կարևոր
5182 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-18 14:45
Հասարակություն

Հայոց լեզվի Համշենի բարբառի մասին նոր գիրք է լույս տեսել Թուրքիայում

Հայոց լեզվի Համշենի բարբառի մասին նոր գիրք է լույս տեսել Թուրքիայում

Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչատունը լույս է ընծայել հայտնի համշենահայ մտավորական Մահիր Օզքանի «Համշենցնակ․ համշենահայերէն» վերնագրով աշխատությունը։

Akunq.net-ի փոխանցմամբ՝ հայոց լեզվի Համշենի բարբառի քերականության ուսումնասիրությանը նվիրված սույն մենագրությունը նպատակաուղղված է գիտականորեն ապացուցել համշենահայերենի` հայոց լեզվի բարբառներից մեկը լինելու փաստը։ Հեղինակը մանրամասն պարզաբանում է այդ հարցը՝ հայոց լեզվի Համշենի բարբառը համեմատելով արևմտահայերենի հետ։

Գրքի նպատակն է վերջակետ դնել Թուրքիայի պետական ասիմիլացիոն քաղաքականության հետևանքով տարածված այն թյուր թեզին և ծավալված քննարկումներին, թե իբր համշենահայերենը կապ չունի հայոց լեզվի հետ։

Հեղինակը գրքում ներկայացնում է համշենահայերենի քերականությունը, բառամթերքը, ներկայում այս բարբառը պահպանելու ճանապարհին հանդիպող դժվարությունները։ Մահիր Օզքանը սույն մենագրությամբ նպատակ ունի ոչ միայն լույս սփռել հայոց լեզվի Համշենի բարբառի ուսումնասիրության վրա, այլ նաև՝ նպաստել նրա պահպանմանը։

Հիշեցնենք, որ սույն ուսումնասիրությունը հեղինակի առաջին գիրքը չէ։ Մինչ այդ, Մահիր Օզքանը հրապարակել էր «Համշենեան պատմուածներ», «Արտագաղթը փոփոխվող աշխարհում», «Հարավարևելյան ընտրողի վերաբերմունքը» և այլ աշխատություններ։ Նա հայոց լեզվի Համշենի բարբառով թարգմանել ու տպագրել էր նաև Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» երկը։

Մահիր Օզքանը ծնվել է 1978 թ․ Արդվին նահանգում։ 1999 թ․ ավարտել է Չուքուրովայի համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետը։ 2008-2011 թթ․ «Ակօս»-ում հրապարակել է համշենական պատմվածքներ, որոնք հետագայում լույս է ընծայել մեկ գրքով։ 2016 թ․ նրա թարգմանությամբ հայոց լեզվի Համշենի բարբառով լույս է տեսել Ան․ Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը։ Մահիր Օզքանը նաև 2014 թ․ ի վեր հրապարակվող «Գոր» համշենյան հանդեսի խմբագիրներից է։ 2009-2014 թթ․ համացանցի միջոցով սփռվող «Նոր ռադիոյում» հանդես է եկել «Համշենյան պատմվածքներ» խորագրով հաղորդաշարով։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը շնորհավորում է հեղինակին և համայն հայությանը՝ այս նոր գրքի կապակցությամբ՝ նրան նորանոր հաջողություններ մաղթելով։

Մելինե Անումյան

Akunq.net