Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որում ներառված են նաև «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաները:
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի («Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի և «Համաշխարհային պատմություն» առարկայի առնչությամբ) և նույն բուհի Հայոց պատմության («Հայոց պատմություն» առարկայի և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների առնչությամբ) ամբիոնները, ինչպես նաև բազմաթիվ այլ անհատ պատմաբաններ ու այլ շրջանակներ, հրապարակավ քննադատել են վերհիշյալ առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, ներկայացրել մի շարք հիմնարար առարկություններ: Պատմության ծրագրերի նախագծերը երբևէ չեն քննարկվել Համաշխարհային պատմության ամբիոնում և չեն ստացել ամբիոնի երաշխավորությունը. այս մասին էլ հայտարարություն էր տարածել նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնը, ինչը բավականին արտառոց է, քանի որ նշյալ առարկաների (նախագծում մտցված են «Հասարակական գիտություններ/ հայոց պատմություն» մեկ ընդհանուր խորագրի տակ) չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանն ու թիմի երկու անդամները ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոսներ են, իսկ առնվազն ևս երկու դասախոսներ, օրինակ, հրապարակավ աջակցում են Լիլիթ Մկրտչյանի՝ ամբիոնի մաս կազմող աշխատաքային եռյակին (ամբիոնի ընդհանուր դասախոսների թիվը 9 է)։
Փաստենք նաև, որ նոր չափորոշիչները հիմնականում պաշտպանում են հասարակական այն շրջանակների ներկայացուցիչները, ովքեր բացահայտորեն կամ քողարկված կերպով զբաղվում են ԼԳԲՏ համայնքի քարոզով կամ իրավունքների պաշտպանությամբ, ակտիվ համագործակցություն ունեն «Բաց հասարակություն» հիմնադրամի (Ջ. Սորոսի հիմնադրամ) հետ, ընդգրկված են թուրքական և Թուրքիայի հետ սերտորեն առնչվող մի շարք ծրագրերում, հաճախ ակտիվորեն դատապարտում են կամ ծաղրում ազգային ավանդույթները, ազգային դաստիարակչական ծրագրերը, փոխարենը քարոզում կեղծ խաղաղասիրություն, աշխարհաքաղաքացիություն, համաշխարհայնացում և այլն:
Պարզվում է՝ վերոհիշյալ շրջանակները ոչ միայն պաշտպանում են հիշյալ չափորոշիչները, այլև ամենաակտիվ կերպով ներգրավված են նաև վերջիններիս մշակման մեջ, իսկ կոնկրետ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների պարագայում՝ ուղղակի գլխավորում կամ համակարգում են թիմի աշխատանքները: Խոսքը, մասնավորապես, նշյալ առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի մասին է։ Լիլիթ Մկրտչյանն այն նույն անձնավորությունն է, ով, օգտվելով իշխանափոխությամբ պայմանավորված բարենպաստ իրավիճակից, 2018 թ. ամռանը ԵՊՀ-ում և ԵՊՀ-ի ղեկավարության դեմ նախաձեռնել էր «Դասախոս. ռեստարտ» նախաձեռնությունը: Թե ինչպիսի վարքագիծ է դրսևորել Սորոսի հիմնադրամի հետ սերտորեն կապնված այս նախաձեռնությունը՝ հատկապես երիտասարդ անդամների (հայտնի սորոսական, այլասերված վարքագծով հայտնի Դավիթ Պետրոսյան և այլք) միջոցով, բոլորին է հայտնի, և այս ամենի վրա կենտրոնանալը չէ մեր խնդիրը:
2011 թ. թվականին հիմնադրելով Երիտասարդ պատմագետների ասոցիացիան (2014 թվականից գործում է որպես գրանցված հասարակական կազմակերպություն)՝ Լիլիթ Մկրտչյանը ակտիվորեն ներգրավվել է հասարակական գործունեության մեջ:
