Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Արցախյան պայքարի և Հայաստանի անկախացման գործընթացի ճանապարհով Հայաստանում իշխանության եկած ուժի հակախորհրդային տրամադրությունները սահուն կերպով վերափոխվեցին հակառուսական կողմնորոշման։ Շատ շուտ պարզ դարձավ, որ Ռուսաստանին հեռու վանելու և դեպի արևմուտք շրջադարձի ճանապարհը պետք է անցնի Ադրբեջանի և, հատկապես, Թուրքիայի հետ եղբայրության մայրուղով։ Պատահական չէր, որ անկախ պետության առաջին ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը վերածվեց իր իսկ գլխավորած շարժման նպատակների հակառակորդի, պատերազմին հակադրեց խաղաղության գաղափարը և հայտարարեց, թե խաղաղության պետք է հասնել ամեն գնով։ Իր հերթին Թուրքիան, լավ հասկանալով, թե ինչ բարդ խնդիր է ինքն իր առջև դրել Հայաստանի ղեկավարությունը, որպես մերձեցման գին նրա առջև դրեց ծանր պայմաններ, որոնք վերաբերում էին Արցախի հարցի ադրբեջանանպաստ լուծմանը, ցեղասպանության հարցից հրաժարմանը, միմյանց տարածքային ամբողջականության, իսկ ավելի կոնկրետ, առկա սահմանների ճանաչմանը և այլն։ Միաժամանակ պատերազմող Հայաստանը չէր կարող կապերը խզել Անդրկովկասի նկատմամբ քաղաքական ազդեցությունը պահպանող Ռուսաստանից, նկատի ունենալով նաև տնտեսական մեծ կախվածությունը։
Այնուամենայնիվ, կառավարման գրեթե ողջ ընթացքում Հայաստանի իշխանության այս ոչ հեշտ կացությունը հնարավոր եղավ պահպանել, որովհետև Ռուսաստանի ղեկավարն ինքը Արևմուտքի դուդուկի տակ էր պարում։ Ռուսաստանի քաղաքական ընդերքից ազգային տրամադրությունների աճը սկսեց վերափոխել իշխանությանը, մասնավորապես Հայաստանի իշխանության համար փոքրացնելով երկու լարի վրա խաղալու հնարավորությունը։ Իշխանության անակնկալ փոփոխությամբ Հայաստանի իշխանության համար ուրբաթը շաբաթից շուտ եկավ, իսկ Ռուսաստանը Հայաստանի ղեկավարի և նրա թիմի ճակատագրի նկատմամբ կրավորականություն դրսևորեց։ Անդրադառնալով երեք տասնամյակ առաջվա իրադարձություններին՝ ցանկանում ենք ցույց տալ այն բազմաթիվ նմանությունները, որոնք մինչ այս պահը գոյություն ունեն ՀՀՇ-ական և նրա քաղաքական ժառանգորդ ՔՊ-ական իշխանությունների միջև։
Նմանություններից մեկն էլ երկու իշխանությունների քարոզչամեքենաների հետևողական ճիգն է հայ հանրությանը համոզելու, թե Ռուսաստանը կործանման ճանապարհին է, և Հայաստանը հարկադրված է փնտրելու այլընտրանքներ։ Թերևս այն տարբերությամբ, որ ազգային շահերը ավելի զգոն գիտակցող այն օրերի հասարակությունը չվարակվեց հակառուսականությամբ, ինչը տեղի ունեցավ, երբ ՔՊ-ական իշխանությունը պատերազմում կրած խայտառակ պարտության մեղքը բարդեց ընդդիմության և Ռուսաստանի վրա։
Հայաստանի նոր իշխանությունը, երբեք չհավատալով ու հաշվարկ չանելով սեփական ժողովրդի վրա, փորձեց Արևմուտքի միջնորդությամբ դուրս բերել հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացը ռուսական միջնորդության դաշտից և, բերելով Արևմտյան ազդեցության ներքո, վերջինիս միջոցով պարտադրելու Ադրբեջանին կնքել խաղաղության պայմանագիր։ Ադրբեջանը, սակայն, սթափ գնահատելով Ռուսաստանի հնարավորությունների ներուժը, ցույց տվեց, թե շարունակում է հավատարիմ մնալ վերջինիս միջնորդական դերին և փաստացի ընդդիմանում է նախաձեռնությունը խլելու արևմտյան ջանքերին: Միաժամանակ շարունակելով թուրքական ավանդական քաղաքական գիծը լավ հարաբերություններ է պահպանում Արևմուտքի հետ այդ հարաբերությունները ցեմենտելով իր տնտեսական, հաղորդակցական և տարածաշրջանային առավելություններով։
Մյուս կողմից, Արևմուտքը Հայաստանին հստակորեն հասկացրել է, որ իր հետ լինել՝ Հայաստանի համար նշանակում է, մաս կազմել այն սցենարին, որն Արևմուտքը ցանկանում է իրականացնել տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով։
