կարևոր
466 դիտում, 3 ժամ առաջ - 2025-01-19 15:14
Քաղաքական

Թուրքիան ի՞նչ դերակատարում ունի Հայաստանի կրթական ոլորտում

Թուրքիան ի՞նչ դերակատարում ունի Հայաստանի կրթական ոլորտում

Բազմիցս խոսել ենք միջազգային մի շարք կառույցների կողմից Հայաստանում տրամադրված դրամաշնորհների մասին, որոնց իրական նպատակը ոչ թե ժողովրդավարությունը կամ մարդու իրավունքների պաշտպանությունն է, այլ հանրային տրամադրություններ փոխելը, որոշ դեպքերում այլասերում տարածելը կամ որ ավելի վտանգավոր է՝ հայերի մեջ փոխել, վերացնել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ թշնամու կերպարի ընկալումը։ 

Թե ինչպես հաջողվեց հայերի ձեռքով հայերի մեջ թշնամանք տարածել Արցախում, ինչպես հաջողվեց արատավորել հայկական հաղթական բանակի անունը և ինչպես հաջողվեց հանրության մեջ տարածել ազգը, պետականությունը, հայրենիքը, բանակը մերժող լոզունգներ, խոսել ենք մեր նախկին հրապարակումներում։

Այս հրապարակման մեջ խոսելու ենք Հայաստանի պետականության ուղիղ թշնամի Թուրքիայի կողմից կիրառված քայլերի, հովանավորված մարդկանց, թուրքական ծրագրերով ստեղծված հայկական դասագրքերի և այսօր շարունակվող թուրքական քարոզչական թեզերով իրականացվող կրթության մասին։ 

Հայաստանի ազգային կրթության և գիտության գլխավոր թշնամիներից մեկի տիտղոսը ձեռք բերած կովկասագետ Հրանուշ Խառատյանի որդին՝ Արսեն Խառատյանը դեռևս 2000-ականների կեսից ակտիվ զբաղված է հայկական ազգային ինքնության դեմ պայքարով և հետևողականորեն կոտրելով ազգային իմունիտետը։ Այդ նպատակով հետևելով մոր՝ Հրանուշ Խառատյանի օրինակին՝ ակտիվ կապ է պահել հրեական ծագումով միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնած «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հետ ու պարբերաբար դրամաշնորհներ ստացել մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների տարբեր ծրագրերի իրականացման համար։

Արսեն Խառատյանը հայկական բանակում չի ծառայել՝ մեկնելով արտերկիր, ապա վճարել դասալքության համար ու ազատվել քրեական պատասխանատվությունից։ Հետագայում Սորոսի շահառու մի քանի անձանց՝ Արթուր Սաքունցի, Մարո Մաթոսյանի և այլոց հետ հիմնել է «Բանակն իրականում» նախաձեռնությունը՝ թիրախավորելով հայկական բանակն ու փորձելով հնարավորինս վարկաբեկել այն։

ԱՄՆ-ում հաստատված այս մարդը ավելի ուշ լրատվական գործակալություն է հիմնել Վրաստանում՝ հետևողականորեն ներկայացնելով Թուրքիայի և Ադրբեջանի տարբեր գործիչների, խոսելով այդ երկրների մասին առավել դրական լույսի ներքո։ 

2018-ին դառնալով Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական՝ Խառատյանը հիմնական ուշադրություն սկսել է դարձնել Թուրքիայի տարբեր գործիչների հետ շփումների ակտիվացման վրա։ Մի շարք աղբյուրներից ստացված տեղեկություններն ասում են, որ առավել սերտ են Խառատյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի մերձավոր համարվող Ֆեյատ Ասյայի կապերը։ 

Թուրքիայում կոշտ ընդդիմադիր համարվող, սակայն Էրդողանի հալածանքների երբեք չենթարկվող հայազգի Կարո Փայլանի հետ Խառատյանի ընկերության մասին լուսանկարներն էլ են պատմում։ 

Ապրելով ԱՄՆ-ում՝ Արսեն Խառատյանը համակարգում է Հայաստանի դիվանագիտական կառույցների աշխատանքը, բանակցություններ վարում հակառուսական ճակատ կազմելու առումով, ինչպես նաև հանդիպում Թուրքիայի և Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների հետ։

Այս հանդիպումների առանցքային թեմաներից մեկը, թերևս, հայկական կրթական համակարգում Թուրքիայի՝ որպես թշնամու կերպարի վերացումն է։ Ահա թե ինչու ինչպես այսօր, այնպես էլ ավելի վաղ տարբեր ժամանակներում թուրքական մի շարք ուղեղային կենտրոններ նախաձեռնել են հայ գիտնականների հետ հանդիպումներ և համատեղ ծրագրեր, ֆինանսավորել այդ ծրագրերը։ 

Դրանցից մեկը Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամն է, որը հայկական «Իմեջին» կոնֆլիկտների վերափոխման կենտրոնի զարգացման գծով տնօրեն, տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծման ծրագրերի համակարգող Մարիա Կարապետյանի և Երիտասարդ պատմաբանների ասոցիացիայի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի հետ մշակել է հայոց պատմության նոր չափորոշիչներ: 

Մասնավորապես, վերոնշյալ թուրքական հիմնադրամի տված մոտ 20,000 եվրո դրամաշնորհով Մարիա Կարապետյանը և Լիլիթ Մկրտչյանը 2017-ին մշակել են կրթական մի ծրագիր, որը, ինչպես նշված է հեղինակների կողմից, նպատակ ունի «մարտահրավեր նետել պատմության դասագրքերում առկա՝ թշնամու կերպարներին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում»:

Լիլիթ Մկրտչյանի գլխավորած Երիտասարդ պատմագետների ասոցիացիան 2016 թվականից ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացրել է մի նախագիծ, որը կոչվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» բազմափուլ ծրագիր։ Դրան մասնակցում են Հայաստանի և Թուրքիայի մի շարք հկ-ներ։ Այս շրջանակում Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվել է ծրագիր՝ կազմակերպելով Հայաստանի և Թուրքիայի պատմաբանների և պատմության դասավանդողների միջև կապեր և համագործակցություն, ստեղծվել է 12 պատմաբանների և պատմություն դասավանդողների ցանց և կազմակերպվել երկխոսություն և կարողությունների զարգացման սեմինար: 

Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը կրկին Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և թուրք հեղինակների հետ համատեղ 2017 և 2019 թվականներին հրատարակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» և «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները: Դրանցում հատուկ տեղ է հատկացված այն մտքին, որ թուրքերը և ադրբեջանցիները չպետք է ներկայացվեն որպես ջարդարարներ:

Միաժամանակ Հայկական լեռնաշխարհը այս ուսումնասիրություններում ու կրթական ձեռնարկներում ներկայացված է որպես «Անատոլիա», այսինքն այն անվանումով, ինչը ձռենտու է Թուրքիային և այդկերպ մերժվում է այդ տարածքի՝ որպես հայկական քաղաքակրթական բնօրրան լինելու փաստը։ 

Դրան զուգահեռ, 2017-ին Ադրբեջանում մեծ աղմուկ ու դժգոհություն առաջացավ, երբ այդ երկրի դպրոցական 10-րդ դասարանի դասագրքերում տեղադրվել է քարտեզ, որում պատկերված է «ծովից ծով Հայաստանը»։ Ըստ ադրբեջանցի փորձագետների և քաղաքական գործիչների՝ քարտեզում Հայաստանի անվան տակ գտնվող տարածքները իրականում պատկանել են Ադրբեջանին, Վրաստանին, Թուրքիային և Իրանին։