Տեղական և օտարերկրյա մի շարք ծրագրերի և դրամաշնորհների շարքում, որոնց քննությանը կարելի է առանձին անդրադառնալ, Երիտասարդ պատմագետների ասոցիացիան Լիլիթ Մկրտչյանի ղեկավարությամբ, սկսած 2016 թվականից, մասնակցում է աննախադեպ մի նախագծի կամ, ավելի ստույգ, շարունակական մի գործընթացի: Խոսքը Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» բազմափուլ ծրագրի մասին է (ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև հավասարակշռված տեղեկատվություն ապահովելու միջոցով։Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը):
Ամենևին դեմ չլինելով երկու պետությունների՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացին, այդուհանդերձ, այս նախագիծն իր բնույթով, առավել ևս՝ Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի մասնակցությունը ծրագրերին, որին ստորև կանդրադառնանք, խոսում են բոլորովին այլ իրողությունների մասին, գործընթացներ, որոնց շարունակական ազդեցությունները այսօր ևս առկա են:
Նախագծի ծրագրերի 2-րդ փուլում (իրականացվել է 2016-2018 թթ.) հաստատված դրամաշնորհների շահառուների շարքում է Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամը (History Foundation, թուրք.՝ Tarih Vakfı), որը ծրագրերն իրականացրել է «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (ԱՄՆ) (“Imagine Center for Conflict Transformation” (USA)) և Երիտասարդ պատմաբանների ասոցիացիայի (“Association of Young Historians ” (ARM)) համագործակցությամբ:
Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի կողմից իրականացվող ծավալուն ծրագրերի մասին «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» նախագծի կայքում կան աղքատիկ, բայց հույժ կարևոր տեղեկություններ: Եռալեզու տեղեկության համաձայն՝ ծրագրի նպատակն է խթանել Հայաստան-Թուրքիա կարգավորմանը՝ երկու երկրների պատմաբանների և պատմության դասավանդողների միջև համագործակցություն իրականացնելով: Սա հնարավոր կլինի իրականացնել հայերի և թուրքերի հարաբերությունների վերաբերյալ այլընտրանքային պատմական պատում մշակելու միջոցով՝ ներգրավելով ուսանողների և այլ մասնագիտական խմբերի գործընթացի մեջ: Նշվում է նաև, որ դրամաշնորհառուն՝ «Պատմություն» հիմնադրամը (Թուրքիա), համագործակցելով Երիտասարդ պատմաբանների ասոցացիայի (Հայաստան) և «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (ԱՄՆ) հետ, կստեղծի 12 պատմաբանների և պատմություն դասավանդողների ցանց և կկազմակերպի քառօրյա երկխոսություն և կարողությունների զարգացման սեմինար:
Ծրագրի հաջորդական քայլերով՝ խումբը կիրականացնի պատմության դասագրքերի վերլուծություն՝ ընդհանուր պատմական պատումների առումով, եւ կառաջարկի գոյություն ունեցող մոդելների հայեցակարգային այլընտրանքներ: Այս համատեղ աշխատանքի արդյունքում կմշակվի փաստաթուղթ, որը կընդգրկի հնարավոր խոչընդոտների ու հնարավորությունների վերլուծություն՝ թուրքական և հայկական պատմության դասավանդման ընդհանուր նկարագրության մշակման փուլում:
Նշված է նաև, որ ծրագիրը կօգնի մարտահրավեր նետել Հայաստանում և Թուրքիայում առկա պատմության դասագրքերի թշնամական կերպարներին (ընդգծումը մերն է՝ Վ.Ս.) և կխթանի հակամարտության զգայուն եւ ներառական մոտեցումներ երկու երկրների միջև կարգավորման գործընթացում:
Նախագծի ծրագրերի 2+ փուլի բաժնում տեղեկություններ են զետեղված (այս անգամ՝ միայն անգլերենով) առ այն, որ Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամը նույն կազմակերպությունների («Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոն (ԱՄՆ), Երիտասարդ պատմաբանների ասոցիացիա (Հայաստան)) գործընկերությամբ իրականացնում է «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչների մշակում Հայաստանում և Թուրքիայում» վերտառությամբ դրամաշնորհային ծրագիրը: 6-ամսյա տևողությամբ ծրագրով, որի համար թուրքական հիմնադրամը հատկացրել է շուրջ 20 հազար եվրո բյուջե (19,995 €), «մարտահրավեր է նետվել թշնամու կերպարին»: Այսպես. «ծրագիրը կնպաստի մարտահրավեր նետել թշնամու կերպարին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում: Դրան հնարավոր կլինի հասնել Հայաստանի և Թուրքիայի պատմաբանների և մանկավարժների միջև երկխոսության ու ցանցի խթանման միջոցով: Դրամաշնորհ ստացողը՝ «Պատմություն» հիմնադրամը (խոսքը թուրքական հիմնադրամի մասին է՝ Վ.Ս.), կհամագործակցի «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (ԱՄՆ) և Երիտասարդ պատմաբանների ասոցիացիայի (Հայաստան) հետ՝ ներգրավելու ուսուցիչներին, ուսանողներին, մեթոդաբաններին և այլ շահագրգիռ անձանց՝ պատմության ընթացիկ վիճակի քննադատական գնահատման ևայլընտրանքային ուսումնական նյութերի արտադրության գործընթացներում»:
Նշվում է նաև, որ ծրագիրը կհամախմբի յուրաքանչյուր երկրի 10-15 ավագ դպրոցի աշակերտների` կազմակերպելով դասընթացներ և տեղական ցանցային հանդիպումներ, որոնք կանդրադառնան «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» գրքին, որը հրատարակվել է դրամաշնորհատուի կողմից 2017-ին՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում (գրքի մասին՝ քիչ անց): Հանդիպումների արդյունքների վերլուծությունից հետո ցանցի 12 անդամներ Ստամբուլում կհանդիպեն եռօրյա սեմինարի համար՝ համատեղ մշակելու ուսուցման երեք նոր չափորոշիչ: Յուրաքանչյուր չափորոշիչ բաղկացած կլինի մեկուսուցման մեթոդից և երկու զուգահեռ ուսուցողական նյութերից՝ Հայաստանի և Թուրքիայի համար: Չափորոշիչները կտարածվեն ավելի լայն կրթական և գիտական համայնքների միջև: Նախագիծը կհանգեցնի Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության դերակատարների ներգրավմանը և կներգրավի երկխոսության մեջ, որը, ի վերջո, կարող է վերափոխել հակառակորդ դիրքերը երկու հասարակության մեջ՝ ընդհանուր պատմության ցավալի էջերի վերաբերյալ»:
Ըստ 2+ փուլի ժամանակացույցի՝ ծրագրերը, ենթադրաբար նաև՝ այս ծրագիրը, իրականացվել են 2018թ. փետրվարից հոկտեմբերի 31-ն ընկած հատվածում։
