կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-09 16:14
Քաղաքական

Շվեդիան զգալի դերակատարում ունի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում

Շվեդիան զգալի դերակատարում ունի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

ՀՀ նախագահը և Շվեդիայի արտգործնախարարը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-շվեդական փոխգործակցության զարգացման, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Շվեդիայի աջակցության հնարավորությունները, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և մարտահրավերների, միջազգային արդի խնդիրների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Նախագահը հյուրին հանգամանորեն ներկայացրել է այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի վրա:

Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացած հայ-շվեդական քաղաքական երկխոսությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ այսօր Շվեդիան Եվրոպայում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերներից է:

Արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմն իր հերթին ընդգծել է, որ լավ հարթակ է ստեղծված երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններն ավելի զարգացնելու ու խորացնելու համար և իր երկրի կողմից պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հայաստանին՝ բարեփոխումների իրականացման գործում: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումներն իշխանությունները դիտարկում են որպես երկրի առաջընթացի և զարգացման կարևոր գրավական և մեծապես գնահատում են ԵՄ գործընկերների աջակցությունն այդ հարցում:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան՝ որպես բարեկամ երկիր, զգալի դերակատարում ունի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Արտգործնախարար Վալստրյոմը վստահեցրել է, որ Հայաստանն այսուհետ էլ կարող է ապավինել Շվեդիայի աջակցությանը և համոզված լինել, որ իր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է՝ որպես ԵՄ Արևելյան գործընկերության ու այս տարածաշրջանի բարեկամ: Վերոնշյալ ձևաչափով համագործակցությունը նախարարը համարել է նաև երկկողմ կապերն ամրապնդելու ևս մեկ հնարավորություն: