Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարիներ առաջ, երբ թույլատրելիության սահմաններում հրապարակվեց Ադրբեջանի ռազմական դոկտրինը, պարզ դարձավ, որ Ադրբեջանն իր ամենամեծ թշնամի համարում է Իրանը: Ճիշտ է, կարճ ժամանակ անց ադրբեջանցիներն ուղղեցին այս «սխալը», մասնավորաբար` Բաքվի փողոցներում մարդիկ ցույցի դուրս եկան, որի ընթացքում, որպես Ադրբեջանի թշնամիներ, նշվեց երեք ազգ. ադրբեջանցիները վանկարկում էին` «ռուսի, պարսի, էրմանի, Ազերբաջան դուշմանի» (ռուսները, իրանցիները եւ հայերը Ադրբեջանի թշնամիներն են): Թեեւ որպես Ադրբեջանի թշնամի նշվեցինք նաեւ մենք, ես անկեղծորեն սկսեցի նախանձել նրանց, որովհետեւ նրանք հստակ գիտենք, թե ովքեր են իրենց թշնամիները: Ինչո՞ւ է սա կարեւոր:
Նախ` որովհետեւ, եթե դու արդի աշխարհում որեւէ թշնամի չունես, ուրեմն կա'մ չես ապրում, կա'մ ինքնախաբեությամբ ես զբաղված, կա'մ գոյություն չունես` որպես ինքնուրույն, անկախ սուբյեկտ, այլ մեկ այլ պետոթյան տրամադրության տակ ես, հետեւաբար, ինքդ քո թշնամիները չունես, կամ էլ իշխանություններդ ի վիճակի չեն պարզել, թե ովքեր են երկրիդ թշնամիները: Արդյունքում` հաճախ բարեկամը թշնամի է դառնում:
Հետեւաբար, թշնամի ունենալը բարեկամ ունենալու պես կարեւոր է: Եթե դու թշնամի չունես, ուրեմն ճիշտ չես ապրում: Եվ ամենակարեւորը` եթե դու քո թշնամուն ամենեւին էլ որպես թշնամու չես վերաբերվում, ապա կարելի է տեսնել, թե ինչպես է թշնամիդ օգտվում քո թուլությունից, ինչպես հայտնի անեկդոտում` երբ երկար եւ ժպտալով նայես գեղեցիկ աղջկա, ապա կարող ես տեսնել, թե ինչպես է նա ամուսնանում:
Ուրեմն ո՞վ կամ ովքե՞ր են մեր թշնամիները: Սա պարզելու համար երկու ճանապարհ կա` հարցնում ենք իշխանությանը, հարցնում ենք ժողովրդին: Վերջինս գրեթե վստահաբար կասի` թուրքերը, հասկանալի է` նկատի ունենալով նաեւ կամ նախեւառաջ ադրբեջանցիներին:
Ճիշտ է, կլինեն մարդիկ, հատկապես` հիմա, ովքեր կասեն` ռուսները, շատերը գուցե պնդեն, որ Արեւմուտքը, այդ թվում, ենթադրենք, պորտուգալացիներն եւ իսլանդացիները, իսկ առանձնահատուկները կարող են տալ անգամ Մոլղոլիայի կամ Հասարակածային Գվինեայի անունները: Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա նրանք բազմիցս եւ ամենաբարձր մակարդակով են հայտարարել, որ Հայաստանը, այսինքն` մենք, թշնամի չունի:
Մարդասիրությո՞ւն է սա, արդյոք, անշուշտ: Բայց մեզ վրա գրեթե ամեն օր կրակող իրական թշնամու պարագայում համաժողովրդական զգոնության կորո՞ւստ է նաեւ սա, անխոս: Ուրեմն հատկապես հիմա, երբ ինչպես նախագահ Սարգսյանն է ասում` «թող ոչ ոք չմտածի, թե մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն... », շատ կարեւոր է ի լուր աշխարհի հայտարարել, որ Ադրբեջանը, որտեղից էլ կոնկրետ արհավիրքը գալիս է, մեր թշնամին է, որին, ճիշտ է, մենք պատրաստ ենք եւ կարող ենք ու պետք է հաղթենք, բայց որից պետք է նաեւ զգուշանալ: Նրանք, օրինակ, մեզանից զգուշանում են, թեկուզ միայն այն պատճառով, որ մենք նրանց համար վաղուց արդեն պետականորեն ընդունված թշնամի ենք: Ադրբեջանին թշնամի հայտարարելը կարող է անգամ առաջին քայլը դառնալ` մեր բոլոր թշնամիներին իրենց անուններով կոչելու համար:
Ու մի կարեւոր բան` թշնամին նա է, ով խլել է կամ ցանկանում է խլել այն, ինչը մերն է` անկախ նրա մասշտաբից, տեսակից եւ քանակից: Ուրեմն` Ադրբեջանը մեր թշնամին է, բայց ոչ միայն Ադրբեջանը:
Հովիկ ԱՖՅԱՆ