Այստեղ կարևոր է իմանալ, թե ինչու են դրամաշնորհները հենց տրամադրվել թուրքական կողմին, ինչու է հենց այդ դրամաշնորհներին դիմել Լիլիթ Մկրտչյանի կողմից ղեկավարվարվող Երիտասարդ պատմաբանների ասոցացիան, ինչու նշված չէ, թե արդյոք դրամաշնորհները միանվա՞գ է, թե՞ ոչ: Այս, ինչպես նաև այլ մանրամասներ անհրաժեշտ է դարձնել հասարակության համար թափանցիկ, քանի որ նման ծրագրերը հարկ է, որ իրենցից որևէ գաղտնիք չպարունակեն՝ ուղղված լինելով հենց հասարակություններին: Ոչ սակավ կարևոր է, թե ովքեր են եղել հայկական կողմից դրամաշնորհին միանալու հայտ ներկայացրած բոլոր շահագրգիռ անձիք, ինչ դրույթներ է իր մեջ ներառել նրանց ներկայացրած դիմում-հայտը և ինչ պայմաններով են միացել այդ դրամաշնորհին: Այս ամենի առնչությամբ պետք է պահանջել, որպեսզի կրթական չափորոշիչների մշակման պատասխանատու, Երիտասարդ պատմաբանների ասոցացիայի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը փաստաթղթավորված և հիմնավոր պարզաբանում ներկայացնի հասարակությանը՝ այդ դրամաշնորհին միանալու իրենց նպատակների, պայմանների, ներկայացրած դիմում-հայտի, դրամաշնորհատուի կողմից դեռևս 2017 թ. հրատարակված և 2019 թ. վերահրատարակված վերոհիշյալ “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») և 2019 թ. հրատարակված “Alternative History Education Modules for Armenia and Turkey” («Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար») գրքերի ստեղծմանը ներգրավված անձանց շահագրգռվածության և ներգրավվածության մասին: Այսպիսով, Թուրքիայի ակտիվ ներգրավվածությամբ և թուրք փորձագետների համահեղինակությամբ հրատարակված սույն ձեռնարկներում ներկայացված չափորոշիչների հիման վրա՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության առարկայական չափորոշիչների պատասխանատու Լիլիթ Մկրտչյանը ներկայացրել է նոր հայեցակարգ: Ավելի հստակ՝ դա նոր հայեցակարգ չէ, այլ հենց այն հայեցակարգն է, որը ներկայացվել է վերը բերված գրքերում: Անգլերենով հրատարակված գրքերին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ: Հավելենք, որ նշված գրքերի ստեղծման աշխատանքներին, բացի Լիլիթ Մկրտչյանից, Հայաստանից մասնակցել են նաև ոչ անհայտ Մարիա Կարապետյանը, Սոս Ավետիսյանը (երկուսն էլ այժմ ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավորներ են), Կարեն Գասպարյանը (ՀՀ ԿԳՄՍՆ–ի առարկայական չափորոշիչները մշակող թիմի անդամ՝ «Համաշխարհային պատմություն» առարկայի մասով), Հայկ Բալասանյանը, Նվարդ Մանասյանը և այլն։ Ի դեպ, և՛ Կարեն Գասպարյանը, և՛ Հայկ Բալասանյանը հանդիսանում են Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի Հասարակագիտության ամբիոնի ուսուցիչներ, իսկ ամբիոնը ղեկավարում է նույն ինքը՝ Լիլիթ Մկրտչյանը։ Իսկ իմքայլական պատգամավոր Սոս Ավետիսյանը թուրքերի հետ վերոհիշյալ գիրք-հայեցակարգերի ստեղծման շրջանում՝ 2017-2018 թթ., հանդիսացել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության (Ջ. Սորոսի հիմնադրամ) քաղաքացիական հասարակության ծրագրերի պատասխանատու:
Քանի որ նշված հրատարակությունները ոչ միայն պարունակում են բազում դրույթներ, որոնք պատմագիտորեն հակասում են պատմական իրողությունների ներկայացման, գնահատման և արժևորման անաչառությանը, այլև ընդհանուր առմամբ կրկնում թուրք-ադրբեջանական հակահայկական թեզերի ենթատեքստային շարադրանքը, հարկ չենք համարում այդ մասին մանրամասն անդրադառնալ սույն հրապարակման մեջ: Մեր հետագա հրապարակումներում անպատճառ կանդրադառնանք դրանց ևս մաս առ մաս, բաժին առ բաժին: Ինչ վերաբերում է երկրորդ գրքին («Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար»), որը ծայրից ծայր ֆեմինիզմի մասին է, միայն կարելի է պնդել հետևյալը. ՀՀ անկախացումից ի վեր հարևան թշնամական երկրները փորձել են ռազմականորեն հարցը լուծել և, ձախողվելով, այժմ դա փորձում են կատարել հենց հայերի ձեռամբ՝ ներգրավելով նրանց տարբեր հակահայկական ծրագրերում և այնուհետև ներդնելով պետական տարբեր օղակներում: Ներկայիս ֆեմինիզմ կոչվածը, ընդհանուր գծերով, ոչ թե կանանց իրավունքների շարժում է, այլ երկիրը ապառազմականացնելու, թշնամու առաջ հլու հնազանդ դարձնելու, հայրիշխանական համակարգով ազգային ինքնությանը՝ իմա ազգին վերջնականապես կործանելու, ազգին ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ և ՄՇԱԿՈՒԹԱՊԵՍ խառնամբոխի վերածելու ծրագիր է:
Լիլիթ Մկրտչյանի գլխավորած Երիտասարդ պատմագետների ասոցիացիան նշված շրջանում շարունակել է մասնակցել նմանօրինակ ծրագրերի և նախաձեռնությունների՝ կրկին թուրքական կազմակերպությունների և Թուրքիայի հայտնի համալսարանների գործընկերությամբ, որոնք ուղեկցվել են նույնաբովանդակ ուսումնասիրություններով և քննարկումներով։ Այսպես, նախագծի «Միջոցառումներ» բաժնում զետեղված լրատվության համաձայն՝ որպես «Հիշողության եւ մոռացության քաղաքականություն. պատմաբանների եւ պատմության ուսուցիչների ցանցի ստեղծումը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում» ծրագրի մի մաս՝ Թուրքիայի եւ Հայաստանի պատմաբանները (հետաքրքրիր է՝ Հայաստանի պատմաբանները տեղյա՞կ են այս մասին, որ իրենց անունից որոշ ինքնահռչակ «պատմաբաններ» հանդես են գալիս Թուրքիայում (Ստամբուլում)՝ շահարկելով և բարոյազրկելով Հայաստանի պատմաբանների անունն ու պատիվը) և պատմության ուսուցիչները պատրաստել են զեկույց՝ Թուրքիայի եւ Հայաստանի պատմության դասագրքերի վերլուծության վերաբերյալ: «Մոնիթորինգի արդյունքների ներկայացում. ազգայնականությունը եւ սեքսիզմը պատմության դասագրքերում Թուրքիայում եւ Հայաստանում» (զեկույցի խորագիրը, ի դեպ, արդեն ամեն ինչ բացահայտում է) զեկույցը 2017 թ. ապրիլի 22-ին ներկայացվել է Ստամբուլում՝ արդեն մեզ քաջածանոթ «Պատմություն» հիմնադրամում։
Զեկուցման բանախոսներն են եղել՝ Օզլեմ Չայկենթը, Օինար Սայանը, Մարիա Կարապետյանը (ներկայումս՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր), Ֆիրաթ Գյուլլուն, Օմեր Թուրանը։ Ծրագրի գործընկերներն են Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամը, «Կոնֆլիկտների փոխակերպման կենտրոնը», Ստամբուլի Բիլգի համալսարանի «SECBIR» կենտրոնը, Երեւանի պետական համալսարանը եւ Երիտասարդ պատմագետների միությունը: Ծրագիրն իրականացվել է կրկին «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ Ֆրիդրիխ Էբերտ Ստիֆտունգի Թուրքիայի եւ Հայաստանի ներկայացուցչությունների աջակցությամբ:
Երիտասարդ պատմագետների ասոցիացիան վերջին շրջանում ևս հաճախակի սեմինար-քննարկումներ է կազմակերպել հայտնի սորոսական Արևիկ Անափիոսյանի հետ: Լիլիթ Մկրտչյանի հիշյալ ասոցիացիայի ցանկալի բանախոսների ցանկում է նաև «Բաց հասարակություն» հիմնադրամներ-Հայաստան (Ջ. Սորոսի հիմնադրամ) կազմակերպության աշխատակից Արծրուն Պիվազյանը, ով, ի դեպ, սովորել է նաև Թուրքիայի Բողազի համալսարանում, աշխատել է Հրանտ Դինքի հիմնադրամում, սերտ կապերի մեջ է նաև թուրքական կազմակերպությունների հետ: Թեմաները, բնականաբար, սերտորեն կապված են կեղծ խաղաղասիրության («Կրթության դերը կոնֆլիկտի հաաղթահարման գործում»), ազգային հիշողության («Հիշողության դերը կոնֆլիկտի տրանսֆորմացիայի գործում» և այլն։ Պարզ է՝ խոսքը Հայոց ցեղասպանության և պահանջատիրության խնդրի հանդեպ, այսպես կոչված, «հարությունմարությանական» կամ Հրանուշ Խառատյանի ընտանիքի կողմից որդեգրված մերժելի մոտեցումների մասին է (ի դեպ, Լիլիթ Մկրտչյանը և Հրանուշ Խառատյանն անթաքույց գովերգում են իրար). Հայոց ցեղասպանության իրողությունը (հայ-թուրքական կոնֆլիկտը), ըստ այդ մոտեցումների, պետք է դիտարկել որպես սոսկ «հիշողություն» (կոնֆլիկտի տրանսֆորմացիա), և դա չպետք է խանգարի հայ և թուրք նորօրյա սերնդին՝ «հաշտվելու»։ Բնականաբար, այս ամենը ցանկալի արդյունքի հասցնելու համար պետք է ամեն գնով հրաժարվել Թուրքիայի համար ցավոտ թեմաներից, ուստի, «կոնֆլիկտի տրանսֆորմացիայի» արդյուքնում արագորեն ժխտվում են հայոց հայրենազրկման, պահանջատիրության և հատուցման խնդիրները։ Հայեցակարգեր, որոնց հիմքում ընկած է թուրքական կոնցեպտը, իսկ դրանց հետևորդների «սնուցման» արմատները, ինչպես տեսանք, տանում են ուղիղ դեպի Թուրքիա:
Թեև նախագծի կայքէջում այդ մասին չկա տեղեկություն, բայց, ենթադրում ենք, որ Լիլիթ Մկրտչյանի կողմից իրականացվող այս շարունակական ծրագրերի շարքում հատուկ թեմաները, որոնց արծարծման և քննարկումների համար վարձվում են հյուրանոցային շքեղ սրահներ, տրվում են ֆուրշետներ և այլն, կամ կրկին ֆինանսավորվում են «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» նախագծի ծրագրերի երրորդ փուլի կողմից, որը շարունակվում է այսօր, կամ նույն նպատակները հետապնդող որևէ այլ կազմակերպության կողմից (օրինակ՝ Ջ. Սորոսի հիմնադրամ և այլն)։
Ի դեպ, Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի Հասարակագիտության ամբիոնի կայքէջում ամենայն մանրամասնությամբ զետեղված է Լիլիթ Մկրտչյանի աշխատանքային կենսագրականը, անգամ ամենափոքր աշխատաժողովի մասնակցության կամ հրատարակած փոքր հոդվածի մասին կա տեղեկություն, իսկ թուրքական վերոհիշյալ կարևորագույն նախագծերի մեջ շարունակաբար ընդգրկված լինելու, ինչպես նաև թուրք հեղինակների հետ ծավալուն ժողովածուներ հրատարակելու և թուրքերի հետ հայեցակարգային բնույթի կարևոր աշխատանքներ հեղինակելու մասին տեղեկություններն իսպառ բացակայում են։
Արդեն զարմանալի չէ, որ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» խոշոր նախագծի թուրքական դրամաշնորհներին իրենց ակտիվ մասնակցությունն են բերել նաև հայ ազգային ինքնության դեմ կատաղի պայքար մղող հայտնի «Անտարես» հրատարակչության ղեկավարը (Արմեն Մարտիրոսյան), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեն իր նույնքան ապազգային վարքագծի տեր ղեկավարով (Արթուր Սաքունց) և այլն։
Ստացանք մի խճապատկեր, որից կարող ենք եզրակացնել հետևյալը.
Վահե Սարգսյան
Հ.Գ. Ֆեյսբուքյան տիրույթում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով՝ հնարավոր է հրապարակման տակ գտնվող Share (Կիսվել) կոճակի օգնությամբ տարածման դեպքում առաջանան տեխնիկական անհարմարություններ: Նման դեպքերում խորհուրդ ենք տալիս պարզապես հրապարակման հղումը վերցնել (պատճենել) և տեղադրել սեփական ֆեյսբուքյան էջում: