կարևոր
376 դիտում, 53 րոպե առաջ - 2025-12-05 14:03
Քաղաքական

Իշխանությունը բռնաճնշումներով կարող է վախ սերմանել, բայց դրանով բարձրացնում է հասարակական ընդվզման ներուժը․ Քրիստինե Վարդանյան

Իշխանությունը բռնաճնշումներով կարող է վախ սերմանել, բայց դրանով բարձրացնում է հասարակական ընդվզման ներուժը․ Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է բռնաճնշումներին՝ գրելով․

«Բռնաճնշումները երկսայր սուր են։

Իշխանությունը կարող է դրանցով վախ սերմանել, բայց նույն գործողություններով անխուսափելիորեն բարձրացնում է հասարակական ընդվզման ներուժը։ Այսօր Հայաստանում ձևավորված վախի միջավայրը իրական է․ մենք բոլորս ունենք ծանոթներ, նույնիսկ հարազատներ, ովքեր վախենում են անգամ սոցցացներում գրառումներ հավանել, վախենում են ընդդիմության հետ ասոցացվելուց, որովհետև իրենցից յուրաքանչյուրը անձնապես գիտի մեկին ում աշխատանքից հեռացրել են ընդդիմադիրի գրառում հավանելու, հետապնդել են հավաքներին մասնակցելու համար։ Աշխատանքից ազատումներ, ճնշումներ՝ սա ոչ թե մեկ-երկու դեպքի շարան է, այլ մեթոդ և փաստ, որի հետ պետք է հաշվի նստել։

Բայց այստեղ կա նաև մեդալի հակառակ կողմը։ Այսպիսի քայլերով իշխանությունն անխուսափելի ավելացնում է հանրային ատելության աստիճանը։ Ճնշումները կուտակում են ոչ թե հնազանդության, այլ ատելության պաշար։ Այդ պաշարը քաղաքական ուժ է դառնում այն պահին, երբ մարդիկ տեսնում են, որ իրենց մասնակցությունը կարող է արդյունք տալ։

Սա հենց այն կետն է, որտեղ մեր ամենամեծ մարտահրավերը դառնում է հուսալքության հաղթահարումը։ Մարդկանց ցույց տալը, որ իրավիճակից դուրս գալու ճանապարհը գոյություն ունի, և այն անցնում է իրենց մասնակցությամբ։ Քանի դեռ նրանք մասնակցությունից հրաժարվում են, իշխանության հաշվարկը աշխատում է՝ փոքրամասնության կազմակերպված ռեսուրսը հնարավոր է ներկայացնել որպես «ժողովրդի կամք»։

Վաղարշապատի օրինակը դրա վառ ապացույցն էր։ Մոտ 40 տոկոս մասնակցության պարագայում ՔՊ-ի մոտ 20 տոկոս ձայները վերածվեցին 48 տոկոսի։

Իշխանությունը դա մեկնաբանեց որպես «լիակատար վստահություն»՝ դրանից հետո էլ ավելի սանձարձակ քայլեր կատարելով։ Մինչդեռ հենց Վաղարշապատում ՔՊ-ին ձայն տվածների մեծ մասը, վստահ եմ, համաձայն չէ այսօր կատարվողի հետ։ Իսկ չմասնակցածների մեջ գերակշիռ են նրանք, ովքեր ընդհանրապես չեն ընդունում տեղի ունեցողը, բայց չեն հավատացել, որ իրենց մասնակցությամբ հնարավոր էր կանխել արդյունքը։

Մինդեռ մի քանի տոկոս մասնակցության տարբերությունը կարող էր արմատապես փոխել այս պատկերը։

Ուրեմն իրական մարտահրավերը մարդկանց ներգրավվածության խնդիրն է։ Մեր խնդիրն է, բացատրել, որ մասնակցությունն է իրական պատասխանն այս բռնաճնշումներին, իրենց ներկայությունն է կասեցնում իշխանության վերարտադրության մեխանիզմը։

Երբ մասնակցությունը կա, իշխանության այս ողջ մարտավարությունը փլվում է։ Սա է առանցքային ճեղքման կետը»։