Թուրքիայում նույնպես որևէ ծրագիր չի իրականացվել ի նպաստ հայերի նկատմամբ դրական վերաբերմունքի կամ գոնե խաղաղասիրական նկատառումներով։ Ընդհակառակը՝ երկրի դպրոցներում գրվում են շարադրություններ Հայաստանը գրավելու և հայերի նկատմամբ նոր ցեղասպանություն իրականացնելու թեմաներով։ 

Ստացվում է՝ Հայաստանի կրթական համակարգում օտար ֆինանսավորմամբ նախաձեռնում են հայկական պատմական տարածքների օտարում և դրանք անվանում են թուրքերին ձեռնտու անուններով՝ դա անվանելով համերաշխության ու խաղաղության դրսևորում, իսկ երբ Ադրբեջանում կամ Թուրքիայում նույն կրթական համակարգում Հայաստանը անվանում են Հայաստան, դժգոհություն է առաջանում։ Այդ դեպքում, սակայն, նույն համերաշխության ու խաղաղության կողմնակիցները որևէ ձայն չեն հանում։ 

Ավելի ուշ, արդեն 2018-ի ամռանը նույն անձանց ուղիղ մասնակցությամբ Երևանում սկսվեց ԵՊՀ-ի դեմ «Ռեստարտ» անվամբ շարժում՝ ուսանողներին կոչ անելով չմեկնել զինվորական ծառայության և զբաղվել կրթությամբ։ 

Հատկանշական է, որ ինչպես 2016-17 թվականներին, այնպես էլ 2018-ից հետո թուրքամետ և հայկական բանակի դեմ նախաձեռնությունները պաշտպանում էին այնպիսի գործիչներ, որոնք ակտիվ սնվում էին Սորոսի հիմնադրամից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից կամ հենց Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամից։ Այդ անձինք ծաղրում էին հայկական ազգային ավանդույթները, ազգային դաստիարակչական ծրագրերը՝ փոխարենը քարոզելով կեղծ խաղաղասիրություն։ 

2020 թվականի պատերազմից հետո նոր թափ ստացավ հայկական ազգային արժեքների դեմ պայքարը կրթական համակարգում՝ ակտիվացնելով թուրքական քարոզչությունը։ Այդ գործում իրենց ակտիվ մասնակցությունը շարունակեցին ինչպես արդեն ծանոթ Լիլիթ Մկրտչյանը, այնպես էլ միացան նոր մարդիկ։ 

2023 թվականի սեպտեմբերին  Հայաստանի դպրոցներ մտան Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» դասագրքերը, որոնցում տեղ գտած պատմական ու գիտական սխալները այնքան շատ էին, որ նույնիսկ ակնառու էին ոչ գիտնականների համար։ 7-րդ դասարանի դասագրքում «Հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման պատմաաշխարհագրական միջավայրը։ Հայոց հայրենիքը» բաժնում անտեսվում կամ կասկածի տակ է դրվում հայ ժողովրդի ծագման փաստը՝ նշելով, թե հայերը եկվոր են մեր տարածաշրջան։ Դա, ի դեպ, հայերի ծագման մասին թուրքական պնդումն է։ 

Դասագրքում խոսք չկա Հայկ Նահապետի, Հայկի ու Բելի կռվի, հայերի հաղթանակի և լեռնաշխարհում Հայկի սերնդի տարածման մասին։

Նույն դասագրքում ներկայացված քարտեզներում Արցախը նշված էր Ադրբեջանի կազմում։ 

Հայկական կրթական համակարգում թուրք-ադրբեջանական քարոզչության մեկ այլ օրինակ է 2024-ին լույս տեսած «Իմ հայրենիքը» 5-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակներից մեկը կրկին Լիլիթ Մկրտչյանն է։ 

Դասագրքում «Հայաստանն իմ հայրենիքն է» թեմայում Հայաստանը ներկայացվում է որպես չորս երեխաներից միայն երեքի՝ Անահիտի, Արայի և Արշակի հայրենիք։  «Անահիտի և Արայի հայրենիքը Հայաստանն է, որովհետև նրանք ծնվել ու մեծացել են Հայաստանում: Նրանց տատիկներն ու պապիկները նույնպես ծնվել և ապրում են Հայաստանում: Թեև Արշակն ապրում է արտերկրում, բայց նրա հայրենիքը ևս Հայաստանն է: Նրա ծնողները հայեր են»: Իսկ 4-րդ՝ արցախցի Աստղիկի մասին ոչինչ չի ասվում։ Այսինքն Արցախը դասագրքում չի նշվում որպես հայերի հայրենիք։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորված այս դասագրքում մեջբերում կա 4-րդ դարի Հայոց Տրդատ արքայի մասին ավանդազրույցից, որը իր էությամբ նախևառաջ հայրենիք պաշտպանելուց հրաժարվելու կոչ է 10 տարեկան երեխաներին։ Անհայտ ծագում ունեցող այդ ստեղծագործությունում Տրդատ արքային է վերագրվում հետևյալ խոսքը․ «Մեր թուրը՝ ժանգոտ, մանգաղը հայելու պես փայլուն պիտի լինի», և «դատարանի դուռը՝ կանաչած խոտ, տաճարի դուռը ցեխոտ պիտի լինի»։ Ավելի պարզ ասած՝ այդ դասագրքում հեղինակները Հայոց Տրդատ արքայի բերանով հայ երեխաներին սովորեցնում են հրաժարվել հայրենիքի պաշտպանությունից (թուրը՝ ժանգոտ) և զբաղվել միայն առօրյա աշխատանքով ու նյութապաշտությամբ (մանգաղը հայելու պես փայլուն), միաժամանակ՝ հրաժարվել հայ առաքելական եկեղեցու ճշմարիտ հավատից (տաճարի դուռը ցեխոտ պիտի լինի) և արդարության ու ճշմարտության ապավինել միայն քաղաքացիական կյանքում (դատարանի դուռը՝ կանաչած խոտ)։ 

Անհասկանալի կլիներ, թե ովքեր են այսպիսի մտքերի իրական հեղինակները, եթե դասագրքում տարբեր տեղերում չերևային թուրքական ականջներ։ Օրինակ՝ «մուշուրբա» թուրքական անվանումով կլկլան երաժշտալկան գործիքը ներկայացվում է իբրև Գյումրու խորհրդանիշ, հայկական պատմական հայրենիքն ու ընդհանրապես՝ Փոքր Ասիան կոչվում են Անատոլիա։

Բոլոր նշված դասագրքերը երաշխավորվում են ինչպես ԿԳՄՍՆ-ի, այնպես էլ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից, որը Սորոսի հիմնադրամի ակտիվ շահառու է և միաժամանակ թուրքական տարբեր ծրագրերի գործընկեր։ 

Եթե փորձենք բուրգի տեսքով պատկերացնել բոլոր այս մարդկանց ու կազմակերպությունների գործողությունները, ապա ամենաներքևում դասագրքերի ու ծրագրերի անմիջական հեղինակներն են, այսինքն՝ Լիլիթ Մկրտչյան, Սմբատ Հովհաննիսյան և այլն։ Բուրգի հաջորդ աստիճանին կանգնած են ՀՀ ԿԳՄՍՆ-ն ու «Մասնակցային դպրոց» սորոսական կրթական հիմնադրամի ղեկավարները, որոնք անմիջական հսկողություն են իրականացնում Հայաստանի կրթական վերոնշյալ ծրագրերի վրա։ Նրանցից ավելի վերևում կանգնած է Արսեն Խառատյանի և Ֆեյատ Ասյայի համակարգմամբ խումբը, որը ուղիղ կապի մեջ է Թուրքիայի և ԱՄՆ-ի գործընկերների հետ, իսկ բուրգի գագաթին Սորոսի հիմնադրամն է, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամը, որոնք կազմում են ծրագրերը, դրանք մատակարարում հայ կամակատարներին և շռայլորեն ֆինանսավորում նրանց։ 

 

Նյութի աղբյուրը ` FactCheck