կարևոր
37099 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-27 11:55
Մշակույթ Հասարակություն

Տեղի է ունեցել «Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին․ պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողովի հոդվածների ժողովածուի շնորհանդեսը

Տեղի է ունեցել «Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին․ պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողովի հոդվածների ժողովածուի շնորհանդեսը

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին ՀՊՄՀ դահլիճում կայացավ «Հայ հասարակական-քաղաքական միտքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին․ պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողովի հոդվածների ժողովածուի շնորհանդեսը։

Ժողովածուի մասին խոսք ասացին Համազգայինի կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, նույն բուհի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը։

«Այս գիրքը մեր օրերի համար փնտրվող ու անհրաժեշտ գիրք է, այն նաև կարող է ուղեցույց հանդիսանալ մեր պատմաբանների ու քաղաքական գործիչների համար, որպեսզի վերջապես կարողանան հասկանալ մի ճշմարտություն՝ մինչև մեզանում ազգային գաղափարախոսությունը ձև ու բովանդակություն չունենա, մենք չենք կարողանա հասարակությանը համախմբել»,- նշել է Ռուզան Առաքելյանը՝ շեշտելով, որ պետք է կարողանալ դասեր առնելով անցյալից՝ ճիշտ քաղաքական ուղով ընթանալ։

Արտաշես Շահբազյանն էլ, անդրադառնալով անցյալի ու ներկայի մարտահրավերներին, կարևորեց․ «Միայն լուսավորյալ ու կրթված ժողովուրդն է, որ ունենում է ինքնության գիտակցություն, ազգային իդեալի գիտակցություն, ազգային տեսլական։ Երբ այդ գիտակցությունը ժողովրդի մեջ պակասում է, ազգի ճակատագիրը դառնում է անորոշ»։ Շահբազյանը հույս հայտնեց, որ ժողովածուն հնարավորություն կտա ուսումնասիրելու անցյալը, վերլուծելու և կատարելու ճիշտ հետևություններ՝ հատկապես ներկայիս ներքին և արտաքին բազում մարտահրավերների պայմաններում։

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը կարևորեց Համազգայինի հետ համագործակցությունը, ինչպես նաև գրքի հրատարակումը՝ նշելով, որ հայ քաղաքական և հասարակական մտքի ակունքները բյուրեղանում են հենց այդ շրջանում։

Բոլոր ներկաները Համազգայինի Երևանի գրասենյակի կողմից ժողովածուի օրինակներ նվեր ստացան։