Այս բարդ կացությանը վերջին շրջանում ավելանում է այն հանգամանքը, որ պատերազմում դրական հստակության հասնելով և Արևմուտքի դիմաց իրեն ավելի ինքնավստահ զգալով՝ Ռուսաստանը, ինչպես պատահել է 30 ու 100 տարի առաջ, փորձում է վերականգնել իր դերակատարությունն անդրկովկասյան տարածաշրջանում։ Ասվածի վկայություններն են տարբեր առիթներով Նիկոլ Փաշինյանին Ռուսաստան մեկնելու հրավերները, որոնք նա չի կարողանում մերժել, տարբեր հայտարարությունները հայ-ադրբեջանական հարաբերություններում Ռուսաստանի միջնորդական դերի մասին և, գործնական քայլ որպես, սույն թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։ Հայաստանի իշխանությունը, չնայած լիակատար անձնատվությանը Արևմտաթուրքական դաշինքին, չի կարող հաշվի չնստել այն փաստի հետ, որ Հայաստանը տնտեսական, էներգետիկ և այլ կենսական կապերով կապված է Ռուսաստանի հետ։ Պահի թելադրանքով գրկից-գիրկ թռչելու այս քաղաքականությունը ոչ միայն ոչնչի է հավասարեցրել Հայաստանի իշխանությանը, այլև երկիրը դուրս է դրել պատմական փոփոխությունների այն գործընթացից, որի մեջ շատ երկրներ ձգտում են գտնել ու պաշտպանել սեփական շահերը։
Հայաստանի իշխանության նեղ կացությունը տեսնելով՝ ադրբեջանցիներն ու թուրքերը մղում են նրան նորանոր զիջումների։ Իշխանությունը ակնդետ հետևում է ԱՄն-ում տեղի ունեցող նախընտրական գործընթացներին, Վրաստանում ծավալվող իրադարձություններին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական այլ գործընթացներին՝ դրանցում անուղղակի և ուղղակի վտանգներ տեսնելով իր համար։ Մյուս կողմից, Ռուսաստանի դիրքորոշումների կարծրացման ու գործնականացման պայմաններում իշխանությունը սարսափով է նայում դեպի հյուսիս, և մղձավանջային երազներ է տեսնում, թե ինչպես է Ռուսաստանը հեղաշրջում կազմակերպում և տապալում իրենց։ Հայաստանի ղեկավարն ու իշխանախումբը, հեռու լինելով ազգային շահերի գիտակցությունից և վեց տարվա ընթացքում փաստացի տապալելով ամեն գործ, ինչին առնչվել են, հիմա ունեն մեկ գլխավոր մտահոգություն՝ ինչպես պահպանել իշխանությունը, իշխանության միջոցով սեփական անձերը պաշտպանելու համար։
Քանի դեռ կարող են իրենց օգտին ընտրություններ կազմակերպել, նրանք դռնից դուռ ընկած, անգամ թուրքերի միջնորդությունն են մուրում, որպեսզի Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքի։ Այս ոչինչ չարժեցող թղթի կտորը նրանց անհրաժեշտ է արտահերթ ընտություններ անցկացնելու համար, որպեսզի ընտրողին ասեն, թե 2021 թվականին չեն խաբել, խաղաղության տեսքով ահա իրականացրել են «Ապագա կա» կարգախոսը։ Սրա կողքին ժողովրդին ևս մեկ անգամ խաբելու գայթակղիչ խաղալիք են դարձրել, Եվրամիությանը և անգամ ՆԱՏՕ-ին միանալու ցնորական հեռանկարը։ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ մեկ անգամ ևս հաղթելով ընտրություններում, ձեռքերը ազատ կլինեն նորանոր զիջումների համար, երկրի ներսում անելու համար ցանկացածը՝ հասնելով արտաքին ուժերի մեկ դեպքում՝ աջակցությանը, մեկ այլ դեպքում՝ հարկադրված չեզոքությանը։ Իր նպատակին հասնելու համար իշխանությունը գնում է հապշտապ քայլերի՝ ոտնահարելով երկրի հիմնական շահերը, անտեսելով որևէ կարծիք երկրի ներսում, ինչպես և ոտնահարելով պետության հիմնական օրենքները։ Խորհրդարանական ընդդիմությանը հրաժարականի դրդելու խաղը նույնպես թելադրված է իշխանական կուլիսներից, որպեսզի գործող վարչապետը կարողանա ազատորեն երկու անգամ հրաժարական տալ, այդ ընթացքում ոչ ոք չառաջադրվի հանկարծ և ձեռք բերի արտահերթ ընտրություններ անցկացնելու իրավունք։
Այո, աշխարհը մեծ փոփոխությունների շրջապտույտի մեջ է, սակայն ամենաճակատագրական իրողությունները սեփական իշխանությունների ձեռքով պատուհասում են հայ ժողովրդին։ Արդյոք չի՞ ուշանալու չտրորված ճանապարհով երկիրն անդունդից դուրս բերելու քաղաքական գալիքը։