կարևոր
3832 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-15 16:25
Քաղաքական

Կառավարությունը գաղտնի փոփոխություններ է իրականացնում ՀՀ կրթական ոլորտում

Նոյեմբերին վարչապետի որոշմամբ ստեղծվել է բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ, որը, Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, մինչև նոյեմբերի 30-ը կառավարությանը պետք է ներկայացներ բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք, այնտեղ պետք է ներառվեր ձևավորվող բուհերի ցանկը, նրանց ուղղվածությունները, բովանդակությունը, կառավարման համակարգը։ Այս մասին ԱԺ-ում Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: 

«Այդ խումբն ուներ լիազորություն` «ակադեմիական քաղաքի»` նոր ձևավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություններ տալու։ Ինչպես նաև բուհերին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների հեռանկարի և նրանց գործառույթների վերաբերյալ տեղեկություններ։ Լրաջագույն պարտականություններ և լրջագույն խնդրի առաջ կանգնած մի աշխատանքային խումբ։ Հանրային տիրույթում չեմ հանդիպել այդ տեղեկանքին, արդյո՞ք այն գոյություն ունի, աշխատանքային խումբը առհասարակ ի՞նչ պրոդուկտ է տվել և, որովհետև այս օրերին ակտիվ շրջանառվում են ԲՈՒՀ-ական համակարգ, գիտություն, որոշ բուհերի միավորման  խնդիրներ, ակադեմիայի ճակատագիրն է լուրջ հարցականի տակ, այս բոլոր գործընթացները, որ կատարվում են գիտություն, կրթության համակարգում հնարավոր վերակազմավորման խնդրի շուրջ, դրանք ի՞նչ հիմնավորում ունեն, ի՞նչ տեղեկանքի ուսումնասիրության հիման վրա են կատարվում ընթացակարգերը։ Արդյո՞ք կա այդ փաստաթուղթը, որ մինչև նոյեմբերի 30-ը պետք է մշակվեր և փոխանցվեր ՀՀ վարչապետին, ո՞վքեր են իմ գործընկեր պատգամավորները, ովքեր ներառված են այս աշխատանքային խմբում»,- հարց ուղղեց պատգամավորը:

Ի պատասխան Գալստյանի նկատառումներին` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այդ թեմաներով քննարկումներ տեղի են ունեցել:

Գալստյանի` վերլուծական տեղականքի գոյություն ունենալու-չունենալու վերաբերյալ կրկնած հարցին նախարարը դրական պատասխանեց, բայց ասաց, որ այն չի կարող տրամադրել պատգամավորին:

Լիլիթ Գալստյանն էլ նշեց, որ եթե դա հանրային, թափանցիկ չէ, ապա Կառավարությունը ինչ հիմքով է ՀՀ կրթական համակարգում փոփոխություններ իրականացնում` գաղտնիության ռեժիմում պահելով այն հիմնավորումները, որոնց վրա կառուցվում են գործողությունները: