կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-04 17:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Թուրքիան որևէ դերակատարում չի կարող ունենալ․ Զոհրաբ Մնացականյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Թուրքիայի ԱԳՆ հետ․ արդյո՞ք մեր ԱԳՆ-ն տեղյակ էր հանդիպման մասին, ի՞նչ են քննարկել, որո՞նք են մեր քայլերը այս խնդրի պարզաբանման հետ կապված՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին այս հարցն ուղղեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որոնցում ներառված են այցեր ԵԱՀԿ ՄԽ անդամ պետություններ, միջազգային կազմակերպություններ։ Այդ հանդիպումները նորություն չեն՝ պլանային են, ՄԽ համանախագահներն իրականացնում են իրենց գործառույթը»,-պատասխանեց ՀՀ արտգործնախարարը։

Նա ընդգծեց, որ ամբողջովին վստահելով ՄԽ համանախագահներին՝ գիտեն ինչ մոտեցումներով են աշխատում, որովհետև իրենք են աշխատում նրանց հետ, որևէ արտառոց բան չկա։

Սա առաջին հանդիպումը չէ՝ արձանագրեց Զոհրաբ Մնացականյանը, այլ երկրների հետ էլ են հանդիպումներ եղել, հետո էլ են լինելու, բնականոն աշխատանք է, որևէ մտահոգություն չունեն։

«Գուցե տարբերությունն այն էր, որ եղավ մեկնաբանություն Թուրքիայի կողմից, որի մեջ էլ չկար որևէ բան, որ նախկինում չէինք լսել, ԱԳՆ-ի կողմից  հանդես եկանք մեր հայտարարությամբ։ Այդ մոտեցումը, կարծում եմ, բոլորին ծանոթ է՝ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ՝ շեշտեց Զոհրաբ Մնացականյանը և հավելեց, որ իրենք շարունակում են աշխատանքը։

Տարոն Սիմոնյանն արձագանքեց, որ կկիսեր արտգործնախարարի հանգստությունը, եթե դա չնշմարվեր իբրև Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգիծ և հետաքրքրվեց մեր արտաքին գորատեսչության անելիքի մասին։

Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ իր բարձրաձայնումը բղավոց և էմոցիոնալ չի լինելու, իսկ ասելիքն առավել քան հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Թուրքիան որևէ դերակատարում չի կարող ունենալ։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ մարտի 2-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մայրաքաղաք Անկարայում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում. «Մինսկի խումբն արդեն ավելի ակտիվ աշխատանքներ պետք է տանի Ղարաբաղի հարցի լուծման համար։ Այդ լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Մանրամասն՝ տեսանյութում․