,- ասել է նա:

 

Դինչն ու Չելիքը գրքում ներկայացրել են նաև մշակության ցեղասպանությունը:

 

«Ոչնչացնելով հայերի թողածները՝ փորձեցին մոռացնել, որ նրանք այստեղ են եղել: Գանձ որոնողների և պետության ջանքերով հայերի թողած մշակութային արժեքները վերացնելու ցանկություն առաջացավ»,- ասել է Չելիքը:

 

Ըստ գրքի համահեղինակ Դինչի՝ հայերի ունեցվածքը Ցեղասպանության ամենակարևոր դրդապատճառն էր:

 

«Քուրդ աղաներն ու բեյերը հայերի ունեցվածքի համար պետության հետ դաշինք կնքեցին և հետո դրա դիմաց վճարվեցին: Ձեռք դրեցին ոչ մուսուլմաններին պատկանող գյուղերին, կենտրոնական քաղաքներին, առանձնատներին…Օրինակ՝ որպես «Ջահիթ Սըքթը Թարանջը» թանգարան օգտագործվող վայրը հայի առանձնատուն է»,- ասել է նա:

 


(Ադնան Չելիք, Նամըք Քեմալ Դինչ)