կարևոր
781 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-05 12:02
Հասարակություն

Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ պատարագին ես հաստատ չեմ լինելու․ Նարեկ Սրբազան

Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ պատարագին ես հաստատ չեմ լինելու․ Նարեկ Սրբազան

24News-ը գրում է «Առավոտյան Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով հայտարարեց, որ կիրակի օրը Սուրբ և Անմահ պատարագի է մասնակցելու Գյումրու Յոթ Վերք եկեղեցում։

Չնայած մամուլում տարածված տեղեկատվությանը՝ Փաշինյանը պատարագի պետք է մասնակցեր Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնա կամ Ամենափրկիչ եկեղեցիներում՝ կախված նրանից, թե որտեղ կհամաձայնեն զեղչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը երեկ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց՝ որտեղ ինքը մասնակցում է պատարագների, չի կարող հնչել Գարեգին Բ-ի անունը։ Ինչի առնչությամբ էլ ԱԱԾ աշխատակիցները երկու օր է՝ այցելում են եկեղեցիներ, «համոզում» քահանաներին։

Դեռ երկու օր առաջ Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռուբեն քահանա Գասպարյանը 24News-ի հետ զրույցում հաստատել էր մեր տեղեկությունը, որ իրեն ԱԱԾ աշխատակիցներն են այցելել։ Քահանան նաև երաշխավորել էր, որ իր մատուցած պատարագի ընթացքում չի զեղչելու Կաթողիկոսի անունը․
«Ես 25 տարի տվել եմ Վեհափառի անունը և պիտի տամ, քանի գործող Հայրապետ է, ինչպես նաև Սրբազանի անունը (խմբ. – Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի)»։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո 24News-ը կապ հաստատեց Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի հետ, հետաքրքրվելու՝ արդյոք նա մասնակցելո՞ւ է և ո՞վ է մատուցելու Սուրբ և Անմահ պատարագը․

«Ֆեյսբուքից իմացա, որ գալու է Յոթ Վերք, երեկվանից ես վատառողջ եմ, կարելի է ասել՝ անկողնային, ես հաստատ չեմ լինելու և որևէ ինֆորմացիա չունեմ, որ ձեզ փոխանցեմ»։

Եպիսկոպոսի խոսքով, իրեն ոչինչ չեն ասել, թե ով է պատարագ մատուցելու Յոթ Վերք եկեղեցում․

«Ճշտվում է, ես առնչություն չունեմ, որ ձեզ ինֆորմացիա փոխանցեմ»։

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 7-ին Գյումրու ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է»։