կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-21 17:19
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ադրբեջանցիք իրենց գլխին սարքեցին»․ ցուցադրվել են ադրբեջանական խոցված ԱԹՍ-ները

Խոցվել է 10 միավոր հարվածային անօդաչու թռչող սարք․ մեկ ռազմավարական՝ «Hermes-900», և 3-ը՝ «Օրբիտեր-2» և «Օրբիտեր-3»  տեսակի հետախուզական անօդաչու թռչող սարքեր»՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ, վարչության պետի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսեսյանը ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում, որտեղ ցուցադրվում ու ներկայացվում էին հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների խոցած ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը:

Ցուցադրված էին նաև մեր մարտիկների կողմից ամբողջական, անվնաս վերցված թռչող սարքերը, որոնք որսացել էին ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի օգնությամբ։

Չորս օրում Տավուշում, ընդհանուր առմամբ, չեզոքացվել է 13 ԱԹՍ, ևս մեկն այդ օրերին ոչնչացվել է Արցախում։

Ադրբեջանական զինուժի կողմից հայկական ԱԹՍ չի խոցվել՝ վստահեցրեց ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել  Բալայանը։

Հայաստանն ու Արցախը, նրա խոսքով, բոլոր ուղղություններով ապահովված են անօդաչու թռչող սարքերով․ «Բոլոր ուղղություններով մենք ապահովում ենք, ունենք համապատասխան տեխնիկա, հաշվարկներ, արդեն հինգերորդ տարին է, որ համապատասխան հաշվարկները կան. և՛ տեխնիկան է համալրվում, և՛ մասնագետները»:

Ավիացիոն համալսարանի պետը նշեց, որ «Hermes-900»-ը խոցվել է իրենց համալսարանի անցած տարվա շրջանավարտներից մեկի հաշվարկներով:

Զինվորին մարտի դաշտում չեն պարգևատրել, ասաց նա, բայց հետո կլինի վերլուծություն, ամենքն իրենց արժանին կստանան, իսկ ամենամեծ պարգևն այն է, որ ադրբեջանցին մեր հողը չգա։

Երբ Դանիել  Բալայանը վերլուծել է իրավիճակը, պարզել է, որ այս կռիվն ադրբեջանցիք սարքեցին իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին և խայտառակ եղան:

«Ոնց որ փայտը վերցրած մեղվի բույնը փորձեին քանդել, համապատասխան պատիժն էլ ստացան»,- ասաց նա։

Նա վստահեցրեց, որ եթե հանկարծակի Ադրբեջանը փորձի հարվածել, հարձակվել, դա իրենց չի հաջողվի․ «Բոլոր ուղղություններով ՀՀ ստորաբաժանումները պատրաստ կանգնած են. ունենք և՛ գիշերային դիտարկման սարքեր, և՛ ռադիոհետախուզություն: Իսկ թե ինչ միջոցներ են ձեռնարկվում, որ հակառակորդն անօդաչուներն այդքան անարգել չկարողանա կիրառել, ասեմ, որ հաջորդ քայլն իրենց համար արդեն ավելի դժվար կլինի։ Գիտե՞ք ինչ, ընդհանրապես, գնում է երկկողմանի մրցակցություն. դու մի բան ստեղծում ես, հակառակորդը փորձում է քեզ հակազդել, հակառակորդն է ստեղծում, դու մտածում ես՝ իրենց հակազդել։ Այսինքն՝ ամեն մի գործողությունից հետո համապատասխան եզրակացություններ արվում են, տեղում չենք դոփում»:

Մանրամասն՝ տեսանյութում․