Փոխարժեքներ
25 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Սիրիայի նախկին արաբական բանակի ստորաբաժանումները ինտեգրվելու են նոր զինված ուժի՝ Սիրիայի ազգային բանակի եւ ջիհադական խմբավորումների ղեկավարության ներքո, ինչպիսին է ՀԹՇ: Անկարայում լի են վճռականությամբ՝ չկրկնել ազգային բանակը ցրած ամերիկացիների կողմից Իրաքում թույլ տված սխալը։ Հայտնի է՝ Իրաքում «դեասադացման» գործընթացը հանգեցրել է արմատական զինված խմբավորումների եւ բազմամյա ներքին հակամարտությունների ի հայտ գալուն։ Սիրիայում նման հակամարտության տարածումը կարող էր երկարաժամկետ հետեւանքներ ունենալ նաեւ Թուրքիայի հարավային սահմանի վրա՝ րնա գրեթե 1000 կմ երկարությամբ խոցելի հատվածում: Գործողությունների ծրագիրը սկսվում է անվտանգության ենթակառուցվածքի ստեղծմամբ՝ աշխարհազորայիններին եւ ապստամբական խմբավորումներին ինտեգրելով «նոր» սիրիական բանակին եւ իրավապահ մարմիններին՝ «Ասադի ռեժիմի» ժամանակների հանցագրծոթյուններին մասնակից անձանց վերացումից հետո: Անկարան ձգտում է, որպեսզի ՀԹՇ-ի առաջնորդ ահմեդ ալ-շարան (աբու-մուհամեդ ալ-ջուլիանի) շփվի փոքրամասնությունների՝ այդ թվում դրուզների եւ նույնիսկ քրդերի ու ալեւիների հետ, սակայն այդ ջանքերի հաջողությունը դեռեւս պարզ չէ.Ըստ ամենայնի՝ քաոսն ու բռնությունները երկրում, հատկապես խոշոր քաղաքներից դուրս, չեն դադարում:
Բացի այդ, Անկարան ծրագրում է ներգրավել սիրիացի բարձրաստիճան գործիչների, որոնք «ստամբուլյան» ընդդիմադիր խմբի մաս էին կազմում, որը ստեղծվել էր թուրքական իշխանությունների եւ հետախուզության աջակցությամբ 2011 թ-ին՝ Սիրիայում զանգվածային անկարգությունների սկսվելուց հետո: Նրանց թվում են Դամասկոսի Ումայադների մզկիթի նախկին իմամ Ահմադ Մոազ ալ-Խաթիբը, 2012-2013թթ. «Սիրիական ազգային խորհրդի» ղեկավարը, ինչպես նաեւ 2012 թ-ի Թուրքիա փախած նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը, որը Ժնեւում արագ հանգած բանակցությունների մասնակից էր: Մեկ այլ քաղաքական գործիչ Խալեդ Խոջան է՝ սիրիացի թուրքոման, ով Թուրքիայի քաղաքացիություն ստանալուց հետո դարձել է Ալպտեկին Խոջաօղլու, 2015-2016-աններին ղեկավարել է «Ստամբուլի» ընդդիմադիր SNC խումբը (Էրդողանի հետ նրա հարբերությունները կարող են լարված լինել, քանի որ ավելի ուշ Խոջան միացել է Թուրքիայի ապագա նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կուսակցությանը)։
Հաջորդը Փարիզում բնակվող սիրիացի քրիստոնյա քաղաքական գործիչ Ջորջ Սաբրան է, ով 2012 թ-ին գլխավորել է Սիրիայի ազատ բանակը (ՍԱԲ), որը լքել է այն 2018 թ-ին: Նրա հնարավոր ընդգրկումը «ժամանակավոր կառավարությունում» կարող է բարձրացնել նրա օրինականությունը եւ մեղմացնել այն մտավախությունները, որ այն կարող է հայտնվել ջիհադականների վերահսկողության տակ: Մեկ այլ թեկնածու է ներկայումս ԱՄԷ-ում բնակվող տնտեսագետ, Մոսկվայի պետական համալսարանի դոկտորանտ Արեֆ Դալիլը, ալավիթը Լաթաքիայից, ով քննադատել է Ասադի ռեժիմը: Ակ-Սարայում նշանառության տակ է քրդական ծագումով սիրիացի քաղաքական գործիչ Աբդելբասեթ Սիդան, որը ծնունդով Հասաքե նահանգից է, որը կարճ ժամանակ ղեկավարել է ՍԱԽ-ը եւ ընդդիմացել PKK-ին ու Սիրիայում նրա մասնաճյուղերին:
Թուրքիան արդեն խոհեմաբար հավաքել է սիրիացի փախստականների շուրջ 3 միլիոնանոց հանրակցությունից ընտրված «էլիտար» խումբ, որը կոչված է վերադառնալու հայրենիք։ Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ դեկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակհատվածում հայրենիք է վերադարձել 7621 մարդ, եւ առաջիկա օրերին սպասվում է այդ գործընթացի շարունակություն:
Եվս մեկ քայլ, որին կարող են դիմել Անկարայում, «ժամանակավոր կառավարության» հետ Սիրիայի տարածքում թուրքական զորքերի ներկայությունն օրինականացնելու մասին համաձայնագրի շուտափույթ կնքումն է, որին կհաջորդի ռազմական պատրաստության եւ պաշտպանական համագործակցության մասին համապարփակ համաձայնագիրը, որը թույլ կտա Թուրքիային օգնել շարունակել «նոր» սիրիական բանակի կառուցումը: Վերջերս լրագրողներին ուղղված ամենամյա ուղերձում պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հասկացնել է տվել, որ համապատասխան փաստաթղթերն արդեն մշակվում են:
Թուրքական ծրագրի հաջորդ քայլը Սիրիայի նոր սահմանադրության մշակման համար Սահմանադրական հանձնաժողովի ստեղծումն է՝ որոշելով փոքրամասնությունների, մասնավորապես՝ քրդերի կարգավիճակը։ Այդ խնդիրը հեշտացնելու համար Անկարան մտադիր է առաջարկել հաշտեցման հանձնաժղով ստեղծել, որը կոչված է պարզեցնել անցումային գործընթացը եւ միավորել պատերազմող խմբերին, ինչը Դամասկոսում ցանկացած ապագա կառավարության լեգիտիմության անհրաժեշտ նախապայման է համարվում:
Այնուամենայնիվ, հիմնարար խնդիր է մնում աջակցել երկրի տնտեսությանը, որը քայքայվել է ներքին հակամարտությամբ, զանգվածային կոռուպցիայով եւ միջազգային պատժմիջոցներով: Թուրքիան հույս ունի ներգրավել իր մերձավոր դաշնակցին՝ հարուստ Քաթարին, եւ, հնարավոր է, այլ երկրներին՝ յաս գործընթացը ֆինանսավորելու համար: Արտաքին քաղաքական գերատեսչությանն արդեն հանձնարարվել է կազմակերպել միջազգային դոնորական համաժողով՝ այդ ջանքերին աջակցելու համար։ Մինչ Ակ-Սարայում, ամենայն հավանականությամբ, կխոսեն միջազգային եւ տարածաշրջանային համագործակցությն մասին, իրականում Էրդողանը ձգտում է ստեղծել նոր Սիրիա իր պետության «պատկերով եւ նմանությամբ»՝ առաջ մղելով կրոնական արժեքները, թուրքական ինքնությունը եւ «նեոօսմանյան» ռեւիզիոնիզմը:
Արդեն այսօր այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Թել Աբյադը եւ Ռաս էլ Այնը, որտեղ հաստատվել է թուրքական ռազմական վերահսկողությունը, սիրիացի նոմինալ նահանգապետերի տեղակալներ են նշանակվել Թուրքիայի սահմանամերձ նահանգների պաշտոնյաները: Անվտնգությունը պահպանվում է թուրք զինվորականների, «Սիրիայի ազգային բանակի», MIT հետախուզության եւ դրանց հետ կապված զինված խմբավորումների համատեղ ջանքերով: Թուրքիան օպերատիվորեն վերականգնել է հիմնական հանրային ծառայությունները, այդ թվում՝ ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը, առողջապահությունը, կրթությունը, շինարարությունը, կապը եւ ենթակառուցվածքները, որպեսզի հարյուրավոր թուրք փորձագետների եւ խորհրդատուների օգնությամբ ապահովի տեղի բնակչության հավատարմությունը դեռեւս 2011 թ-ի վաղեմի ծրագրի համաձայն, որը մասամբ խախտվել էր Իրանի, Ռուսաստանի եւ ամերիկացիների գործողություններով, որոնք համագործակցում են Ռուսաստանում արգելված PKK-ի հետ, եւ այժմ իրավիճակը արմատապես զարգացել է հօգուտ Անկարայի։
Իբրահիմ Քալընի հրապարակային հայտնվելը Դամասկոսում ալ-ջուլանիի հետ եւ րնանց համատեղ աղոթքը Ումայադի մզկիթում դարձել են MIT-ի եւ ՀԹՇ-ի միջեւ երկար տարիների գաղտնի գործընկերության տեսանելի խորհրդանիշ (տես՝ 20241217vpoanalytics «Սիրիան Ասադից հետո. թուրք առաջնորդները նախանշում են հետագա ծրագրերը» հոդվածը-ԳՄ): Թուրքերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում տարբեր օբյեկտների անվանումները վերանվանվում են թուրքական եւ օսմանյան։ Օրինակ՝ Աֆրինի հրապարակը ստացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը, իսկ Ազզազում գտնվող հանրային այգին դարձել է Օսմանյան ազգային պարկ։ Դպրոցական ծրագրերը մշակում է Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը, որն Օսմանյան տիրապետության պատմությունն ամենուր դիտարկում է բացառապես խանդավառ գույներով։ Թուրքիայի պետական համալսարանները բացում են համալսարաններ, եւ Սիրիայի շատ շրջաններում բարձրագույն կրթությունն այժմ կապված է Անկարայի բարձրագույն կրթության խորհրդի հետ: Ստեղծվում են թուրքական մշակութային կենտրոններ՝ տեղի բնակչությանը հյուսիսային հարեւանի լեզուն, մշակույթն ու պատմությունը սովորեցնելու համար, որպես հաշվարկային միջոց ներդրվում է փւրքական լիրա։ Թուրքական պետական բանկերն ու փոստային ծառայությունը բացում են տեղական մասնաճյուղեր, իսկ փոստային ծառայությունն առաջարկում է նաեւ ֆինանսական ծառայություններ: Թուրքիայից ձեւավովում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններ եւ տրվում են բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ անձը հաստատող փաստաթղթեր։ Դատական գործերը մասամբ քննվել են նաեւ թուրքական կառույցների կողմից, ինչպես, օրինակ, Աֆրինում։ Էրդողանի դիմանկարի տեղադրումը պաշտոնական աշխատասենյակներում սովորական է դարձել, ինչպես նաեւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տեղական բաժանմոնքները:
Էրդողանի կառավարությանը ոչ առանց հիմքերի կասկածում են թուրքերի վերահսկողության տակ գտնվող բնակչության ժողովրդագրական կազմի փոփոխության մեջ՝ հարկադրաբար վտարելով անհավատարիմ այն տարրերին, որոնց փոխարեն բնակեցնում են Թուրքիայից եւ Սիրիայի այլ մասերից տեղահանվածներով։ Կրոնական գործերի վարչությունը (Diyanet) ուսուցանում եւ հավաքագրում է իմամներին, որոնք հավատարիմ են «մահմեդական եղբայրների» գաղափարախոսությանը, ինչպես նաեւ այլ, երբեմն շատ ավելի արմատական շարժումներին:
Թուրքիայի սահմանի մոտ համեմատաբար փոքր տարածքում հնարավոր է ապագայի որոշակի պատկեր ձեւավորվի, սակայն այն ավելի մեծ մասշտաբով վերարտադրելը հեշտ գործ չէ, որն ունակ է առաջացնել ամենավիճահարույց արձագանքը: Ամեն դեպքում, Սիրիայում իրավիճակի կայունացման համար կպահանջվի համագործակցություն նրա հարեւանների, տարածաշրջանային տերությունների եւ միջազգային առանցքային խաղացողների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, ենթադրում է Nordic Monitor-ը: Համապարփակ պայմանավորվծությունների բացակայության դեպքում, որոնք ներկայացնելը, նկատենք, շատ դժվար է, Անկարան կձգտի գործել միայնակ, մինչդեռ հետասադական Սիրիային կարող է սպասել կատաղի բախումների, ապստամբությունների եւ զինված հակամարտությունների հերթական տասնամյակը։ Հիշեցնենք՝ երբեմնի Ֆրանսիական մանդատի տակ գտնվող տարածքի մի մասը, որը հայտնի է որպես Ալեքսանդրետի Սանջակ, 1940ից հայտնի է որպես թուրքական Հաթայ նահանգ, եւ չի բացառվում, որ արաբական հանրապետության մյուս շրջաններն էլ վաղ թե ուշ նման ճակատագրի կարժանանան:
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի