կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-10 10:20
Քաղաքական

Պատին հենած դրոշի համար ՊԵԿ աշխատակցին աշխատանքից կարելի է ազատել, իսկ պատռված դրոշի համար՝ թաղապետին ո՞չ. «Իրատես»

Պատին հենած դրոշի համար ՊԵԿ աշխատակցին աշխատանքից կարելի է ազատել, իսկ պատռված դրոշի համար՝ թաղապետին ո՞չ. «Իրատես»

«Իրատես» էթերթը գրում է. «Չգիտեմ՝ Նորագավթի մաքսատան աշխատակիցը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվել, ապա նորից աշխատանքի էր ընդունվել պատին հենված դրոշի համար, երբեւէ կմոռանա՞ Փաշինյանի պահվածքն ու խոսելու տոնը, ես որ հաստատ չեմ մոռանա: Քանիցս ասել եմ, ու նորից կրկնեմ՝ «Հայաստանի հանրապետության հպարտ ու արժանապատիվ քաղաքացու» հետ բարձր տոնով, մուննաթով, «ոնց ասեմ, այդպես է լինելու» սկզբունքով խոսելու իրավունք չունի ոչ ոք:

Առավել եւս՝ իրեն ժողովրդի մի մասը, իսկ ժողովրդին իշխանություն համարող անհատը, որ սեր ու հանդուրժողականություն է քարոզում:

Հարավ-արեւմտյան թաղամասի փողոցներից մեկում օրեր առաջ ծակված, պատռված դրոշ նկատեցի, ու առաջին տեսարանը, որ մտապատկերեցի, թաղապետին տեսախցիկների առաջ հանդիմանող վարչապետն էր՝ «կտանես կկարես, կկախես իր տեղում ու դիմում կգրես» ելույթով: Իհարկե, նման բան տեղի չի ունեցել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկն ինձ վստահեցրեց՝ դրոշը փոխված է, բայց հարցիս՝ իսկ թաղապետն աշխատանքից ազատվա՞ծ է, պատասխանել չկարողացավ: Իհարկե շատ լավ է, գերազանց, որ դրոշը փոխվել է. պետական խորհրդանիշների նկատմամբ բոլորս պետք է ուշադիր լինենք, հարգանքով վերաբերվենք, առավել եւս՝ պետական ծառայողները:

Երկակի ստանդարտները, սակայն, ընդունելի չեն: Եթե ՊԵԿ աշխատակցի վրա կարելի էր մուննաթ գալ ու աշխատանքից ազատվելու վճիռ կայացնել ոտքի վրա, ապա նման վերաբերմունքի պետք է արժանանան նաեւ մյուս չինովնիկները: Բնավ կողմ չեմ, որ փոշոտ կամ պատռված դրոշը ժամանակին չփոխելու համար մարդկանց անարգանքի սյանը գամեն ու հեռացնեն աշխատանքից, բայց եթե կա նախադեպ, ապա այն հատվածական չպետք է լինի:

Եթե հասկացել ես, որ սխալ ես արտահայտվել ու անտեղի որոշում կայացրել, ապա ոչ թե «բարի կամք դրսեւորել ու մարդուն աշխատանքի վերականգնել» է պետք, այլ ընդամենը կամք ունենալ ու խոստովանել՝ վրդովված եմ եղել, ներողամիտ եղեք:

Երբ քննադատում էինք, որ պատին հենած դրոշի համար մարդու հետ չի կարելի նման տոնով խոսել, փաշինյանամետները անարգանքի մի սյանն էլ մեզ էին գամում, թե «ինչպե՞ս կարելի է չհարգել պետական խորհրդանիշը»: Իսկ ու՞ր են այժմ պետականության համար մտահոգվածները, ինչու՞ են լուռ: Գուցե այն պատճառով, որ «թավշյա հեղափոխության» օրերին մարմնի փարթամ մասերը դրոշ-կրծկալով էին ծածկում կամ դրոշը որպես սփռոց ծառայեցնում թղթախաղի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում