Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ անդամ, ռեյտինգային ցուցակով Կենտրոն վարչական շրջանում առաջադրված թեկնածու Բագրատ Եսայանն անդրադարձավ քարոզարշավին:
Ըստ նրա` կուսակցությունները քարոզարշավի ներկայանում են իրենց ուժերի ներածին չափով, որոշ տեղերում հանդիպումները կարող են լինել ավելի կամ պակաս մարդաշատ:
Հարցին, թե ինչո՞ւ պետք է ընտրեն Դաշնակցությանը, Բագրատ Եսայանը պատասխանեց. «Եթե Հայաստանում կա քաղաքական ուժ, դա ՀՅԴ-ն է: Ուրախ եմ, որ Դաշնակցության գաղափարները ժամանակի ընթացքում իրագործվում են, թեև ՀՅԴ-ն չունի մեծամասնություն խորհրդարանում: Եվ ես հույս ունեմ, որ այս անգամ ժողովուրդն իր ձայնը կտա Դաշնակցությանը, որովհետև այսօրվա քաղաքական իրականության մեջ չկա մի գաղափար, որը Դաշնակցությունը իրականացրած չլինի, այն է` սահմանադրական փոփոխություններ, խորհրդարանական կառավարում: Որքան էլ հարգեմ անհատներին, նրանք չեն կարող շատ բան որոշել խորհրդարանական կառավարման համակարգում: Այդ առումով որոշ անհատներ ասես հետ են մնացել այսօրվա իրականությունից, որովհետև այսօր ընտրությունը պետք է կատարվի քաղաքական թիմերի ու ծրագրերի միջև»:
Ըստ Բագրատ Եսայանի` ՀՅԴ-ն մեկ օրվա քաղաքական ուժ չէ, այն գոյություն ունի երեք դարերի մեջ, ուստի չի կարող կարճաժամկետ նպատակներ ներդնել: ՀՅԴ-ն քաղաքական ուժ է, որը պատասխանատվություն է կրում ասածների համար, չէ՞ որ հինգ տարի հետո Դաշնակցությունը չի վերանալու և պետք է պատասխան տա խոստումների համար:
Բագրատ Եսայանը օրինակ բերեց մի դրվագ Վահան Հովհաննիսյանի կյանքից, երբ նա գտնվում էր բանտում: Նրան այդ ժամանակ համագործակցության տարբեր առաջարկներ են արել, քաղաքականությունից հեռանալու առաջարկ են արել, սակայն Վահան Հովհաննիսյանը չի համաձայնել` ասելով. «Եթե ես մենակ լինեի, ոչ մի կուսակցություն չներկայացնեի, կարող է մտածել այդ առաջարկների կամ համագործակցության մասին: Բայց որ 105 տարվա կուսակցություն եմ ներկայացնում, ու դատում են այդ կուսակցությանը` ի դեմս ինձ, ապա ես պատասխանատվություն եմ կրում»:
Բագրատ Եսայանի խոսքով` խոստում տվողներն էլ չեն գիտակցում մինչև վերջ, որ արդեն ապրում են խորհրդարանական կառավարման համակարգում, երբ ամեն տարի պետք է հաշվետվություն ներկայացնեն ու բացատրեն, թե ինչու չկատարեցին այս կամ այն խոստումը:
Ըստ նրա` չպետք է կրկնվեն այնպիսի իրավիճակները, երբ քաղաքական կուսակցությունը, օրինակ` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, մասնատվում են, և ժողովւրդը վերջում չի հասկանում` ումից ինչ պահանջի:
«Ժողովուրդը պետք է ընտրի քաղաքական կայուն ուժի, որ հետո էլ կարողանա նրանից պահանջել: Մասնատված ուժերի դեպքում ումի՞ց պահանջի ժողովուրդը: Երբ նախագահական համակարգ էր, էլի մեղադրանքները նույնն էին, թե փող են բաժանում, դարձանք կիսանախագահական, հետո` խորհրդարանական, էլի ասում են, թե փող են բաժանում: Ասես հին ռելսերից չենք իջնում: Ոչ թե անձին պետք է ընտրել, այլ քաղաքական կայուն ուժին, նրանց ծրագրերը: Կոչ եմ անում որևէ թեկնածուի ընտրելիս ընտրել քաղաքական թիմին, հասկացեք` այդ անձը ինչ ուժ է ներկայացնում, արդյո՞ք անհատի շուրջ հավաքված թեկնածուներ են, երբ այդ անհատը չլինի, այդ թեկնածուները կդավաճանե՞ն այդ ուժին, թե՞ ոչ»,- ասաց Բագրատ Եսայանը: