կարևոր
931 դիտում, 14 ժամ առաջ - 2024-12-26 17:20
Քաղաքական

Գեղարքունիքի մարզպետը կկախի միան Սուրեն Պապիկյանի լուսանկա՞րը

Գեղարքունիքի մարզպետը կկախի միան Սուրեն Պապիկյանի լուսանկա՞րը

2026 թ․ ընտրություններից առաջ ներիշխանական ճամբարում տեղի ունեցող քաղաքական պաշտոնանկությունների ու բախումների ֆոնին Սուրեն Պապիկյանը կարծես թե «պլստում է»։ Ըստ մեր աղբյուրների՝ նա այս ընթացքում քողարկված ձևով ակտիվ աշխատում է իրեն հավատարիմ պաշտոնյաների հետ՝ սեփական թիմը ստեղծելու և իշխանափոխության դեպքում վարչապետի պաշտոնը ստանձնելու համար։ Այս օրվան հատկապես շատ մեծ ոգևորությամբ է սպասում Պապիկյանի «քավորությամբ» Գեղարքունիքի մարզպետ դարձած Կարեն Սարգսյանը։

Մարզպետարանի մեր աղբյուրներն ասում են, որ Սարգսյանը մարզպետ դառալուց հետո  իր աշխատասենյակում չի փակցրել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը (տե'ս կից լուսանկարը), իսկ դրա վերաբերյալ մտերիմների հարցերին անկաշկանդ պատասխանում է, թե՝ «երբ Պապիկյանը կդառնա վարչապետ, էդ ժամանակ նրա նկարը կլինի իմ աշխատասենյակում»։

Կարեն Սարգսյանը չի թաքցնում նաև 2021 թ. Սուրեն Պապիկյանի երաշխավորությամբ մարզպետ դառնալու հանգամանքը։ Ասում են՝ տարբեր խնջույքների ժամանակ գինովցած վիճակում գլուխ է գովում, թե Սուրեն Պապիկյանին ժամանակին այնպիսի լավություն է, որ Պապիկյանն ամբողջ կյանքը պիտի պարտական լինի իրեն։ Ըստ տեղեկություների՝ 2018 թ. առաջ Կարեն Սարգսյանը Պապիկյանի հարազատներից մեկի վիրահատության համար գումարով «պադերշկա» է արել։   

Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզպետը 2024 թ. փետրվարի 21-ին Մարտունու շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մատ էր թափ տալիս մարտունեցիների վրա, թե ինչու՞ այդ մարդիկ չեն սիրում երկիրն ու գնում են խոպան, սուտ և անիմաստ բաներ են խոսում, բղավում իր վրա և այլն: Փաստել էինք, որ մարզպետ Կարեն Սարգսյանն ինքն էլ էր բուհն ավարտելուց հետո գնացել խոպան, տասնյակ տարի մնացել Մոսկվայում, իսկ խոպանում, ըստ մամուլի տեղեկությունների, աշխատել է նաև ավտոլվացման կետում  (ժողովրդական լեզվով՝ եղել է «մոյշիկ»):  Մի զարմանահրաշ բան էլ էինք բացահայտել սույն խոպանչու կյանքից. պարզել էինք, որ այն բուհը, որտեղ, ըստ մարզպետի պաշտոնական կենսագրականի, 2016 թվականին ընդունվել և, ուշադրություն, մինչ օրս սովորում է մարզպետ Կարեն Սարգսյանը, գոյություն չունի այլևս:  

Մեկնաբանություն ստանալու համար Yerkir.am-ը զանգահարեց Գեղարքունիքի մարզպետարան։ Մեր այն հարցին՝ ինչո՞ւ մարզպետ Կարեն Սարգսյանը չի փակցրել Փաշինյանի նկարը, գլխավոր քարտուղարը չպատասխանեց՝ նշելով, որ այս պահին խորհրդակցություն է ընթանում: Նա առաջարկեց այս պարզ հարցը գրավոր ձևակերպել և ուղարկել, որպեսզի կարողանան «օպերատիվ պատասխան տալ՝ նկատի ունենալով, որ տարվա վերջ է, և ֆիզիկապես չեն հասցնում»: «Գերզբաղված» գլխավոր քարտուղարի պատասխանից պարզ էր՝ Կարեն Սարգսյանը չի փակցրել Փաշինյանի նկարը, այլապես՝ կարող էր հանգիստ հերքել և տրամադրել դա հավաստող լուսանկար:

Կարեն Սարգսյանն, իհարկե, Փաշինյանին իր հավատարմությունը ցույց տալու համար կշտապի հենց այսօր իսկ շեֆի նկարը կախել, ինչպես ԱԺ «ուսապարկերը», բայց թե դա որքանով կփրկի իրեն Փաշինյանի հերթական «սմս-պաշտոնանկությունից» օպերացիայից,  ցույց կտան առաջիկա օրերը։