կարևոր
880 դիտում, 14 ժամ առաջ - 2024-12-28 15:06
Քաղաքական

Իմ գլխին սարքեցին. ինչո՞ւ և ինչպե՞ս է Գեղարքունիքի մարզպետն ազատել աշխատակցին

Իմ գլխին սարքեցին. ինչո՞ւ և ինչպե՞ս է Գեղարքունիքի մարզպետն ազատել աշխատակցին

2022 թ. հունվարի 30-ից առանց աշխատանքի մնացած Մկրտիչ Սաֆարյանը, ով  Գեղարքունիքի մարզպետարանում աշխատել է շուրջ երկու տասնամյակ, հաղթել է դատարում, սակայն չի վերականգնվել իր աշխատանքին: Շուրջ 3 տարի առաջ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Սաֆարյանին աշխատանքից ազատման որոշում էր կայացրել: Վերջինիս ձևակերպմամբ՝ դա անհիմն որոշում է եղել:

Yerkir.am-ի հետ զրույցում Սաֆարյանը պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Նկատեց՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ «իր գլխին սարքել են»: Այս պատմությունը նրան գեղարվեստական ֆիլմ է հիշեցնում:

Այսպես. 2021 թ. սեպտեմբերի 8-ից Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակված Կարեն Սարգսյանը նրան մեկ ամսվա ընթացքում երկու խիստ նկատողություն և ազատման հրաման է տվել: Սաֆարյանի խոսքով՝ ինքը այդ երկու վարչական ակտերը բողոքարկել է դատարանում:

«Երբ դատարանում  քննվում էր առաջին խիստ նկատողությունս, դատարանը վճռել է՝ ես հաղթել եմ, ու դրանից հետո դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել, բայց դա մարզպետարան ուղարկվելուց հետո այնտեղից ասել են՝ հաղթել, հաղթել ես, ի՞նչ անենք … դատարանը ուրիշ ոչ մի որոշում չի կայացրել: Դրա պատճառով էլ ես երկրորդ անգամ նույն ճանապարհով անցա ու դատարանը միանգամից որոշում կայացրեց՝ ինձ աշխատանքի վերականգնել՝ հարկադիր պարապուրդի գումարի վերադարձով», - ասաց Սաֆարյանը:

«Եթե իմ պաշտոնը չկար էլ՝ պիտի հավասարազոր պաշտոն տային»,- նկատեց նա:

Սաֆարյանը պատմեց, թե ի՞նչ է տեղի ունեցել, որի պատճառով իրեն 2 անգամ խիստ նկատողություն ու աշխատանքից հեռացում են տվել:

«Մի օր, աշխատանքից հետո, ես գալիս եմ պահակի զգոնությունը ստուգելու, ահագին ժամանակ մարզպետարանի շրջակայքում պտտվելու արդյունքում, իմ լիազորությունների շրջանակներում, տեսա, որ պահակը չկա… մտածեցի՝ հանկարծ գազից խեղդված չլինի, դուռը մի քանի անգամ ծեծել եմ, բայց ինքը չի բացել: Որոշեցի պահակի մեքենային թեթև խփել, որ ազդանշանը միանա ու նա հայտնվի: Ոտքով խփեցի մեքենային, որ ձայն գա,  դրանից հետո պահակին տեսա… վստահ եղա, որ նա ողջ ու առողջ է ու գնացի իմ գործերով»,- ասաց Սաֆարյանն ու հիշեց, որ հաջորդ օրը դեպքն ուրիշ ձևով ու գույներով ներկայացվել է մարզպետ Կարեն Սարգսյանին: Ի դեպ, Սաֆարյանը շեշտեց՝ այդ նույն պահակի աղջիկը Կարեն Սարգսյանի քարտուղարուհին է եղել, որն, ի դեպ, հիմա մարզպետարանում չի աշխատում:  

«Նրանք Սարգսյանին ներկայացրել են, իբրև թե ես ինչ-որ շենքի վրա հարձակում եմ գործել, փորձել ներխուժել, բայց ես նման բան չեմ արել: Այդ հատվածում մենք կաթսայատուն ունենք, որը գազով է աշխատում, ես էլ, քանի որ վարչատնտեսական բաժնի պետն եմ, անընդհատ գնացել-եկել եմ, ստուգել եմ այդ հատվածի մաքրությունը: Տարիներ առաջ այդ հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որից հետո ես անընդհատ ստուգումներ եմ անցկացրել, ուշադրությունս ավելի եմ կենտրոնացրել…ախր դրանով 4000 քմ տարածք է տաքացվում»,- ասաց նա: 

«Ես երբեք իրենց կուսակցությանը՝ ՔՊ-ին, գաղափարակից չեմ եղել, միշտ էլ դեմ եմ արտահայտվել, բայց չեմ կարծքում, որ աշխատանքից ազատման այս դեպքը հենց դրա հետ է կապված»,- ասաց նա՝ անդրադառնալով այն հարցին, թե այստեղ որևէ քաղաքական ենթատեքստեր չի՞ տեսնում, որի պատճառով էլ կորցրել է իր աշխատանքը:  

Իսկ թե ինչո՞ւ է Գեղարքունիքի մարզպետը միանգամից նրան ազատել աշխատանքից, Սաֆարյանը պնդեց՝ մարզպետը երկրորդ կողմին՝ նրան, չի լսել: Սարգսյանը այս որոշումն է կայացրել միայն քարտուղարուհուն լսելով:  

«2001 թվականից աշխատել եմ այդ կառույցում, մի քանի մարզպետ փոխվեց այդ ընթացքում, բայց ազատվել եմ աշխատանքից: 2022 թվականից առ այսօր ես աշխատանք չունեմ ու չեմ ուզում այլ աշխատանքի անցնել: Ես ուզում եմ հետ վերադառնալ իմ աշխատանքին, քանի որ իսկապես շատ եմ կարոտել աշխատավայրս»,- եզրափակեց Մկրտիչ Սաֆարյանը:  

Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզպետը 2024 թ. փետրվարի 21-ին Մարտունու շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մատ էր թափ տալիս մարտունեցիների վրա, թե ինչու՞ այդ մարդիկ չեն սիրում երկիրն ու գնում են խոպան, սուտ և անիմաստ բաներ են խոսում, բղավում իր վրա և այլն: Փաստել էինք, որ մարզպետ Կարեն Սարգսյանն ինքն էլ էր բուհն ավարտելուց հետո գնացել խոպան, տասնյակ տարի մնացել Մոսկվայում, իսկ խոպանում, ըստ մամուլի տեղեկությունների, աշխատել է նաև ավտոլվացման կետում  (ժողովրդական լեզվով՝ եղել է «մոյշիկ»):  Մի զարմանահրաշ բան էլ էինք բացահայտել սույն խոպանչու կյանքից. պարզել էինք, որ այն բուհը, որտեղ, ըստ մարզպետի պաշտոնական կենսագրականի, 2016 թվականին ընդունվել և, ուշադրություն, մինչ օրս սովորում է մարզպետ Կարեն Սարգսյանը, գոյություն չունի այլևս: Օրերս էլ հրապարակում էր եղել այն մասին, որ Կարեն Սարգսյանն իր աշխատասենյակում չի փակցրել Փաշինյանի նկարը և սպասում է, որ վարչապետ դառնա իր մտերիմ Սուրեն Պապիկյանը: Օրերս հրապարակում եղավ նաև այն մասին, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հավանաբար իրեն արտոնյալ է համարում և շարունակում է ամեն աշխատանքային օր Երևանից Գավառ աշխատանքի գնալ իր ծառայողական ավտոմեքենայով: