Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
«Չաշխատող մարդուն, որը սկզբունքորեն չի աշխատում կամ, կներեք, եթե նույնիսկ աշխատում է ոչ երևացող դաշտում, մենք ինչո՞ւ ենք փող տալիս, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել: Այսօր ՀՀ-ում կա 754.431 չաշխատող թոշակառու և նպաստառու, այս մարդկանց մենք որտեղի՞ց ենք թոշակ տալիս՝ աշխատող մարդկանց շնորհիվ։ Դա սոցիալիզմի հետ կապ չունի, ապապետական սոցիալ-հոգեբանության արձանագրում է»․ սա ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից մի հատված է, որով, փաստացի, երկրի ղեկավարն իրեն ձայն տված երբեմնի հպարտ քաղաքացիներին համարում է ձրիակերներ և ուղիղ կերպով ասում՝ պետության վրա այլևս հույս չդնեք։ Սա այն դեպքում, երբ նույն Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ, երբ դեռ մեկ տարի չկար, ինչ վարչապետ էր, 15.02.2019 թ. կառավարության նիստում ասում էր. «Ռեալ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող մարդն աշխատելու պատճառով պետք է չզրկվի այդ համակարգից»։
Սա միակ փաստը չէ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է այլ բան, բայց մի որոշ ժամանակ հետո պնդում ճիշտ հակառակը։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը Հայաստանի Հանրապետությունում վերջին վեց տարում նվազել է ավելի քան 34,000-ով կամ 1.5 անգամ։ Եկեք ընդունենք, որ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը նվազել է ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը բարեկեցիկ, ապահով ու հարուստ երկրների շարքում է դասվել, այլ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը քնել, արթնացել ու հանկարծ որոշել է 754,431 թոշակառու և նպաստառու քաղաքացիները պարզապես ձրիակերներ են։
Փաստենք, որ 2024 թ․ հուլիսի 1-ի դրությամբ ընտանեկան նպաստ ստացել է 42,483 ընտանիք։ Նախորդ տարվա համեմատ՝ այս ընտանիքների թիվը նվազել է ավելի քան 5,800-ով կամ 12%-ով։ Ինչ վերաբերում է սոցիալական նպաստ ստացող ընտանիքներին՝ 2024-ի հուլիսի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմել է 22,710՝ նախորդ տարվա համեմատ պակասելով ավելի քան 800-ով կամ 3.6%-ով:
Նաև նշենք, որ ամենաշատ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները բնակվում են Գեղարքունիքի (16․5%), Շիրակի (15․8%) և Լոռու (14․6%) մարզերում, ամենաքիչը՝ Սյունիքում (3%) և Վայոց Ձորում (2․2%)։ Սոցիալական նպաստ ստացող ամենաշատ ընտանիքները Երևանում (26․3%), Լոռիում (18․4%) և Շիրակում (13․6%) են, ամենաքիչը՝ Արագածոտնում (3․5%) և Վայոց Ձորում (2%)։
Հերմինե Զեյնալյան