Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր երկճյուղ երկրի մի ճյուղը կտրելուց հետո, հայտնի անձնավորությունը մնացած ճյուղի կատարին մնալու համար իրար է անցել: Վախեցած է և չի թաքցնում դա: Եվ քանի որ երևակայությունը միայն մեղավորներ փնտրելու հարցում է զորում, սկսել է եռանդով գրոհել երկրի ու ժողովրդի հիմքերին՝ նրա պատմությանը, խորհրդանիշներին ու հիմնարար փաստաթղթերին:Իսկ հասարակությունը, ինչպես միշտ, շփոթված է, ո՞ր մեկը պաշտպանի: Նկատվում է, որ մարդիկ կարծես խմբերի են բաժանվում, մի մասը՝ հայոց պատմության գծով, մյուսը՝ սահմանադրության, և այսպես շարունակ:
Ամենևին չհավակնելով օրհներգի փոփոխության անհեռանկար մտադրության ամբողջական վերլուծությանն ու համակողմանի, գիտական եզրակացությանը, ընդամենը համեմատության համար ներկայացնենք մի քանի նկատառում, որոնք քաղել ենք՝ որոշ երկրների օրհներգերը դիտարկելով:
Թշնամու կերպարը: Ինչքան հասկացանք իշխանության ներկայացուցիչների «հիմնավորումներից», օրհներգի հետ կապված նրանց մտահոգությունները կապված են երաժշտության հետ, որը նրանց կարծիքով հայկական չէ (թե որն է իրենց պատկերացմամբ հայկականը, հայտնի չէ), տեքստն էլ օտարածին է, և ամենակարևորը՝ «թշնամի» բառը կա, որը դուր չի գա մեր ոխերիմ հարևաններին ու աշխարհի առաջադեմ երկրներին:
Մեր գործընկեր Անի Գասպարյանն արդեն հպանցիկ անդրադարձել է առաջադեմ երկրներից Միացյալ Նահանգների օրհներգին, որում նույնպես առկա է թշնամու ակնարկը: «Իսկ կարդացել ե՞ք ԱՄՆ օրհներգը, որտեղ է՛լ հրթիռներ ու ռումբեր են, է՛լ ամբարտավան թշնամի, է՛լ ճակատամարտ ու ավերածություններ, է՛լ արյունով թշնամու կեղտոտ հետքերի լվացում, է՛լ նվաճում ու պայծառ հաղթանակ…»: Իհարկե, ինչպե՞ս կարող էր չլինել թշնամու հիշատակումը, եթե երգի տեքստը ծնվել է ազատագրական պայքարի՝ անգլո-ամերիկյան դաժան պատերազմի ժամանակ, որը, ի դեպ, հենց Միացյալ Նահանգները հայտարարեց: Թշնամին Բրիտանիան էր, որը ներկայումս ամենևին էլ Նահանգների թշնամին չէ, թերևս ճիշտ հակառակը, և օրհներգը, որ պաշտոնապես ընդունվել է 1931 թ., առ այսօր չի խանգարում այդ երկրների հարաբերություններին:
Անցնենք Ֆրանսիայի օրհներգին՝ «Մարսելյոզին», որ դարձյալ պատերազմական մարտաշունչ երգ է, ստեղծվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ և կոչ է անում կռվի դուրս գալ ժողովրդի և հայրենիքի թշնամիների դեմ։ Այն Ֆրանսիայի օրհներգ է հայտարարվել 1795 թ. (մինչ այդ երգում էին՝ «Աստված պահապան թագավորին»): Այդ ժամանակվանից ի վեր՝ փաստորեն շուրջ 230 տարի, երկրում չորս անգամ հանրապետություն է փոխվել, ներկայումս հինգերորդ հանրապետությունն է, բայց օրհներգը մնացել է նույնը (1804-1815 և 1830-1848 թթ. ընդհատումով, երբ հանրապետական կարգը տապալված էր): «Ոտքի ելեք, հայրենիքի որդիներ /Եկել է փառքի օրը/ Մեր դեմ բարձրացված է բռնակալության արյունոտ դրոշը /ձեր գյուղերում լսո՞ւմ եք արյունարբու զինվորների մռնչյունը/նրանք ուղիղ ձեզ մոտ են գալիս/մորթելու ձեր տղաներին ու աղջիկներին/ Ի զեն, քաղաքացիներ/ Կազմեք գումարտակներ/Առաջ, առաջ/Թող անմաքուր արյունով ներծծվեն մեր դաշտերը» և այլն: [Այս և մյուս թարգմանությունները մեքենայական են և չեն հավակնում բացարձակ ճշգրտության:] Սրա համեմատ՝ մեր «թշնամու դեմ փողփողացող դրոշը» ընդամենը քնքուշ գեղգեղանք է:
Բավական հետաքրքիր է Թուրքիայի օրհներգը, դարձյալ մարտաշունչ, դարձյալ թշնամու դեմ պայքարելու, կյանքը հայրենիքի համար զոհելու մասին: Եվ մանավանդ հետևյալ տողերը. «Մի վախեցիր ոռնոցից, Եվրոպայի հրեշը կատաղի է/Բայց քիմերայի ոռնոցը կամքը չի խեղդի/Եվ նրա վերջին փտած ատամը բութ է…/ Եղբայրներ, չթողնեք, որ հրեշը մտնի մեր տան շեմը… Թույլ մի տվեք, որ թշնամու ձեռքը դիպչի աղոթքի վայրերին. թող ազանը միշտ հնչի իմ երկրում…»:
Եվ այս երգը չի խանգարել, որ Թուրքիան ներկայումս սերտ հարաբերություններ ունենա «հրեշ» Եվրոպայի հետ, ժամանակին Եվրոպայի երկրներից մեկի հետ դաշնակից լինի, Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ դառնա և տասնամյակներ շարունակ պայքարի Եվրոպական միության անդամ դառնալու համար:
Այսպիսով, եթե ընդհանրացնելու լինենք, շատ երկրների, այն էլ հզոր երկրների օրհներգերը ընդհանություն ունեն, դրանք փառաբանում են տվյալ երկրի դրոշը և կոչ են անում կռվել թշնամու դեմ, չվախենալ, չընկրկել, չխնայել դրա համար սեփական կյանքը, պաշտպանել երկիրն ամեն տեսակ ոտնձգություններից:
Փաստորեն աշխարհում ընդունված չէ փոխել օրհներգերը՝ ելնելով ժամանակավորապես իշխանության եկած քաղաքական գործիչների գեղագիտական ճաշակից կամ նրանց հոգեբանական բարդույթներից և կամ տվյալ պահի իրավիճակից: Պետական օրհներգերի փոփոխության բոլոր դեպքերը կապված են սոսկ պետության կառավարման կարգի արմատական փոփոխության հետ: Ինչպես օրինակ՝ երբ Հայաստանը անկախացավ՝ դուրս գալով Խորհրդային Միության կազմից:
Ուրեմն օրհներգի ի՞նչ փոփոխության մասին է խոսքը: Ի՞նչն է փոխվել: Մի՞թե օրհներգն էր պատճառը, որ հանրապետությունը հայտնվել է այսպիսի օրհասական վիճակում, իսկապես «թշվառ ու անտեր», որը ջնջել էինք ու տեղը գրել՝ «ազատ ու անկախ»: Հիմա էլ օրհնե՞րգն է մեղավոր: Բայց չէ՞ որ այդ օրհներգով մենք պատերազմ ենք հաղթել՝ առաջին Արցախյան պատերազմը: Օրհներգով չէ, որ հաղթում են երկրները և սաստում թշնամուն, այլ ճիշտ առաջնորդով՝ երկիրը պաշտպանելու կամքի տեր առաջնորդով, որը չի վախեցնում իր ժողովրդին պատերազմի ուրվականով և խելամիտ ռազմավարությամբ ու հմուտ դիվանագիտությամբ ամեն ինչ անում է, որ բանը չհասնի պատերազմին:
Այնուամենայնիվ, ցանկալի է, որ ներկայիս օրհներգում մի փոփոխություն արվի:
Միացյալ Նահանգների օրհներգում խոսք կա ոչ միայն արտաքին թշնամուն, այլև ներքին թշնամուն ջախջախելու մասին (հնդկացիների մի մասը կռվում էր անգլիացիների կողմից): «Ո՞ւր է այն մարդասպանների բանդան, որ պարծեցավ, թե պատերազմի բոցերի պես ու խառնաշփոթի ոգով մեզ նորից պառակտված ամբոխ կդարձնեն: Արյան մեջ պատասխան տվեցին իրենց կատարած հանցագործությունների համար: Ձեզ համար ապաստան չկա, վարձու ստրուկների զորքեր, քո գերեզմանն ավերվելու է, ամեն մեկին իր պատիժն է հասնելու: Միայն մեր աստղազարդ դրոշը երբեք չի մեռնի, որտեղ քաջերի տունն է, որտեղ ազատ է»,- ասվում է երգում:
Ցանկալի է, ո՛չ, պարտադիր է, որ մեր օրհներգում էլ կոչ լինի ներքին թշնամու նկատմամբ անողոք հաշվեհարդարի մասին, քանզի, ինչպես զգուշացնում էր Թումանյանը, փրկությունը սկսվում է նախ ներքին թշնամուն չեզոքացնելուց:
Աղբյուրը՝ ankakh.com-ի