կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 17:39
Քաղաքական

Նախիջևանի ուղղությամբ ՀՀ ԶՈւ վերահսկողության ներքո եղող տարածքները շարունակում են նույն կերպ մնալ նրանց վերահսկողության տակ. Փաշինյան

Նախիջևանի ուղղությամբ ՀՀ ԶՈւ վերահսկողության ներքո եղող տարածքները  շարունակում են նույն կերպ մնալ նրանց վերահսկողության տակ. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում  հարցադրում արեց՝ նորությո՞ւն է, որ Ադրբեջանն օրումեջ  հայտարարում է, թե պատրաստ է Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով: «Դա որևէ մեկի համար նորությո՞ւն է»,- կրկնեց նա:

Հարցին, թե Նախիջևանի սահմանահատվածի միջդիրքային տարածքում 800 հա-ից ավելի տարածք է Ադրբեջանը վերցրել իր հսկողության տակ, Փաշինյանն արձագանքեց. «Այդ մարդիկ խոսում են Ադրբեջանի լեզվով: ՊՆ-ն մի քանի անգամ անդրադարձել է այդ հարցին: Ես պաշտոնապես ասում եմ՝ բոլոր այն տարածքները, որոնք եղել են ՀՀ ԶՈւ վերահսկողության ներքո, շարունակում են նույն կերպ մնալ ՀՀ զինված ուժերի վերահսկողության ներքո: 10 օր առաջ այցելել եմ և տեղում  տեսել իրավիճակը, ուստի կարող եմ ասել՝ Նախիջևանի ուղղությամբ զինված  ուժերի ձեռքում է ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ»:

Հարցին` ԱԱԾ-ում շարունակվելո՞ւ են հարցաքննությունները, վարչապետի պաշտոնակատարը կրկնեց ավելի վաղ ասածը. «Եթե պարզվի, որ պետական դավաճանության մեղադրանքը ճիշտ է, մեր նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի»:

Իսկ հարցին՝ Արցախի իշխանությունների հետ քննարկում ունեցե՞լ եք, Փաշինյանն արձագանքեց. «Ինչի՞ մասին: Ես ինչ-որ ասել եմ, ասել եմ հրապարակային, ուստի այդ թեմաներով աշխատանքային քննարկում ունենալու  անհրաժեշտություն չեմ տեսել: Որ պահին կտեսնեմ նման անհրաժեշտություն, կունենամ նաև այդպիսի քննարկում: Քննարկումներ կլինեն, և դրանք կլինեն խիստ արդյունավետ»:

Ճշտմանը՝ Բակո Սահակյանի՞, ռազմական ղեկավարությա՞ն հետ,  նա պատասխանեց. «Ում հետ անհրաժեշտ լինի»: